Share to:

 

Հայաստանի ղեկավարներն արցախյան հակամարտությունում

Մոսկվա. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի եռակողմ հանդիպումը։

Ավելի քան մեկդարյա արմատներ ունեցող արցախյան հակամարտությունը սրվել է 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզման շրջանում և Ադրբեջանում ու Հայաստանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ 1991 թվականի սեպտեմբերին հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը շարունակվեց մինչև 1994 թվականի մայիս՝ հանգելով հրադադարի, սակայն առանց խնդրի վերջնական լուծման։ Այնուհետև հակամարտությունը մնաց տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուր, պարբերաբար բռնկվող ռազմական գործողություններով և անհաջող բանակցություններով։

Հայաստանի ղեկավարներն իրենց քաղաքական դիրքորոշումներով և գործողություններով էական ազդեցություն են թողել հակամարտության վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է արցախյան շարժման ակունքներում, նախագահել է արցախյան առաջին պատերազմի ընթացքում, կողմ է արտահայտվել փուլային կարգավորմանը՝ առաջնային համարելով խաղաղությունը։ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնացել է Արցախի պաշտպանունակության և ինքնորոշման իրավունքի վրա, իսկ Սերժ Սարգսյանը շարունակել է Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդումը՝ միաժամանակ ձգտելով դիվանագիտական լուծման։ Երկրորդ և երրորդ նախագահները սկզբնական փուլում գործել են նաև Արցախում՝ զբաղեցնելով տարբեր ռազմաքաղաքական պաշտոններ։ Նիկոլ Փաշինյանը փոխել է բանակցությունների ձևաչափը[1] և Հայաստանի դիրքորոշումը[2], ինչը խթանել է հակամարտության սրմանը։ Այս գործընթացում Հայաստանի ղեկավարների գործողությունները ոչ միայն ձևավորել են հակամարտության ընթացքը, այլև ազդել դրա լուծման հեռանկարների վրա։

Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Դիրքորոշում

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1988 թվականի մարտին միացել է Արցախյան շարժման հայաստանյան կոմիտե համարվող «Ղարաբաղ կոմիտեին», որի նպատակն էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բևեռել Արցախը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա[3]։ Չնայած «Ղարաբաղ կոմիտեն» չի ունեցել ղեկավար մարմին, սակայն պատմաբան, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանի փոխանցմամբ, քննարկումների ժամանակ չգրված ձևով ավելի բարձր ձայնի կարգավիճակ ունեին Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայտնում է, որ Կոմիտեի նիստերը նախ վարում էին հերթով, սակայն քանի որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին էր հաջողվում զսպել մասնակիցների «գերակտիվությունը» (բնականաբար՝ իր հեղինակության շնորհիվ), ուստի, ավելի ուշ, Կոմիտեի նիստերը հիմնականում նա էր վարում[4]։ 1988 թվականին հանրահավաքների ժամանակ Լևոնը Տեր-Պետրոսյանը խոսում էր Ղարաբաղի հայերին օգնություն հասնելու անհրաժեշտության, Հայաստանից Ղարաբաղ կամավորական խմբեր ուղարկելու կարևորության մասին[5] և ցույցերն առաջնորդում էր «Արցախ, միացում» կարգախոսով։ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակից հայտարարում էր՝ «Ղարաբաղը մերն է և մերը կլինի»։

1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի նախագահ և պաշտոնավարել է արցախյան առաջին պատերազմի ողջ ընթացքում։

1991 թվականի դեկտեմբերի 12-ին, Ալմաթիում ԱՊՀ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը հիմնված է միայն միջազգային իրավունքի վրա, մասնավորապես ազգերի ինքնորոշման սկզբունքի։ Նրա խոսքով, Հայաստանը նպատակ ուներ լուծել խնդիրը խաղաղ և իրավական ճանապարհով՝ ընդգծելով, որ ցանկացած այլ մոտեցում կարող է հանգեցնել անհետևանք արդյունքների[6]։

