Սալբուտամոլ
Սալբուտամոլ, հայտնի է նաև ալբուտերոլ և վաճառքային Վենտոլին անվանումներով[1], դեղանյութ, որը թոքերում բացում է միջին և խոշոր շնչուղիները[2]։ Օգտագործվում է բրոնխային ասթմայի, այդ թվում նաև ասթմային նոպայի, ֆիզիկական լարվածությամբ պայմանավորված բրոնխոսպազմների (բրոնխոնեղացումների) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բուժման համար[2]։ Այն կարելի է կիրառել նաև հիպերկալիեմիայի (արյան մեջ կալիումի բարձր մակարդակ) բուժման մեջ[3]։ Սալբուտամոլը սովորաբար օգտագործվում է ինհալիատորով կամ ցողացրով (նեբուլայզեր), բայց հասանելի են նաև հաբերի և ներերակային լուծույթների տեսքով[2][4]։ Ինհալիատորային միջոցների ազդցությունը սովորաբար սկսվում է դեղանյութի ընդունումից 15 րոպե անց և տևում է 2-6 ժամ[2]։ Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են՝ դող, գլխացավ, հաճախասրտություն, գլխապտույտ և տագնապի զգացում[2]։ Վտանգավոր կողմնակի երևույթներից կարող են լինել բրոնխոսպազմի խորացումը, անկանոն սրտային կծկումները, հիպոկալիեմիան (արյան մեջ կալիումի ցածր մակարդակ)[2]։ Սալբուտամոլը թույլատրվում է օգտագործել հղիության ընթացքում և կրծքով կերակրման ժամանակ, սակայն անվտանգությունն ամբողջովին պարզ չէ[2][5]։ Հանդիսանում է կարճատև ազդեցության β2-ադրենալինային ընկալիչների համակորդ (ագոնիստ) և իր ազդեցությունը թողնում է շնչուղիների հարթ մկանները թուլացնելու շնորհիվ[2]։ Սալբուտամոլն առաջին անգամ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում 1967 թվականին և այնտեղ վաճառքի համար հասանելի է դարձել 1969 թվականին[6]։ ԱՄՆ-ում բժշկական օգտագործման համար հաստատվել է 1982 թվականին[2]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) հիմնական դեղանյութերի ցանկում (World Health Organization's List of Essential Medicines), և բժշկության մեջ անհրաժեշտ ամենաարդյունավետ ու անվտանգ դեղամիջոցներից է[7]։ Հասանելի է որպես գեներիկ դեղորայք[2]։ 2014 թվականի տվյալների համաձայն, զարգացող երկրներում 200 դեղաչափով ինհալիացիոն դեղաձևի արժեքը կազմում է 1.12-2.64 ամերիկյան դոլար[8]։ ԱՄՆ-ում բուժման մեկամսյա կուրսի համար անհրաժեշտ է 25-50 ամերիկյան դոլար[9]։ Կիրառման ցուցումներՍալբուտամոլը սովորաբար օգտագործվում է բրոնխոսպազմների (ցանկացած պատճառի դեպքում՝ ալերգային ծագման բրոնխային ասթմա կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ խթանված ասթմա), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների բուժման ժամանակ[2]։ Որպես կարճատև ազդեցության բրոնխոլայնիչ օգտագործվում է բրոնխային ասթմայի նոպայի թուլացման համար, նաև հանդիսանում է անհետաձգելի բուժօգնության համար կիրառվող ինհալիատորների կազմի ամենատարածված դեղամիջոցներից մեկը[10]։ β2 ընկալիչների նկատմամբ համակորդ հատկության շնորհիվ, սալբուտամոլն օգտագործվում է նաև մանկաբարձության ոլորտում։ Ներերակային սալբուտամոլն օգտագործվում է որպես տոկոլիտիկ թուլացնելով արգանդի հարթ մկանները, կանխարգելում է վաղաժամ ծննդաբերությունը։ Չնայած, այն գերադասելի է ատոսիբանից և րիտոդրինից՝ սալբուտամոլի դերը մեծ մասամբ փոխարինվել է կալցիումական անցուղիների պաշարիչ հանդիսացող նիֆեդիպինով, որն ավելի արդյունավետ է, ավելի տոլերանտ է (տանելի) և ներքին ընդունման ուղիով ներմուծվող դեղաձև է[11]։ Սալբուտամոլն օգտագործվում է սուր հիպերկալիեմիայի բուժման ժամանակ, քանի որ այն խթանում է կալիումի հոսքը դեպի բջիջներ՝ դրանով