Մոնոքրոմատիկ լույսՄոնոքրոմատիկ լույս ( մոնո․․․ և հուն.— գույն), մեներանգ լույս, աչքով անմիջականորեն ընկալելի հաճախությունների տիրույթի մեջ մտնող որոշակի և խիստ հաստատուն |հաճախության էլեկտրամագնիսական ալիք։ «Մոնոքրոմատիկ լույս» տերմինի ծագումը պայմանավորված է նրանով, որ տարբեր հաճախության լուսային ալիքները մարդն ընկալում է իբրև տարբեր գույներ։ Սակայն տեսանելի տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները ֆիզիկական բնույթով չեն տարբերվում այլ տիրույթների (ինֆրակարմիր, ուլտրամանուակագույն, ռենտգենյան և այլն) ալիքներից, և դրանց համար նույնպես կիրառում են «մոնոքրոմատիկ» («մեներանգ») տերմինը, թեև այդ ալիքները գույնի զգացողություն չեն առաջացնում։ «Մոնոքրոմատիկ լույսն», առհասարակ, «մոնոքրոմատիկ ճառագայթում» հասկացությունները վերացական են։ Տեսական վերլուծությունը ցույց է ավել, որ խիստ մեներանգ ալիքի առաքումը պետք է շարունակվի անվերջ երկար, մինչդեռ ճառագայթման իրական պրոցեսներն ըստ ժամանակի սահմանափակ են, այդ պատճառով միաժամանակ առաքվում են որևէ միջակայքի պատկանող բոլոր հաճախությունների ալիքներ։ Որքան նեղ է այդ միջակայքը, այնքան «մոնոքրոմատիկ» է ճառագայթումը։ Քանի որ իդեալական մոնոքրոմատիկ ճառագայթում գոյություն չունի, ապա ցանկացած ճառագայթման ինտենսիվությունն ունի որոշակի բաշխում ըստ հաճախությունների։ Սպեկտրային գծի Δω լայնությունը (հաճախությունների այն միջակայքը, որտեղ լույսի ինտենսիվությունը 2 անգամ պակաս է ω0 հաճախության դեպքում ունեցած առավելագույն ինտենսիվությունից) պայմանավորված է գրգռված վիճակում ատոմի կյանքի տևողությամբ, ատոմների բախումներով, ջերմային շարժումով և այլն։ Ոչ մոնոքրոմատիկ լույսը քվագիմոնոքրոմատիկ դարձնելու համար օգտագործում են տարբեր մոնոքրոմատորներ։ Խիստ մոնոքրոմատիկ ճառագայթման աղբյուր կարող են ծառայել նաև լազերների որոշ տեսակներ։
|