1991-1994 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Հայաստանի կողմից Արցախին տրամադրվեց լայնամասշտաբ ռազմական և տնտեսական աջակցություն, ինչը վճռորոշ էր պատերազմում հայկական կողմի հաջողության համար[7]։ Այս տարիներին Տեր-Պետրոսյանը շարունակաբար ընդգծում էր միջազգային իրավունքի կարևորությունը և ջանում էր հակամարտությունը տեղափոխել դիվանագիտական դաշտ՝ միաժամանակ ապահովելով Արցախի պաշտպանունակությունը։ Նրա ռազմավարությունը կենտրոնացած էր թե՛ հակամարտության հաղթանակի, թե՛ հետագա խաղաղ կարգավորման համար հիմքերի ստեղծման վրա[8]։

1996 թվականի օգոստոսին նա հայտարարել է.

Մենք ունենք մի ազգային պարտք, համազգային պարտք. դա Ղարաբաղը չլքելն է, Ղարաբաղին ապավեն կանգնելը: Եվ ի փառս և ի պատիվ մեր ժողովրդի, այդ պարտքը մինչև այսօր մեր ժողովուրդը փայլուն է կատարել… Մենք 3000 տարի ապրել ենք այս հողի վրա, իրավունք չունենք այսօր կորցնելու այն, ինչ 3000 տարի մեզ է պատկանել։
- Լևոն Տեր Պետրոսյան[9][10]

1997 թվականի սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ խաղաղության հասնելը պետք է լինի Հայաստանի քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Նա ընդգծել է, որ երկրի ռազմական հզորությունը և բանակի ուժեղացումը պետք է դիտարկվեն ոչ թե պատերազմի համար, այլ որպես խաղաղության պահպանման կարևոր գործոն։ Տեր-Պետրոսյանի համար խաղաղության ձգտումն ուղիղ կապ ուներ երկրի պաշտպանության կարողությունների ամրապնդման հետ[11]։

Նա ընդգծում էր, որ հակամարտությունը լուծելու համար կարևոր է խուսափել չափազանց զգացմունքային և ռազմատենչ մոտեցումներից՝ նշելով, որ խնդիրը պետք է լուծվի ռացիոնալ և իրատեսական եղանակով։ Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի փոխզիջման վրա՝ հաշվի առնելով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի շահերը, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ խաղաղության հաստատմանը[12]։

Այս դիրքորոշումը արտացոլում է նրա որդեգրած բանակցային ռազմավարության հիմնական սկզբունքները, որոնք նպատակ ունեին խուսափել նոր պատերազմից և կենտրոնանալ խաղաղ կարգավորման վրա։

Բանակցություններ և նախաձեռնություններ

1997 թվականին Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը նախատեսում էր սկզբնական փուլում որոշ տարածքների փոխանցում Ադրբեջանին, անվտանգության երաշխիքների ապահովում և հետագայում Արցախի կարգավիճակի որոշում[13][14]։ Տեր-Պետրոսյանն աջակցեց այս առաջարկին՝ համարելով այն իրատեսական լուծում[15]։ Ադրբեջանը մերժեց այս առաջարկը՝ պնդելով, որ այն չի երաշխավորում Արցախի ամբողջական վերամիավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Բացի այդ, Բաքուն անհանգստություն ուներ, որ փուլային մոտեցման դեպքում հայկական կողմը կարող է հետագայում հրաժարվել վերջնական կարգավիճակի շուրջ զիջումներից։

1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ներկայացրեց իր խորքային տեսլականը Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հոդվածում նա շեշտադրում էր, որ երկարատև հակամարտությունը ոչ միայն խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, այլև սպառնում է երկրի ապագային։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանը պետք է ընդունի միջազգային հանրության առաջարկած փուլային լուծումը՝ որպես միակ իրատեսական տարբերակ, որը կկանխի ռազմական էսկալացիան և կստեղծի խաղաղության պայմաններ։ Այս դիրքորոշումը վկայում էր նրա ռազմավարական նախապատվությունների մասին՝ հիմնված խաղաղության և երկկողմ փոխզիջման անհրաժեշտության վրա[16]։