իսկ նվազեցնելով արյան մեջ կալիումի մակարդակը[3]։ Կողմնակի երևույթներԱմենատարածված կողմնակի երևույթներն են՝ փոքր ցնցումները, տագնապը, գլխացավը, մկանային կծկումը, բերանի չորությունը և սրտխփոցը[12]։ Այլ երևույթներից են՝ հաճախասրտությունը, առիթմիան, մաշկի հիպերեմիան (գերարյունություն), սրտամկանի իշեմիա, քնի և վարքի խանգարում[12]։ Հազվադեպ հանդիպող, բայց կարևոր ալերգիկ կողմնակի երևույթներն են՝ պարադոքսալ բրոնխոսպազմները, եղնջացանը, անգիոնևրոտիկ այտուցը (անոթայտուց), հիպոտենզիան (արյան ճնշման իջեցում) և թմբիրը (կոլլապս)։ Դեղանյութի բարձր դեղաչափերը կամ երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել հիպոկալիեմիայի, որը հատկապես կարևոր է երիկամային անբավարարություն ունեցող և միզամուղներ ու քսանթինի ածանցյալներ օգտագործող հիվանդների համար[12]։ ՖարմակոլոգիաՍալբուտամոլի բութիլ խումբը նրան ավելի ընտրողական է դարձնում β2 ընկալիչների համար[13], որոնք կազմում են բրոնխային ընկալիչների հարթ մկանների գերակշռող մասը։ Այս ընկալիչների ակտիվացման արդյունքում ադենոզինեռֆոսֆորական թթուն (ԱԵՖ) ադենիլիլ ցիկլազա ֆերմենտի մասնակցությամբ փոխակերպվում է ցիկլային ադենոզին մոնոֆոսֆորական թթվի (ցԱՄՖ), սկսվում է ազդանշանային կասկադը, որն ավարտվում է միոզինի ֆոսֆորիլացման արգելակմամբ և ներբջջային տարածությունում կալցիումի իոնների խտության նվազեցմամբ (միոզինի ֆոսֆորիլացումն ու կալցիումի իոններն անրաժեշտ են մկանների կծկման համար)։ ՑԱՄՖ-ի մակարդակի բարձրացումն արգելակում է շնչուղիներում գտնվող բորբոքային բջիջներին, ինչպիսիք են բազոֆիլները, էոզինոֆիլները և պարարտ բջիջները, և ցիտոկինների ու բորբոքային միջնորդանյութերի արտազատումը[14][15]։ Սալբուտամոլը և β2 ընկալիչների այլ համակորդներ բարձրացնում են կալցիումի և կալիումի իոնների հանդեպ զգայուն անցուղիների անցանելիությունը՝ հանգեցնելով գերբևեռացման և բրոնխների հարթ մկանների թուլացման[16]։ Սալբուտամոլը, կա՛մ երիկամներում անմիջապես ենթարկվում է ֆիլտրացիայի, կա՛մ էլ սկզբում փոխակերպվում է 4՛-Օ-սուլֆատի և արտազատվում մեզի միջոցով[4]։ ՔիմիաԿառուցվածք և ակտիվությունՍալբուտամոլը վաճառվում է ռացեմացված խառնուրդների տեսքով։ (R)-(-)-էնանտիոմերը (ԿԻՊ-ի (Կան-Իգնոլդ-Պրելոգ) դասակարգում), որը ձախ կողմում գտնվող նկարի մեջ պատկերված է վերևում, պատասխանատում է դեղաբանական ազդեցության համար։ (S)-(+)-էնանտիոմերն (ներքևում պատկերված) արգելակում է իր և ֆարմակոլոգիապես ակտիվ էնանտիմերների էլիմինացիան[17]։ (S)-(+)-էնանտիոմերի դանդաղ նյութափոխանակությունը հանգեցնում է թոքերում վերջինիս կուտակմանը, ինչը կարող է առաջացնել շնչուղիների հիպերռեակտիվականություն և բորբոքում[18]։
ՊատմությունՍալբուտամոլը հայտնաբերվել է 1966 թվականին, Ալլեն և Հանբուրիս ֆարմակոլոգիական ընկերության լաբորոտրորիայում Դեյվիդ Ջեքի և նրա գլխավորած թիմի կողմից (Ուեյր, Հարդֆորդշիր, Անգլիա) և թողարկվել է Վենտոլին անվամբ 1969 թվականին[19]։ 1972 թվականին Մյունհենյան Օլիմպիադան առաջին Օլիմպիադան էր, որի ժամանակ իրականացվեցին հակադոպինգային միջոցառումներ, և այդ ժամանակներին բետա-2 ընկալիչների համակորդները համարվում էին ստիմուլյատորներ։ Այդ խաղերի ժամանակ ինհալյացիոն սալբուտամոլները հակացուցված էին, բայց 1986 թվականից թույլատրված էին (չնայած այդ ժամանակ բետա-2 ընկալիչների համակորդների հաբային տարբերակներ չկային)։ 1990-ականներին բրոնխային ասթմա ունեցող և դրա բուժման համար