«Սեր և ուրիշ դեղամիջոցներ» (անգլ.՝ Love and Other Drugs), 2010 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծվել է Ջեյմի ՌեյդիիHard Sell: The Evolution of a Viagra Salesman գիտահանրամատչելի ինքնակենսագրական[6] գրքի հիման վրա[7]։
Միացյալ Նահանգներում և Կանադայում ֆիլմը վարձույթի է հանվել 2010 թվականի նոյեմբերի 24-ին՝ արժանանալով քննադատների խառը արձագանքներին և հավաքելով 103 մլն դոլար։
Ֆիլմին տրվել է R վարկանիշ (17 տարեկանից փոքր դեռահասները կարող են դիտել միայն ծնողներից առնվազն մեկի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ), սեռական բնույթի տեսարանների, մերկության և ոչ ցենզուարյին արտահայտությունների համար[8]։
Սյուժե
Ջեյմի Ռենդելը (Ջեյք Ջիլենհոլ) վաճառող է կենցաղային տեխնիկա խանութում, սակայն գործընկերուհու հետ սեքսից հետո կորցնում է նաև այդ աշխատանքը։ Նրա կրտսեր եղբայրը, որ գործարար է, խորհուրդ է տալիս դառնալ դեղամիջոցների վաճառքի գծով կոմերցիոն գործակալ։
Ջեյմին մասնակցում է դասընթացների Պֆայզեր ընկերությունում և սկսում բժիշկներին համոզել, որ նրանք հաճախորդներին նշանակեն «Զոլոֆտ», ոչ թե «Պրոզակ»։ Տալով $1000 կաշառք՝ նա դառնում է բժիշկ Ստենի ստվերը և փորձում ուսումնասիրել հիվանդանոցային առօրյան ներսից։ Բժշկական ընդունելություններից մեկի ժամանակ նա ծանոթանում է Մեգիի հետ (Էն Հեթուեյ)։ Վերջինս գեղեցկուհի է, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և բժշկի է դիմել դեպրեսիայի պատճառով։
Մեգին հեշտությամբ համաձայնում է Ջեյմիի հետ սեքսով զբաղվել, թվում է՝ նա ապրում է թեթև, մեկ օրով։ Իրականում Մեգին հուսահատորեն սեր է որոնում, իսկական սեր, բայց անբուժելի հիվանդության պատճառով նրա անձնական կյանքը չի դասավորվում։ Ջեյմիի այն հարցը, թե ինչու է նա բաժանվել իր ընկերոջից, վիրավորում է Մեգիին, և նա լռում է։ Հարցի պատասխանը Ջեյմին ստանում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների ակումբում, ուր Մեգին մի անգամ հրավիրում է նրան։ «Ես սիրում եմ իմ կնոջը, բայց դու ավելի լավ է փնտրես նոր կնոջ։ Ես չէի ուզենա անցնել այս ամենի միջով երկրորդ անգամ»,– ասում է նրան ակումբի այցելուներից մեկը։ Ջեյմին փորձում է բուժել Մեգիին, տանում է նրան բժիշկների մոտ։ Սկզբում Մեգին ենթարկվում է, բայց հետո ասում է, որ բավական է։ Նրա հիվանդության համար դեղամիջոց չկա, ապագայում սպասվում է միայն վիճակի վատթարացում։ Նա Ջեյմիին առաջարկում է միայն սիրել իրեն։ Ջեյմին համաձայն չէ։ Մեգին Ջեյմիի մեջ չի տեսնում սեր, այլ միայն եսասիրություն, և նրանք բաժանվում են։
Ջեյմին հրավիրվում է աշխատելու Չիկագոյում։ Ջեյմին իր տնօրենին՝ Բրյուս Ջեքսոնին, հարցնում է, թե նա ինչու չի գնում Չիկագո, և վերջինս պատասխանում է, թե փողն ամենակարևորը չէ կյանքում։ Բրյուսին դուր է գալիս հանգիստ կյանքը փոքր քաղաքում՝ փոքր տանը, այնպիսի կյանքը, որն ինքը վարում է։
Իրերը հավաքելիս Ջեյմին դիտում է Մեգիի հետ իր զրույցի տեսաձայնագրությունը։ Հանկարծ նա հասկանում է, որ Մեգին իրեն պետք է այնպիսին, ինչպիսին կա։ Նրան պետք է, որ իրեն սիրեն ու հոգ տանեն իր մասին։ Ջեյմին չի գնում Չիկագո և մնում է Մեգիի հետ։ Նա համարում է, որ գտել է իր կյանքի իմաստը, և նրանք միասին պետք է երջանիկ լինեն։
Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում 2009 թվականի սեպտեմբերի 21-ին[9]։ Քաղաքն ընտրվել է իր մթնոլորտի, բժշկական հարուստ պատմության և կինոարտադրության օգտին եղած պետական հարկային խրախուսական ծրագրի պատճառով[10]։