Վիտրուվիոս
Մարկոս Վիտրուվիոս Պոլիո (լատին․՝ Marcus Vitruvius Pollio, մ.թ.ա. I դար), հռոմեացի ճարտարապետ, ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան։ Եղել է ջրաբաշխության և ռազմական մեքենաշինության մասնագետ։ Նրա «Տասը գիրք ճարտարապետության մասին» (լատին․՝ De architectura libri decem) երկը ճարտարապետության մասին անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած միակ աշխատությունն է և, ըստ հեղինակի վկայության, գիրքը գրելու պահին ճարտարապետության մասին լատիներեն լեզվով գոյություն ունեցող միակ ուսումնասիրությունը։ Վիտրուվիոսը ձոնել է երկը Օկտավիանոս Օգոստոսին։ Հեղինակը ընդհանրացնում է հունական և հռոմեական ճարտարապետության փորձը, քննում է քաղաքաշինական, ճարտարագիտական-տեխնիկական ուղեկցող հարցերը և գեղարվեստական ընկալման սկզբունքները։ Աշխատությունում առաջին փորձն է արվել համադրելու գեղագիտական-փիլիսոփայական և տեխնիկական-շինարարական խնդիրները գործնական իմաստով։ Վիտրուվիոսը առաջադրել է ճարտարապետության տեխնիկական, գործառական և գեղագիտական միասնության գաղափարը, կառույցի նկատմամբ՝ «ամրություն, օգտակարություն և գեղեցկություն» սկզբունքը։ Դասական ճարտարապետության ընկալման՝ Վիտրուվիոսի ռացիոնալ տեսակետը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում։ Վիտրուվիոսը տեղեկություններ է տալիս նաև այն մասին, որ տրակտատներ են գրել հույն ճարտարապետներ Իկտինոսը, Խերսիֆրոնը, Թեոդորոս Սամոսացին և ուրիշներ։ Նկարագրել է ուշ հելլենիստական շրջանի Ալեքսանդրիայի, Անտիոքի շենքերը, Փոքր Ասիայի, Հարավային Կովկասի, Հոնիայի տները, դասակարգել կառույցներն ըստ տիպերի, երկրների և ժողովուրդների, վեր հանել շինարարական տեխնիկայի տարբերությունները Արևմուտքում և Արևելքում։ Միջնադարում գրեթե մոռացության մատնված տրակտատը սկսած Վերածննդի դարաշրջանից և հատկապես կլասիցիզմի ժամանակաշրջանում ուսումնասիրվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, մեծ նշանակություն ունեցել մասնավորապես օրդերների կանոնիկ ձևերի մշակման գործում։
|