The Notorious B.I.G.
Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլաս (անգլ.՝ Christopher George Latore Wallace, մայիսի 15, 1972[4][5], Bedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 1997[3], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), առավել հայտնի the Notorious B.I.G. (Նոտորիուս Բի-Այ-Ջի), Biggie Smalls (Բիգգի Սմոլս), կամ պարզապես՝ Biggie (Բիգգի)[7] բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղաամասում։ 1993 թվականին պայմանագիր է կնքել Շոն Քոմսի (Փաֆ Դեդդի) «Bad Boy Records» ձայնագրման լեյբլի հետ։ Սկզբնական ճանաչման է արժանացել մի շարք երաժիշտների ստեղծագործություններում ունեցած դուետների շնորհիվ։ 1994 թվականին թողարկած «Ready to Die» դեբյուտային ալբոմն արժանանում է բարձր գնտահատանքի և կոմերցիոն հաջողության։ Ալբոմում տեղ գտած առավել հայտնի հիթային կատարումներից էին «Juicy» և «Big Poppa» ստեղծագործությունները։ Ալբոմի շնորհիվ Բիգգին դարձավ արևելյան ափի հիփ հոփի կենտրոնական գործիչներից մեկը, բարձրացրեց նյույորքյան հիփ հոփի նշմարվելիությունը մի ժամանակահատվածում, երբ առավել գերիշխող դիրքում էր արևմտյան ափը[8]։ Հաջորդ տարի Ուոլասն իր հովանավորյալ «Junior M.A.F.I.A.» համույթին նույնպես տարավ կոմերցիոն հաջողության ուղղով։ 1996 թվականին, թվով երկրորդ ալբոմը ձայնագրելու ընթացքում, Ուոլասն առավել խճճվեց Արևելք-Արևմուտք սրվող հակամարտության մեջ։ 1996 թվականի սեպտեմբերին, երբ Լաս Վեգասում սպանվեց Թուփաք Շակուրը, լուրեր էին շրջանառվում, որ ռեփերի մահվան հետ առնչություն ունեին Ուոլասը և «Bad Boy»-ի շրջանակը։ 1997 թվականի մարտի 9-ին, Լոս Անջելես այցելելիս, Ուոլասը սպանվեց մեքենայից արձակված կրակոցների հետևանքով։ Ուոլասի մարդասպանը մինչ օրս անհայտ է։ Սպանությունից երկու շաբաթ անց թողարկվեց «Life After Death» ալբոմը և գրավեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում, ինչպես նաև Միացյալ նահանգներում ստացավ ադամանդե հավաստագրում[9]։ Հետագայում թողարկվել են ևս երկու հետմահու ալբոմներ։ Ուոլասի ալբոմներն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցել են 28 միլիոն օրինակի վաճառք։ «Rolling Stone» հանդեսը Ուոլասին անվանել է «երբևէ ապրած մեծագույն ռեփեր» (greatest rapper that ever lived)։ 2020 թվականին դարձել է Ռոքնռոլի փառքի սրահի անդամ։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|