Քննադատություն և հրաժարական

Տեր-Պետրոսյանի աջակցությունը Մինսկի խմբի առաջարկներին և նրա խաղաղասիրական դիրքորոշումը հանդիպեցին ընդդիմության և որոշ քաղաքական ուժերի դիմադրությանը, որոնք նախընտրում էին ավելի կոշտ դիրքորոշում։ Այս ներքաղաքական լարվածությունը հանգեցրեց 1998 թվականի փետրվարի 4-ին նրա հրաժարականին[17][18]։

Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Դիրքորոշում

Ռոբերտ Քոչարյանը արցախյան հակամարտության սկզբնական փուլերից անմիջականորեն ներգրավված էր իրադարձությունների կենտրոնում՝ սկսելով իր գործունեությունը որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ։ 1988 թվականին Արցախում սկսված շարժման ընթացքում նա հանդես եկավ որպես Ղարաբաղի ինքնավար մարզի քաղաքական ու ռազմական ղեկավարության առանցքային դեմքերից մեկը՝ ակտիվորեն մասնակցելով արցախահայերի ինքնորոշման պայքարին[19]։ Նա հայտարարեց «Միացում» շարժման ստեղծման մասին, որի նախագահ ընտրվեց ինքը, իսկ տեղակալ՝ Սերժ Սարգսյանը։

1991 թվականի հունիսի 1-ին Օղակ գործողության ժամանակ ձերբակալվում է այդ ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ, Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատի ղեկավար Սամվել Բաբայանը։ Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցությունների արդյունքում հաջողվում է ազատել Բաքվի բանտում պահվող 10 հայ գերիներին, այդ թվում Սամվել Բաբայանին, որոնք փոխանակում են Ստեփանակերտում գերի պահվող Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովի հետ։

1991 թվականի օգոստոսի վերջին Ռոբերտ Քոչարյանը Կարեն Բաբուրյանի հետ կազմում է Արցախի հանրապետության անկախության հռչակագիրը[20], իսկ սեպտեմբերի 2-ին հռչակվում է անկախ Արցախի հանրապետությունը[21]։

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում տեղի են ունեցել ռուսական միջնորդությամբ առաջին հայ-ադրբեջանական բանակցությունները, որտեղ Արցախը ներկայացնում էին Ռոբերտ Քոչարյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, Հայաստանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ Ադրբեջանը՝ Այազ Մութալիբովի գլխավորած պատվիրակությունները։

1992 թվականին Քոչարյանը նշանակվում է Արցախի հանրապետության պետական պաշտպանության կոմիտեի նախագահ՝ ստանձնելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ղեկավարությունը[22]։ Նրա ղեկավարության ներքո Ղարաբաղի զինված ուժերը հաջողությամբ դիմադրեցին Ադրբեջանի բանակի գործողություններին՝ ապահովելով ռազմաճակատում հաղթանակներ։ 1993 թվականին Քոչարյանը ղեկավարեց Արցախի բանակի գործողությունները, որոնց արդյունքում ստեղծվեց անվտանգության գոտի՝ Քարվաճառի, Աղդամի և հարակից շրջանների վերահսկմամբ։

1994 թվականին Քոչարյանը ընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում, որի ընթացքում նա կենտրոնացավ տնտեսության վերականգնման, ենթակառուցվածքների կառուցման և բանակի ամրապնդման վրա[23]։ Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին Արցախը Հայաստանին կապող ճանապարհներ, ներառյալ Գորիս-Ստեփանակերտ և Հյուսիս-հարավ մայրուղիները։ Քոչարյանը կարևոր դիվանագիտական դեր խաղաց՝ ապահովելով կապեր Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, ինչը նպաստեց Արցախի զարգացման ծրագրերին։

Բանակցություններ և արտաքին քաղաքականություն

1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ[24], որտեղ հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման ծրագրի դեմ՝ պաշտպանելով Արցախի անվտանգության և ինքնորոշման առաջնահերթությունը։ 1998 թվականին նա, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ միասին, դեմ արտահայտվեց հակամարտության վերաբերյալ զիջումներին, ինչը հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին։

2001 թվականին Քոչարյանը մասնակցեց Քի Ուեսթում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցություններին[25], որոնք կազմակերպվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Չնայած բանակցությունների ընթացքում քննարկվեցին փոխզիջումային տարբերակներ, դրանք ձախողվեցին կողմերի տարաձայնությունների պատճառով։ ԵԱՀԿ-ի կողմից ներկայացված փուլային լուծման հաջորդ ծրագիրը, որը հայտնի է մադրիդյան սկզբունքներ անունով, նույնպես քննարկվեց Քոչարյանի նախագահության վերջին տարիներին՝ 2007 թվական։ Մադրիդյան սկզբունքների կարևոր դրույթն այն էր, որ ամրագրվում էր Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով։ Ընդ որում, կարգավիճակի ընտրությունը չէր կարող ունենալ որևէ սահմանափակում[26][27]։ Կամարտահայտումը կազմակերպվելու էր 1988 թվականի Լեռնային Ղարաբաղի էթնիկ համամասնությունով.

ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն։

Չնայած դրանք դիտարկվում էին որպես արդյունավետ մոտեցում, հայկական կողմը պահպանեց զգուշավորություն՝ ընդգծելով անվտանգության երաշխիքների և ինքնորոշման առաջնահերթությունը։

2000-2004 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը արցախյան բանակացություններից բացահայտում է արել՝ հայտնելով, որ Քի Ուեսթում Հեյդար Ալիևը պատրաստ է եղել հարցի կարգավորման համար տարածքային զիջումներ կատարել[28]։

2004-2008 թվականներին Քոչարյանը փորձեց պահպանել հակամարտության առկախված կարգավիճակը՝ կենտրոնանալով Արցախի անվտանգության և Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման վրա։ Այս ժամանակաշրջանում նա խորացրեց Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը, ինչը մեծապես նպաստեց Արցախի պաշտպանական կայունությանը։

Քննադատություն և արձագանք

Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը լայն արձագանք է ստացել թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային հանրությունում։ Ադրբեջանում նրա խիստ դիրքորոշումը և Արցախի անկախության հարցում անհամաձայնությունը ընկալվում էին որպես տարածաշրջանում խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտ։

Քոչարյանի վարած քաղաքականությունը չթուլացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը և էական առաջընթաց չարձանագրեց բանակցային գործընթացում։

Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Դիրքորոշում և գործունեություն Արցախում

Սերժ Սարգսյանը, լինելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադիրներից, կարևոր դեր է խաղացել Արցախի անվտանգության և պաշտպանության ամրապնդման գործում։ 1989 թվականին նա նշանակվել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար՝ հիմք դնելով Պաշտպանության բանակի ստեղծմանը։ Սարգսյանը համարում էր, որ Արցախի ռազմական կարողությունը խաղաղության հասնելու կարևորագույն գործոնն է, և այս դիրքորոշումն ուղղորդեց նրա քաղաքական գործունեությունը հետագա տարիներին։

1990-ականներին Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան և ստանձնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտների ղեկավարումը[29]։ Նրա նախաձեռնությամբ ամրապնդվեց Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի կապը։

Բանակցային գործընթաց և դիրքորոշում

Սարգսյանը մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ շեշտադրելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխիքների կարևորությունը։ Նա պնդում էր, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Սարգսյանը նաև ընդգծում էր, որ ռազմական ուժի հավասարակշռությունը և դիվանագիտական ջանքերը պետք է զուգակցվեն Արցախի ապագա կարգավիճակի հարցում։

2011 թվականի հունիսին Կազան քաղաքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որը հետագայում հայտնի դարձավ «Կազանի փաստաթուղթ» անունով։ Այն կրկին մերժվել է Ադրբեջանի կողմից։ Կազանի փաստաթղթի համաձայն.

