Կատինի գնդակահարություններ
Կատինի գնդակահարություններ (լեհ.՝ zbrodnia katyńska - կատինյան ոճրագործություն), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1940 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, լեհական բանակի շուրջ 22 000 ռազմագերի սպաների և լեհ մտավորականության զանգվածային գնդակահարությունների շարք՝ իրագործված ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից։ Կոտորածը նախաձեռնել էր Ներքին գործերի ժողկոմ Լավրենտի Բերիան, ով Իոսիֆ Ստալինին ուղղված նամակում առաջարկել էր Արևելյան Լեհաստանի օկուպացիայից հետո արևմտյան Ուկրաինայի և Բելառուսի ռազմագերիների ճամբարներում ու բանտերում (Ստարոբելսկի, Օստաշկովսկի և Կոզելսկի) մնացած լեհ սպաներին ու պաշտոնյաներին դատապարտել մահապատժի[2]։ ԽՄԿԿ կենկոմի նախագահությունը (քաղբյուրո) որոշում է ընդունել առաջարկը։ Սպանվածներից շուրջ 8000-ը ճամբարներում մնացած սպաներ էին, որոնք գերեվարվել էին 1939 թ․ կարմիրբանակայինների՝ արևմտյան Ուկրաինա և Լեհաստան ներխուժման ժամանակ, ևս 6000-ը օրինապահ մարմինների ներկայացուցիչներ էին, իսկ մնացյալ 8000-ը լեհ մտավորականություն էին, որոնց խորհրդային կառավարությունը որակել էր որպես «հետախուզության գործակալներ, ժանդարմներ, կալվածատերեր, դիվերսանտներ, գործարանատերեր, փաստաբաններ, պաշտոնյաներ և քահանաներ»[3]։ Գնդակահարված սպաների շարքերում կային էթնիկ լեհեր, լեհաուկրաինացիներ, բելառուսներ և լեհ հրեաներ (այդ թվում՝ լեհական բանակի գլխավոր ռաբբի Բարուխ Շտայնբերգը)։ 1943 թվականի ապրիլին Երրորդ ռայխի կառավարությունը հայտարարեց Կատինի անտառում եղբայրական գերեզմաններ հայտնաբերելու մասին[4]։ Ստալինը խզեց դիվանագիտական հարաբերությունները Լոնդոնում հաստատված Լեհաստանի վտարանդի կառավարության հետ, երբ վերջինս հայցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից հետաքննություն անցկացնել։ Մինչև 1990 թվականը Խորհրդային Միությունը հրաժարվում էր որևէ պատասխանատվություն ստանձնել կատարվածի շուրջ՝ այն վերագրելով Ֆաշիստական Գերմանիային։ 1990 թվականի ապրիլի ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Լեհաստանի կառավարությանը փոխանցում է գաղտնազերծված փաստաթղթեր, որոնցում նշված էր, որ Կատինի գնդակահարություններն իրականացվել էին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից[5]։ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության (1990–1991), այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության (1991–2004) իրականացրած հետաքննությունները հաստատեցին ԽՍՀՄ մեղավորությունը կոտորածների համար, սակայն կառույցը հրաժարվեց գործողությունները որակել որպես ռազմական հանցագործություն։ Գործը համարվեց փակված՝ հանցագործների մահացած լինելու հիմքով, և քանի որ Ռուսաստանի կառավարությունը մահացածներին որպես «Մեծ զտման» զոհեր, նրանց պաշտոնական հետմահու ռեաբիլիտացիայի ենթարկումը (արդարացում) համարվեց անկիրառելի։ 2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետդուման հռչակագիր ընդունեց, որում զանգվածային սպանդը պատվիրելու մեջ մեղադրեց Ստալինին և խորհրդային այլ պաշտոնյաների։ Բազմաթիվ ռուս փորաձագետներ գտնում են, որ Կատինի գնդակահարություններով Ստալինը վրեժխնդիր է եղել 1920 թվականի ռուս-լեհական պատերազմից հետո Կարմիր բանակի ռազմագերիների սպանության համար[6]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |