Բեյբ Ռութ
Ջորջ Հերման Ռութ կրտսեր (անգլ.` George Herman Ruth, Jr., փետրվարի 6, 1895[1][2], Բալթիմոր - օգոստոսի 16, 1948[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի որպես Բեյբ Ռութ (Babe Ruth), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ-աութֆիլդեր, ով շուրջ 22 մրցաշրջան (1914–1935) անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Բոստոն Ռեդ Սոքս», «Նյու Յորք Յանկիս» և «Բոստոն Բրեյվզ» ակումբներում։ Հայտնի է եղել նաև «Մեծն Բամբինո» և «Հարվածի սուլթան» մականուններով։ 1914-1919 թվականներին հանդես է եկել «Բոստոն Ռեդ Սոքս» ակումբում՝ դառնալով ակումբի առաջատար մարզիկը։ 1920 թվականին «Ռեդ Սոքսի» ղեկավարությունը որոշում է ընդունում վաճառել Ռութին, ով տեղ է գտնում «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ռութի տեղափոխումից հետո «Ռեդ Սոքսը» ունենում է անհաջողությունների տասնամյակ, որը բեյսբոլային պատմության մեջ մտնում է որպես Բամբինոյի անեծք (the curse of the Bambinо)։ Ռութը հեռանում է սպորտային կարիերայից 1935 թվականին։ Մեկ տարի անց դառնում է Բեյսբոլի ազգային փառքի սրահի անդամ։ Ըստ տարբեր վարկանիշային աղյուսակների և հարցումների՝ Ռութն համարվում է բոլոր ժամանակների լավագույն բեյսբոլիստներից մեկը. 1998 թվականին «Սպորտինգ նյուզ» հանդեսը «100 մեծագույն բեյսբոլիստների» աղյուսակում Ռութին շնորհեց առաջին հորիզոնականը[3], 1999 թվականին բեյսբոլի երկրպագուները Ռութին հատկացրեցին MLB-ի բոլոր ժամանակների թիմի անդամի տիտղոսը[4]։ 1969 թվականին՝ պրոֆեսիոնալ բեյսբոլի 100-ամյակի կապակցությամբ նրան է շնորհվում երբևէ դաշտ դուրս եկած մեծագույն բեյսբոլիստի կոչումը։ 1993 թվականին «Ասոշիեդ պրեսը» հայտնում է, որ Մուհամեդ Ալին և Բեյբ Ռութը գտնվում են հավասար հորիզոնականների վրա՝ որպես ամենաճանաչված ամերիկյան մարզիկներ[5]։ 1999 թվականին «ESPN»-ը Ռութին շնորհում է 20-րդ դարի երկրորդ լավագույն ամերիկացի մարզիկի կոչումը՝ զիջելով միայն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին[6]։ 1920 թվականին Նյու Յորքի պոլոյի խաղադաշտում Բեյբ Ռութը իր 50-րդ հաղթանակած մականը պաշտոնապես նվիրում է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ, հայուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին, որից հետո այդ մականը հանվում է բարեգործական աճուրդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար[7]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|