  1. հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից։
  2. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
  3. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
  4. Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն[30]:

Ինչպես մադրիդյան սկզբունքներում, այնպես էլ Կազանի փաստաթղթում, քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չէր լինելու և կարող էր թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն[31]։

2016 թվականի Ապրիլյան պատերազմ

Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը, կարևոր փորձություն էր հայկական զինված ուժերի համար։ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բանակը կանխեց ադրբեջանական զորքերի առաջխաղացումը՝ չնայած որոշ տարածքային կորուստներին (մոտ 800 հա տարածք, ներառյալ 2 բարձունք)[32]։ Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ արեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին և Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը։

Պատերազմի ավարտից հետո Սարգսյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ Արցախի անվտանգության ապահովումը և տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը երկարատև խաղաղության հիմքերն են[33]։

Նույն թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիևը հայտնեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը[34]։

Իր նախագահությունից հետո Սերժ Սարգսյանը 2022 թվականի փետրվարին հայտարարեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»[35]։ Այս հայտարարությունը արտացոլում էր նրա դիրքորոշումը Արցախի կարգավիճակի հարցում, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության առաջնահերթությունը նրա քաղաքականության մեջ։

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

Դիրքորոշում

Նիկոլ Փաշինյանը, մինչ 2018 թվականին վարչապետ դառնալը, ուղղակիորեն մասնակցություն չի ունեցել Արցախյան հակամարտության կառավարմանը, սակայն իր հրապարակային հայտարարություններով հաճախ անդրադարձել է հարցին։ Նա բազմիցս շեշտել է, որ հակամարտության լուծումը պահանջում է իրականության հիման վրա կառուցված մոտեցում։ 2001 թվականին «Հայկական ժամանակի» իր հոդվածներից մեկում նա նշել էր, որ «լավ դիվանագիտությունը չի կարող այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները», ընդգծելով հակամարտության լուծման դիվանագիտական մոտեցումների իրատեսականությունը։

Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, եթե կուզեք՝ գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։

Այս տեսակետը վկայում է, որ Փաշինյանը ճանաչում էր բանակցային գործընթացի անհրաժեշտությունը, սակայն շեշտադրում էր միջազգային իրողության հետ հաշվի նստելը որպես առաջնահերթություն։

2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բանակցային գործընթացի նոր մոտեցումներով, որոնք կտրուկ տարբերվում էին նախորդ ղեկավարների դիրքորոշումներից։ Նա հայտարարեց, որ չի շարունակելու Սերժ Սարգսյանի կողմից բանակցված կետերից, այլ սկսելու է «իր սեփական կետից»[36]։ Փաշինյանը նաև շեշտեց, որ ինքը ոչինչ չի բանակցելու Արցախի հարցով՝ պնդելով, որ Արցախի անունից պետք է բանակցի միայն Արցախի ներկայացուցիչը[37][38]՝ դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունված ձևաչափից։ 2019 թվականին արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը[39] բանակցային գործընթացում նոր լարվածություն ստեղծեց՝ առաջացնելով միջազգային հանրության և Ադրբեջանի կոշտ արձագանքը։

44-օրյա պատերազմ և դրա հետևանքներ

2020 թվականի պատերազմի ընթացքում Փաշինյանը հանդես էր գալիս համախմբման կոչերով[40]։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանը դուրս բերեց զորքերը Արցախից, իսկ տարածաշրջանը հանձնվեց ռուս խաղաղապահների վերահսկողությանը։

Պատերազմից հետո Փաշինյանը հայտարարեց, որ կենտրոնացած է խաղաղության ապահովման վրա։ Սակայն, 2022 թվականին Պրահայում նա հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը (իր ձևակերպմամբ՝ Ղարաբաղը)՝ որպես նրա մաս[41]։ Այդպիսով նա դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որն Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրան հետևեցին Բերձորի միջանցքի շրջափակումը, Ադրբեջանի ռազմական ներխուժումը Արցախ և Արցախի Հանրապետության 120,000 հայերի էթնիկ զտումները։

Փաշինյանը դարձավ Հայաստանի միակ ղեկավարը, որն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին Եվրոպական խորհրդարանում հայտնել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը[42][43][44]։

Արցախի հայաթափումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ նախկին բոլոր բանակցությունները միտված էին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն[45]։ Այս դիրքորոշումը և իր կառավարման տարիների կորուստները լայնորեն քննադատվեցին, որպես անհաջող ռազմավարության արդյունք։

Նիկոլ Փաշինյանը, իր պաշտոնավարման ընթացքում, փոփոխություններ կատարեց պաշտոնական խոսույթում՝ բացառելով «Արցախ» և «Արցախի Հանրապետություն» տերմինների օգտագործումը՝ փոխարենը կիրառելով «Ղարաբաղ» անվանումը։ Այս փոփոխությունը համահունչ էր ադրբեջանական կողմի պահանջներին։ Վարչապետի մամուլի խոսնակն անգամ ներողություն խնդրեց, երբ մամուլի ասուլիսի ընթացքում պատահմամբ արտաբերեց «Արցախ» բառը՝ դրանով ընդգծելով նոր մոտեցման առկայությունը խոսույթում[46][47][48]։

Քննադատություն և արձագանք

Փաշինյանի ղեկավարման տարիները նշանավորվեցին ոչ միայն ռազմական կորուստներով, այլև բանակցային գործընթացի լուրջ փոփոխություններով, որոնք էապես ազդեցին Արցախի և Հայաստանի ապագայի վրա՝ պատմության ընթացքում Արցախն առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Հայաստանը հայտնվեց լրջագույն աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը». FIP.AM. 2022-04-19. Վերցված է 2024-12-25-ին.
  2. Civilnet (2019-08-06). «Արցախը Հայաստան է և վերջ». CIVILNET. Վերցված է 2024-12-25-ին.
  3. ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱԹՈՒԼ (2018-02-21). ««1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր Արցախյան պոռթկումը»». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  4. Ղազարյան, Ռաֆայել (2003). Հաշվետու եմ... Երևան: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան.
  5. Harut Uloyan (2019-11-15), Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը. «Ցուցակագրվել կամավորների շարքում, որոնք պետք է տեղափոխվեն Ղարաբաղ», 1988թ, Վերցված է 2024-12-25-ին
  6. Harut Uloyan (2015-05-02), Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՊՀ-ում Արցախի կարգավիճակի մասին, 1991թ., Վերցված է 2024-12-25-ին
  7. Հակոբյան, Թաթուլ (2019-01-28). «Հայկական բանակի ստեղծումը և պաշտպանության բոլոր նախարարները. 1918-2019». CIVILNET. Վերցված է 2024-12-25-ին.
  8. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները. 1991-1998 թթ». EVN Report. 2021-09-21. Վերցված է 2024-12-25-ին.
  9. Լեւոն Տեր-Պետրոսյան. Մենք ունենք մի ազգային պարտք. դա Ղարաբաղը չլքելն է (Տեսանյութ)
  10. Ղարաբաղը չենք լքելու – Լևոն Տեր-Պետրոսյան
  11. «Facebook». www.facebook.com. Վերցված է 2024-12-25-ին.
  12. admina (2024-11-01). «Լևոն Տեր-Պետրոսյան. «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը». 1 նոյեմբերի, 1997թ». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  13. Հակոբյան, Թաթուլ (2022-08-10). «1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը | Aliq Media Armenia». Վերցված է 2024-12-25-ին.
  14. Հակոբյան, Թաթուլ (2020-05-15). «Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ». CIVILNET. Վերցված է 2024-12-25-ին.
  15. ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱԹՈՒԼ (2022-12-02). ««Փուլային»՝ ղարաբաղյան հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ). 1997-ի դեկտեմբերի 2». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  16. admina (2024-11-01). «Լևոն Տեր-Պետրոսյան. «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը». 1 նոյեմբերի, 1997թ». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  17. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». http://www.irtek.am. Վերցված է 2024-12-25-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  18. «Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն». Radar.am. Վերցված է 2024-12-25-ին.
  19. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 302». Հայկական Հանրագիտարան. 2004. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախի անկախության հռչակման, Հայաստան իր տեղափոխման, ԼՂՀ ու ՀՀ ապագայի մասին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  21. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2024-12-25-ին.
