ԳիտակցությունԳիտակցություն, օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև։ Գիտակցությունը մարդկության ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում ձևավորված զգայական (սենսոր), ինտելեկտուալ, կամային և հուզական գործընթացների համակարգ է, որոնք ուղղված են մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։ Դա մարդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևն է։ Գիտակցության բովանդակությունը հանդիսանում է զգայությունների, ըմբռնման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով ձեռք բերված և խոսքի ու լեզվի միջոցով ամրապնդված գիտելիքների ամբողջությունը։ Գիտակցությունը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքն իրեն, դառնալ գործունեության սուբյեկտ, անձնավորություն։ Գիտակցության միջոցով անհատը տարբերակում է «Ես»-ը «ոչ-Ես»-ից, իրեն շրջապատող աշխարհից, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեփական անձը, իր հոգեկան գործունեությունը ուղղել իր վրա։ Գիտակցության այն կողմը, որի միջոցով անհատը ճանաչում է ինքն իրեն, դառնում սեփական իմացության օբյեկտը, կոչվում է ինքնագիտակցություն։ Գիտակցության բարձրագույն մակարդակը հանդիսանում է բանականությունը։ Գիտակցությունը սերտորեն կապված է խոսքի հետ և բարձրագույն ձևերում առանց դրա գոյություն չունի։ Ի տարբերություն զգայությունների և ըմբռնման, պատկերացումների և հիշողության գիտակցական արտացոլումը իմաստավորված է, այսինքն՝ խոսք-հասկացությունների միջոցով ձեռք է բերում որոշակի իմաստ[1]։ ՆյարդաֆիզիոլոգիաՄարդը կենդանիներից որակապես տարբերվում է իր նպատակաուղղված պրակտիկ գործունեության ընթացքում կեցությունը գիտակցելու ունակությամբ, որը չի կարող իրականացվել առանց գլխուղեղի աշխատանքի։ Սակայն գիտակցություն միայն գլխուղեղի բնածին ֆունկցիան չէ։ Բնածին է սոսկ գիտակցության առաջացման հնարավորությունը մարդու նյարդային համակարգի որոշակի կառուցվածքի շնորհիվ։ Այդ հնարավորությունն իրական է դառնում, այսինքն՝ գիտակցություն զարգանում է միայն հասարակական կյանքի պայմաններում։ Այս փիլիսոփայական դրույթը հաստատվում է գործնականում։ Գլխուղեղը գիտակցության օրգան է, բայց գլխուղեղի միջոցով մարդու մտածելու ունակությունը ձևավորվում է սոսկ սոցիալական կյանքի պայմաններում։ Ուստի գիտակցությունը գլխուղեղի գործունեության արդյունք է՝ հասարակական կյանքի պայմաններում։ Մարդու գիտակցության առաջացման կարևորագույն պայմաններից են աշխատանքը և խոսքը (լեզուն)։ Խոսքը գիտակցության դրսևորման նյութական ձևն է, որն առաջացել է որպես մարդկանց հաղորդակցման միջոց։ Խոսքի մեջ արտացոլվել է մարդկության մշակույթի և գիտության ողջ հարստությունը[2]։ Գլխուղեղ և գիտակցությունԲարձրագույն հոգեկան ռեակցիանների իրականացման գործընթացում առաջնահերթ նշանակություն ունեն ճակատային բլթերը։ Մարդու ճակատային բլթերի վնասման դեպքում դիտվում է ապաարգելակում, գրգռվածություն, հոգեկան անհավասարակշռություն, հիվանդագին բարձր տրամադրություն (էյֆորիա )։ Ամերիկացի ֆիզիոլոգ Վ.Մաունտկասլին ( 1987 ) առաջարկել է մի տեսակետ, որի համաձայն ՝ մեծ կիսագնդերի կեղևային սյունային կառուցվածքը էական և որոշիչ դեր ունի գիտակցության ձևավորման մեխանիզմում։ Երևույթների ինքնուրույն խմբի մեջ են առանձնացվում չգիտակցված հոգեկան երևույթները։ Ենթագիտակցաբար ընթացող ռեակցիաները կրում են ավտոմատացված բնույթ և իրականանում են ուղեղի ոչ մեծ բաժինների նեյրոնների մասնակցությամբ։ Տեղեկատվության ենթագիտակցական մշակման կենսաբանական նշանակությունն այն է, որ ֆիլտրվում է մուտքային մեծաքանակ տեղեկետավությունը։ Օրինակ ՝ ենթագիտակցաբար է իրականանում մարդու ներքին օրգանների գործունեության կարգավորումը։ Դրա համար էլ մարդը «զգում » է «ընկալում » իր օրգանները միայն այն դեպքում, երբ նրանցում զարգացել է ախտաբանական վիճակ։ Բնականոն պայմաններում ներքին օրգանների ֆիզիոլոգիական կարգավորման համար բավարարում է ավտոմատացված ենթագիտակցական ռեֆլեքսային ռեակցիաների մակարդակը։ Փիլիսոփայության մեջԳիտակցության հիմնահարցի բազմազան լուծումները հանգում են 2 բևեռների՝ դրա մատերիալիստական և իդեալիստական ըմբռնմանը։ Իդեալիզմը, գիտակցությունը կտրելով ուղեղի գործունեությունից, այն միշտ անջրպետել է օբյեկտիվ իրականությունից՝ պաշտպանելով մատերիայի նկատմամբ գիտակցության առաջնայնությունը։ Մատերիալիզմը փնտրում է ընդհանրություն, միասնություն գիտակցության և օբյեկտիվ աշխարհի միջև՝ հոգեկանը անջատելով նյութականից, կեցությունը գիտակցության նկատմամբ դիտելով որպես որոշիչ և առաջնային։ Նյութական աշխարհը գոյություն ունի գիտակցությունից դուրս, անկախ այն բանից, ընկալվում է մարդու կողմից, թե ոչ։ Մատերիայի և գիտակցության այսպիսի բնորոշումը հստակ ցույց է տալիս գիտակցության 2-րդային լինելը[2]։ Հոգեբանության մեջԳիտակցությունը օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլումն է և հանդիսանում է ուղեղի բարձրագույն ֆունկցիան։ Գիտակցության գործընթացը ընկալման, վերամշակման և նոր տեղեկատվության ստեղծման բարդ բազմափուլ հոգեֆիզիոլոգիական բացառիկ երևույթ է։ Գիտակցության բաղադրամասերն են ՝ ճանաչումը, չափանմուշի ձևավորումը (ազդակի, կերպարի, չափանմուշային նյարդային մոդելի կառուցումը), ազդակի, կերպարի չափանմուշային նյարդային մոդելի հիշումը և ստեղծագործությունը ՝ նոր գիտելիքի ձևավորումը։ Մարդու գիտակցությունը հիմնվում է մարդկանց միջև հաղորդակցման վրա, զարգանում է անհատական կենսական փորձի ձեռքբերմանը զուգընթաց և կապված է խոսքի հետ։ Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ։ Ժառանգաբար հաղորդվում է միայն ուղեղի որոշակի գոյացությունների օգնությամբ գիտակցության առաջացման հնարավորությունը հասարակության մեջ։ Հետևապես, գիտակցությունը ուղեղի և մարդու հասարակական կյանքի արգասիք է։ Գտակցության առանձնահատկություններից մեկն այն է, որ արտացոլում է ոչ միայն իրականությունը, այլ հնարավորություն է տալիս ստեղծելու այնպիսի առարկաներ, որոնք կծառայեն իրենց կարիքների բավարարման ու կյանքի պայմանները փոխելու համար։ Գիտակցաբար են ընդանում հոգեկան գործունեության բոլոր ձևերը ՝ զգայությունը, ընկալումը, պատկերացումը, ուշադրությունը, մտածողությունը, հույզերը և կամքը։ Գիտակցությունը հենվում է կոնկրետ և վերացական մտածողության վրա։ Կենսաբանական, սոցիալական և իդեալական պահանջմունքների հիմքի վրա ձևավորվում է ենթագիտակցությունը (ավտոմատացված, չգիտակցված հմտություններն ու վարքի ձևերը), գիտակցությունը (գիտելիքները, որոնք հաղորդակցվում են մյուս անհատներին), գերգիտակցությունը (ստեղծագործական ակտիվությունը, ինտուիտիվ վարքը)։ Գիտակցությունը գիտելիք է, որը խոսքերով, պատկերներով, գեղարվեստական ստեղծագործություններով կարելի է հաղորդել այլ անձանց։ Գիտակցությունն իրականացնում են գլխուղեղը, մասնավորապես մեծ կիսագնդերի կեղևը, լիմբիական համակարգը, ուղեղաբնի ցանցանման գոյացությունը։ Վերջինս իրականացնում է մեծ կիսագնդերի կեղևի գործունեության էներգիական կողմը։ Հատկություններ
Գործառույթներ
ԾանոթագրություններԳրականություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են Գիտակցություն հոդվածին
|