բետա-2 ընկալիչների համակորդներ օգտագործող մարզիկների քանակի կտրուկ ավելացման հետևանքով նրանք պետք է ապացուցեին, որ ունեն բրոնխային ասթմա, որպեսզի կարողանային ընդունել ինհալիացիոն դեղանյութը[20]։ Հասարակություն և մշակույթԱրժեք2014 թվականի տվյալների համաձայն, զարգացող երկրներում 200 դեղաչափով ինհալիացիոն դեղաձևի արժեքը կազմում է 1.12-2.64 ամերիկյան դոլար[8], իսկ ըստ 2015 թվականի տվյալների՝ Միացյալ Թագավորությունում կազմում է 1,50 բրիտանական ֆունտ ստերլինգ[21]։ ԱՄՆ-ում բուժման մեկամսյա կուրսը կազմում է 25-50 ամերիկյան դոլար[9]։ ԱնվանումներԴեղամիջոցի՝ որպես սալբուտամոլ, անվանումն ընդունված է ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ում այն հայտնի է որպես ալբուտերոլ։ Դեղանյութը սովորաբար արտադրվում և տարածվում է սուլֆատական աղի տեսքով (սալբուտամոլի սուլֆատ)։ Առաջին անգամ այն վաճառվել է Ալլեն և Հանբուրիս ֆարմակոլոգիական ընկերության (Մեծ Բրիտանիա) կողմից Վենտոլին վաճառքային անվան տակ, և այդ օրվանից օգտագործվում է բրոնխային ասթմայի բուժման մեջ[22]։ Դեղամիջոցը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր անվանումներով[1]: Դոպինգ2011 թվականի տվյալների համաձայն չկար ոչ մի տեղեկություն այն մասին, որ սալբուտամոլի ներշնչման ժամանակ դիտվում է ֆիզիկական ակտիվության բարձրացում, սակայն կան դեղանյութի այդպիսի արդյունքների մասին տարբեր տեղեկություններ՝ ներքին ընդունման և ներերակային ուղիներով դրա ներմուծման ժամանակ[23][24]։ 2011 թվականից ՀՀԴԿ-ն (Համաշխարհային Հակադոպինգային Կոդեքս) թույլատրեց սալբուտամոլի (առավելագույնը 1600 մկգ 24 ժամվա ընթացքում) և սալմետերոլի ինհալիացիոն տարբերակների օգտագործումը օլիմպիական մարզիկների շրջանում[25][26]։ Դեղանյութի չարաշահումը կարող է հաստատվել արյան պլազմայում և մեզի մեջ դրա հայտնաբերմամբ, որի խտությունը սովորաբար գերազանցում է 1000 նգ/մլ։ Սալբուտամոլն ունի կարճ կիսատրոհման պարբերություն, որը նրա 4 մգ դեղաչափով ներքին ընդունման դեպքում կազմում է 5-6 ժամ, և դրա պատճառով այն մեզի մեջ կարելի է հայտնաբերել 24 ժամվա ընթացքում[27][28][29][30]։ ՀետազոտությունՍալբուտամոլը փորձարկվել է Dok-7 գենի մուտացիայի հետ կապված բնածին միասթենիկ համախտանիշի ենթատիպերի ժամանակ[31]։ Դա նաև թեստավորվել է ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման համար իրականացվող հետազոտություններում։ Ենթադրվում է, որ այն խթանում է SMN2 գենի այլընտրանքային սփայսինգը, մեծացնելով SMN սպիտակուցի քանակը, որի պակասը դիտարկվում է որպես հիվանդության պատճառ[32][33]։ Օգտագործումը անասնաբուժության ոլորտումՍալբուտամոլի ցածր թունայնությունը դարձնում է նրան անվնաս շատ կենդանիների համար, հեևաբար հանդիսանում է շատ տեսակերի մոտ հանդիպող շնչուղիների սուր օբստրուկցիաների բուժման ընտրության դեղամիջոց[18]։ Այն սովորաբար օգտագործվում է կատուների ու շների բրոնխոսպազմների, և որպես բրոնխոլայնիչ՝ ձիերի շնչուղիների կրկնվող օբստրուկցիաների բուժման համար։ Սալբուտամոլը կարող է օգտագործվել նաև անհետաձգելի իրավիճակներում՝ կատուների ասթմային նոպաների բուժման համար[34][35]։ Թունավոր ազդեցությունների հասունացման համար հարկավոր է դեղանյութի շատ բարձր դեղաչափեր, իսկ գերդոզավորումների շատ դեպքեր կապված են նրա հետ, որ շներն ուտում են հաբերը կամ ծակում են դեղամիջոցը պարունակող ինհալիատորների սրվակները[36]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|