  22. Technologies, Peyotto. «ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի և Արցախում պաշտպանության գոտիների ստեղծումը». Վերցված է 2024-12-25-ին.
  23. «Politic | Robert Kocharyan». robertkocharyan.am. Վերցված է 2024-12-25-ին.
  24. Ստամբոլցյան, Գեւորգ. «1997. Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի վեցերորդ վարչապետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  25. «Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները. 1998-2008 թթ». EVN Report. 2021-09-22. Վերցված է 2024-12-25-ին.
  26. Григорян, Տիգրան Գրիգորյան Tigran Grigoryan Тигран (2021-07-14). «Մադրիդյան սկզբունքներն ու կարգավիճակի հարցը․ մեկնաբանություններ և փաստեր». CIVILNET. Վերցված է 2024-12-25-ին.
  27. ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱԹՈՒԼ (2016-04-14). «Մադրիդյան սկզբունքներ – ամբողջական տեքստ». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  28. Բունիաթյան, Հեղինե (2016-10-26). «Ռուսաստանցի նախկին համանախագահ. «Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  29. Technologies, Peyotto. «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում». Վերցված է 2024-12-25-ին.
  30. Հակոբյան, Թաթուլ (2016-04-23). «Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով». CIVILNET. Վերցված է 2025-01-09-ին.
  31. ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱԹՈՒԼ (2016-06-23). «Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-09-ին.
  32. Ռ/Կ, «Ազատություն» (2020-08-19). «Սերժ Սարգսյան. Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  33. LLC, Helix Consulting. «Սերժ Սարգսյան. Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  34. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Իլհամ Ալիև | Armlur – Լուրեր Հայաստանից» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  35. Ռ/Կ, «Ազատություն» (2022-02-01). «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դեռևս կան հնարավորություններ․ Սերժ Սարգսյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  36. Սարիբեկյան, Գայանե (2019-04-09). ««Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից». Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  37. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Ադրբեջանի նախագահի հետ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը». Նիկոլ Փաշինյան». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2024-12-25-ին.
  38. LLC, Helix Consulting. «Արցախի Հանրապետության անունից ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում պետք է բանակցի նրա ղեկավարությունը. Նիկոլ Փաշինյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  39. Technologies, Peyotto. «Արցախը Հայաստանն է, և վերջ. Միացու՜մ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2024-12-25-ին.
  40. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին». www.primeminister.am. Վերցված է 2024-12-25-ին.
  41. Ասլանյան, Կարլեն (2023-05-22). «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-12-25-ին.
  42. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս. Բորել |armenpress.am|». infocom.am (անգլերեն). Վերցված է 2024-12-26-ին.
  43. Hraparak (2023-06-15). «Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2024-12-26-ին.
  44. LLC, Helix Consulting. «Borrell: Pashinyan is first Armenian leader to recognize Karabakh as part of Azerbaijan». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024-12-26-ին.
  45. «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2024-12-25-ին.
  46. ՄԱՄՈՒԼ․ամ. «Նազելի Բաղդասարյանն «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2024-12-26-ին.
  47. ««Արցախ, ներողություն, Լեռնային Ղարաբաղ»։ Ումի՞ց եք ներողություն խնդրում». Վերցված է 2024-12-26-ին.
  48. Yerevan Today (2023-09-29), Փաշինյանի խոսնակը ներողություն է խնդրում Արցախ ասելու համար և ուղղում՝ Լեռնային Ղարաբաղ, Վերցված է 2024-12-26-ին
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya