Ոճ (գեղարվեստական)Ոճ (հունարեն՝ στόλος - փայտիկ՝ գրելու համար նախատեսված մետաղյա կամ ոսկրե սրածայր ձողիկ՝ գրենական պիտույք՝ գրիչ) - արվեստի ստեղծագործությունը կամ ստեղծագործությունների միագումարումը բնորոշող կերպարային համակարգի գեղարվեստական արտահայտչականության միջոցների, պատկերման հնարքների կայուն ընդհանրությունը։ Ընդհանուր հասկացությունԱրվեստի փիլիսոփայության և արվեստաբանության կարևոր կատեգորիաներից մեկը ոճն է։ Այն կանոնիկ ձևերի յուրատիպ փոխակերպումն է և բավականին կայուն է արվեստի պատմության որոշակի շրջանի կամ կոնկրետ ուղղության, հոսանքի, դպրոցի կամ միայն մեկ նկարչի համար։ Բազմակողմանի, բայց ամբողջական համակարգ է, գեղարվեստական մտածողության, կերպարների արտահայտման միջոց, գեղարվեստաարտահայտչական մեթոդների կիրառում, կառուցողական-ձևաբանական հատկությունների ամբողջականություն և այլն։ Այսպիսով մի համակարգ է, որը ոգեշնչվում է ժամանակի ոգով, փոփոխությունների է ենթարկվում որոշակի խմբակային (նկարիչների խումբ, նկարչական դպրոց, ուղղություն) կամ անհատական էսթետիկական գիտակցությամբ։ Այսպես, արվեստաբանության մեջ խոսվում է բյուզանդական, գոթական, բարոկկո և այլ ոճերի մասին՝ ի նկատի ունենալով գեղարվեստական արտահայտման ձևերի բավականին լավ նկատելի ընդհանրությունները, որոնք ստեղծվել են տվյալ ոճային և պատմական իրականության մեջ։ Ոճ եզրը կիրառվում է բնորոշելիս հետևյալը՝
Ոճի հասկացությունները արվեստումՈճ հասկացությունը կիրառվում է ոչ միայն արվեստում, այլև մարդու խոսելաձևի, վարքի, հագնվելաձևի, կենսագործունեության այլ բնագավառներում ևս՝ ի նկատի ունենալով նախ և առաջ տվյալ բնագավառին բնորոշ արտահայտչաձևերի բոլոր էլեմենտների յուրահատուկ նմանությունն ու ընդհանրությունը։ 19-20-րդ դարերում ոճի կատեգորիան բազմիցս ուսումնասիրվել է պատմաբանների և արվեստի տեսաբանների, փիլիսոփաների, էսթետների կողմից։ Գ. Վյոլֆլինի, Ա. Ռիգլի և այլ արվեստաբանական դպրոցներ “ոճ” հասկացության տակ հասկանում էին արվեստի գործի որակական հատկանիշները՝ հարթայնություն, գեղանկարչականություն, գծայնություն, պարզություն, բաց կամ փակ ձև և այլն։ Օ. Շպենգլերը "Եվրոպայի մայրամուտը" աշխատության մեջ մեծ ուշադրություն է դարձնում ոճերին՝ որպես մշակույթի գլխավոր և բնորոշ հատկանիշներից մեկին, որը հատկանշական է որևէ կոնկրետ ժամանակաշրջանում։ Նրա համար ոճը "ձևի մետաֆիզիկական զգացումն է", որը որոշվում է այս կամ այն շրջանի հոգևոր միջավայրով։ Հենց ոճն է կերտում անհատներ, ուղղություններ և դարաշրջաններ արվեստում։ Այսինքն Շպենգլերը գտնում էր, որ ոճն է կերտում նկարչի որոշակի տեսակ։ Խոսքը ոչ միայն արվեստում որոշակի ոճի մասին է, այլև կրոնական, մտածելակերպի, կենսակերպի ոճերի մասին։ Ինչպես և բնությունը, ոճը ևս անվերջ ծաղկում ապրող մարդու նոր ապրումներն է, նրա alter ego–ն և հայելային արտացոլանքը շրջակա աշխարհում։ Այդտեղից էլ որևէ մշակույթի մասին խոսելիս և նրա պատմական նկարագիրը ներկայացնելիս կարող է գոյություն ունենալ միայն մեկ ոճ՝ տվյալ մշակույթի ոճը։ Ընդ որում Շպենգլերը համաձայն չէ արվեստաբանության մեջ հայտնի "մեծ ոճերի" հասկացության հետ։ Նա, օրինակ, գտնում է, որ գոթիկան և բարոկկոն տարբեր ոճեր չեն, այլ միևնույն ձևի հին և նոր տեսակները՝ Արևմտյան ոճի հասունացող և արդեն հասունացած ձևերը։ Գեղարվեստական դպրոցների ոճերըՈճի ընկալման տարբեր և միևնույն ժամանակ որոշակի ընդհանրական կարծիքները բազմաթիվ են. դրա համար դժվար է միանշանակ սահմանում և որոշակի բացատրություն գտնելը։ Տարբեր դարաշրջաններում արվեստի տարբեր ուղղությունները ուսումնասիրելիս փորձագետները տարբերակել են Հին Եգիպտական, Բյուզանդիայի, ռոմանական, գոթական, կլասիցիստական, բարոկկո, ռոկոկկո, մոդեռն ոճերը։ Բացի դարաշրջանների այս գլոբալ ոճերից տարբերակում են նաև կոնկրետ գեղարվեստական դպրոցների ոճերը, օր. Վերածննդի դարաշրջանում՝ սիենական, վենետիկյան, ֆլորենտական և այլ դպրոցներ։ Ինչպես նաև տարբերակվում են կոնկրետ գեղանկարիչների ոճերը՝ Վան Գոգ, Գոգեն, Ռուբենս և այլն։ Այլ հատկանիշներԱյս ժամանակաշրջաններում արվեստի նոր ձևերը և տեսակները ձևավորվում էին արդեն տիրապետող արվեստի հիմքի վրա։ Պարզ է, որ այս ոճերը ձևավորվել են պատմականորեն, անգիտակցաբար. ոչ ոք երբևիցե իր առջև նպատակ չի դրել հորինել մի նոր ոճ՝ իր նոր հատկանիշներով։ Այդ ամենը ձևավորվել է ժամանակի ընթացքում, դանդաղ և զարգացման, նոր մտածելակերպի, ապրելակերպի ի հայտ գալու հետևանքով։ Ոճի վրա բացի նոր մտածելակերպից, կոնկրետ դարաշրջանի պահանջմունքներից կարող են ազդել նաև նյութը, որից պատրաստել են արվեստի գործը, մշակման տեխնիկան ստեղծագործելու ընթացքում։ Այսպիսով՝ ոճը գեղարվեստական մտածողության որոշակի համակարգ է, ընդհանուր առմամբ՝ այն տվյալ դարաշրջանի "էսթետիկական ձեռագիրն է", որը բնորոշ է եղել այդ ժամանակաշրջանում (ուղղություն, դպրոց, անհատ)։ Այս ամենով հանդերձ, ոճը ամբողջապես հստակ և "մաքուր" չի կարող լինել։ Այդ է պատճառը, որ միևնույն ժամանակաշրջանի միևնույն գեղանկարչական ուղղության տարբեր ստեղծագործություններ ունեն տարբեր և յուրատիպ էլեմենտներ, որով էլ առանձնանում են ընդհանուր ոճ ասվածից՝ միևնույն ժամանակ պահպանելով որոշակի ընդհանրական օրենքներ։ Երբեմն նաև կարող ենք տեսնել տարբեր ոճերի միավորում, օր.` գոթական ճարտարապետության մեջ ռոմանական տարրերի կիրառում, որն է՛լ ավելի է ընդգծում գոթական ոճի արտահայտիչ ինքնատիպությունը։ Գրականություն1. Бычков В.В. “Эстетика:Искусство” М. 2007 |