- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասթուման (այլ կիրառումներ)
Աբասթուման (վրաց.՝ აბასთუმანი) լեռնակլիմայական կուրորտային քաղաքատիպ ավան Վրաստանի հարավում, Սամցխե-Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Ախալցխա երկաթուղային կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287 կմ արևմուտք։
Անվանում
Անվանումն առաջացել է վրացերեն հաբազ «հացթուխ» և ուբանի «թաղամաս» բառերից։ Պարսկական տիրապետության շրջանում վերաիմաստավորվել է աբասի և թուման դրամական միավորների անուններով։ Հին անվանումն է Օձխե, որն առաջացել է վրացերեն օձխիս «արջի որս» և խևի «կիրճ» բառերից[4]։
Աշխարհագրություն
Գտնվում է Մեսխեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Օձխե գետի (Կուրի ավազան) կիրճում, 1250-1450 մետր բարձրության վրա։ Աբասթումանի մոտ՝ Կանոբիլե լեռան վրա (բարձրությունը՝ 1650 մ) գտնվում է Աբասթումանի աստղադիտարանը։
Շրջակա լեռները ծածկված են փշատերև անտառներով։ Ունի տաք ջրեր (40 °C-48 °C)։ Առողջարանում բուժում են թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը և դրան ուղեկցող հիվանդություններ (հոդերի, ծայրամասային նյարդային համակարգության, կանացի)։ Առողջարանը գործում է ամբողջ տարին։
Բնակչություն
1907 թվականին ուներ 418, 1969 թվականին՝ 5000 բնակիչ՝ վրացիներ և հայեր[5]։
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։
|