ԳրանիտԳրանիտ (լատին․՝ granum — հատիկ), հրաբխային ապար, որն ամենատարածվածն է մայրցամաքային երկրակեղևում։ Այն բյուրեղյա մեծ, միջին և փոքր հատիկներով զանգվածային հրաբխային ապար է։ Գրանիտն ունի բարդ բաղադրություն։ Հիմնականում կազմված է դաշտային սպաթից, փայլարից և կվարցից։ Կախված այս հանքանյութերի հարաբերակցությունից՝ գրանիտն ընդունում է զանազան գույներ։ Առավել տարածված են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգներ։ Գրանիտը վաղուց օգտագործվում է որպես շինարարական քար շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավական պարզ եղանակի։ Արդյունահանվող գրանիտի մոտ կեսն իր կիրառությունն է գտնում որպես բլոկ, սալիկ կամ «սլեբ», որպես զանազան ապրանքներ՝ հուշարձաններ և ճարտարապետական փոքր ֆորմաներ, իսկ մյուս կեսն օգտագործվում է կտրտված, մանրացված վիճակում։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունն արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմանում է մինչև 800°С ջերմաստիճանի։ Բնական հանքանյութերի մեջ այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ բյուրեղներից և կվարցիտներից հետո։ Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։ Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն օպտիմալ է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարման համար, հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել էսթետիկան և ամրությունը։
|