|
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։
|
Պավել Իվանովիչ Պեստել (հունիսի 24 (հուլիսի 5), 1793, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 13 (25), 1826, Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ազնվական հեղափոխական, դեկաբրիստ, գնդապետ։
Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականի արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականին մտել է դեկաբրիստների «Փրկության միություն» ընկերության մեջ (որի կանոնադրության հիմնական հեղինակն էր), 1818 թվականին կազմակերպել է «Բարօրության միություն»-ը, 1821 թվականի մարտին ստեղծել և գլխավորել է դեկաբրիստների Հարավային ընկերությունը։ Մշակել է Ռուսաստանում սոցիալտնտեսական և քաղաքական բարեփոխումների նախագիծ (1824 թվականին կոչել է «Ռուսկայա պրավդա»), որը պահանջում էր ինքնակալության տապալում, ճորտատիրական իրավունքի վերացում, հանրապետության հաստատում (Պեստելը ռուսական ազատագրական շարժման մեջ հանրապետական ավանդների հիմնադիրն է)։ Պեստելի ծրագիրը սոցիալ-տնտեսական առումով բուրժուական էր՝ որոշ դեմոկրատական տարրերով, կրոնափիլիսոփայական տեսակետից դեիստական։ Պատմական պայմանների բերումով Պեստելը չկարողացավ հետևողականորեն լուծել կալվածատիրական հողատիրության հարցը, առաջարկում էր ճորտերին ազատել հողով և սահմանափակել կալվածատերերի հողատիրությունը, ինչպես նաև զինվորական հեղափոխություն, առանց ժողովրդական զանգվածների մասնակցության։ Ձերբակալվել է 1825 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ապստամբության նախօրեին, կախաղան է բարձրացվել 1826 թվականի հուլիսի 13-ին, չորս այլ դեկաբրիստների հետ, Պետրոպավլովյան ամրոցում։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 236)։
|