Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)։ Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն։ Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ տեստոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։
Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ)։
Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն)։ Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում։ Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների։ Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից։ Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում։ Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ։
Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ։ Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա։ Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից։
Կառուցվածք
Ներքին կառուցվածք
Ձախ ամորձու և ամորձապարկի լայնական կտրվածք
Խողովակների համակարգ
Ամորձին արտաքինից պատված է խիտ թելակազմ պատյանով, որը կոչվում է սպիտակավուն պատյան[4]։ Սպիտակավուն պատյան տակ շատ ոլորված խողովակներ կան, որոնք կոչվում են սերմնային ոլորուն խողովակիկներ[4]։ Խողովակիկները ներսից ծածկված են սերմնածին էպիթելով, որտեղ գտնվող գոնոցիտներից սեռահասունություններից մինչև ծերություն զարգանում են սերմնային բջիջներ (նաև կոչվում են սպերմատոզոիդներ կամ արական գամետներ)[4]։ Զարգացող սպերման սերմնային խողովակիկներից շարժվում է դեպի ամորձու ցանց, որը տեղակայված է ամորձու միջնորմի հաստության մեջ, այնուհետև շարժվում է դեպի արտատար (էֆերենտ) ծորաններ, որտեղից էլ դեպի մակամորձի, որտեղ նոր առաջացած սերմնային բջիջները հասունանում են (սպերմատոգենեզ)[5]։ Այնուհետև սպերմը տեղափոխվում է սերմնածորան, որը բացվում է միզուկի մեջ և մկանային կծկումների միջոցով միզուկի արտաքին բացվածքով դուրս է գալիս[5]։
Բջջային կազմ
Սերմնային ոլորուն խողովակիկների ներսում սպերմատոգենեզի ընթացքում գոնոցիտներից առաջանում են սպերմատոգոնիաներ, սպերմատոցիտներ, սպերմատիդներ և սպերմատոզոիդներ։ Գամետները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ[6]։ Սերտոլիի բջիջները, որոնք սերմնային խողովակիկների էպիթելային բջիջներն են, անհրաժեշտ են գոնոցիտներից սպերմատոզոիդների զարգացմանը խթանելու համար։ Սերտոլիի բջիջները արտադրում են ինհիբին[7]։ Մկանային բջիջները շրջապատում են սերմնային խողովակիկները[8]։
Սերմնային խողովակիկների միջև գտնվում են ինտեստիցիալ բջիջներ, որոնք կոչվում են Լեյդիգի բջիջներ[9]։ Սրանք արտադրում են տեստոստերոն և այլ անդրոգեններ, որոնք անհրաժեշտ են սեռահասունացման (ներառյալ երկրորդային սեռական հատկանիշների, օրինակ՝ դիմային մազածածկույթի զարգացման համար), սեռական վարքագծի և լիբիդոյի համար։ Սերտոլիի բջիջները խթանում են սպերմատոգենեզը[10]։ Տեստոստերոնը կառավարում է ամորձու ծավալը։
Ամորձին երեք աղբյուրներից է զարկերակային արյուն ստանում՝ ամորձային զարկերակից, սերմնածորանային զարկերակից և ամորձին բարձրացնող մկանի զարկերակից[11]։ Ամորձու և ամորձապարկի արյունամատակարարումը և ավշային արտահոսքը միմյանցից անջատ է կատարվում․
Զույգ ամորձային զարկերակները սկսվում են անմիջապես որովայնային աորտայից և, աճուկային խողովակով իջնելով ցած, անոթավորում է ամորձին, մինչդեռ ամորձապարկը և արտաքին սեռական օրգանները անոթավորում է ներքին ամոթույքային զարկերակը (ներքին զստային զարկերակի ճյուղ)[12][13]։
Ամորձիները ունեն նաև համակողմնային արյունամատակարարում ամորձին բարձրացնող մկանի զարկերակով (վերորովայնային ստորին զարկերակի ճյուղ է, որն էլ արտաքին զստային զարկերակի ճյուղ է) և սերմնածորանային զարկերակով (ստորին միզապարկային զարկերակի ճյուղ է, որն էլ ներքին զստային զարկերակի ճյուղ է)[14][15]։ Ուստի, եթե ամորձային զարկերակը խցանվի, օրինակ՝ Ֆովլեր-Ստեվենսի օրխիոպեքսիայի ժամանակ, ամորձինները չեն տուժում, քանի որ արյունամատակարարում չի խախտվում[16]։
Ամորձուց երակային արյունն արտահոսում է ամորձային երակներով, որոնք սերմնալարի կազմի մեջ առաջացնում են ողկուզանման երակային հյուսակը (plexus venosus pampiniformis): Աջ ամորձային երակները բացվում են ստորին սիներակի մեջ, ձախ ամորձային երակները՝ ձախ երիկամային երակի մեջ։
Ամորձուց ավիշը արտահոսում է դեպի հարաորտային (նաև կոչվում է գոտկային) ավշային հանգույցներ, մինչդեռ ամորձապարկից այն հոսում է դեպի աճուկային ավշային հանգույցներ[12][15]։
Հեմատոտեստիկուլյար պատնեշ
Խոշոր մոլեկուլները չեն կարող անցնել արյունից սերմնային խողովակների լուսանցք՝ ի շնորհիվ հարևան Սերտոլիի բջիջների միջև առկա սերտ միացումների շնորհիվ։ Սրանցով սերմնային խողովակիկի լուսանցքը բաժանում է երկու մասի՝ 1) հիմային մաս, որտեղ գտնվում են սպերմատոգոնիումներ, 2) ադլյումինալ մաս, որտեղ առկա են I և II կարգի սպերմատոցիտներ, սպերմատիդներ, սպերմատոզոիդներ[17]։
Հեմատոտեստիկուլյար պատնեշի հիմնական ֆունկցիաներից է այն, որ կանխում է աուտոիմուն ռեակցիան[12]։ Քանի որ սերմնահեղուկը իր հակածիններով տարբերվում է մյուս հյուսվածքներից, ուստի արու կենդանու մոտ կարող է հակամարմիններ արտադրվեն իր իսկ սերմնաբջիջների դեմ[12]։
Սերմնաբջիջների հակածինների ներարկումը հանգեցնում է ամորձիների բորբոքում (աուտոիմուն օրխիտ) և պտղաբերությունը նվազում է[12]։ Ուստի հեմատոտեստիկուլյար պատնեշը նվազեցնում է սերմնաբջջի սպիտակուցների դեմ իմունային պատասխանի առաջացումը[18]։
Ջերմակարգավորում
1926 թվականին Կառլ Ռիչարդ Մուրը[19] ենթադրեց, որ ամորձիները ունեն արտաքին տեղակայում, քանի որ սպերմատոգենեզը ակտիվ տեղի է ունենում բուն մարմնի ջերմաստիճանից ավելի ցածր ջերմաստիճանում։ Սպերմատոգենեզը քիչ արդյունավետ է 33°C ջերմաստիճանից բարձր կամ ցածր պայմաններում։ Քանի որ ամորձիները մարմնի խոռոչից դուրս են գտնվում, ամորձապարկի փափուկ հյուսվածքները կարող են այն մոտեցնել մարմնին կամ հեռացնել մարմնից[4]։ Ամորձիների ջերմաստիճանը պահպանվում է 34.4°C-ը` մարմնի ջերմաստիճանից փոքր-ինչ ցածր, քանի որ 36.7°C ջերմաստիճանից բարձր պայմաններում սպերմատոգենեզը խաթարվում է[4][20]։ Կան բազում մեխանիզմներ ամորձիների օպտիմալ ջերմաստիճանը պահպանելու համար[21]։
Ամորձին բարձրացնող մկանը (musculus cremaster) ծածկում է ամորձիները և սերմնալարը[22]։ Երբ այս մկանը կծկվում է, սերմնալարը կարճանում է և ամորձիները ավելի են մոտենում մարմնին, ինչը տաքություն է հաղորդում դրանց և պահպանվում է օպտիմալ տեստիկուլյար ջերմաստիճանը[22]։ Երբ անհրաժեշտ է ամորձիների ջերմաստիճանը նվազեցնել, ամորձին բարձրացնող մկանը թուլանում է և ամորձիները հեռանալով տաք մարմնի մակերևույթից, նվազեցնում են ջերմաստիճանը[22]։ Այս մկանի կծկումը տեղի է ունենում նաև ֆիզիկական սթրեսին ի պատասխան (օր.` բութ վնասվածքներ). ամորձապարկի ձգվում և մոտեցնում է ամորձիները մարմնին, որպեսզի դրանք չվնասվեն[23]։
Կրեմաստերիկ ռեֆլեքսի շնորհիվ ամորձիները ակամա բարձրանում են։ Ամորձիները կարող են նաև կամովի բարձրանալ ցայլապոչուկային մկանի շնորհիվ։
Գենային և սպիտակուցային էքսպրեսիա
Մարդու գենոմը մոտավորապես ներառում է 20000 սպիտակուց կոդավորող գեներ, որոնց 80%-ը ենթարկվում են էքսպրեսիայի մեծահասակների ամորձիներում[24]։ Ամորձիները ունեն ամենաբարձր հյուսվածք-սպեցիֆիկ գեների քանակը` ի տարբերություն մյուս օրգանների և հյուսվածքների[25]։ Մոտ այդ գներից 1000-ը բացառապես հատուկ են միայն ամորձիներին[24], իսկ 2200-ը ցույց են տալիս ավելի մեծ էքսպրեսիայի արագություն։ Այս գեների մեծ մասը կոդավորում է սպիտակուցներ, որոնք էքսպրեսիայի են ենթարկվում սերմնային խողովակիկներում և ունեն սպերմատոգենեզի հետ կապակցված գործառույթներ[25]։ Սպերմատոզոիդները էքզպրեսիայի են ենթարկում սպիտակուցներ, որոնք հանգեցնում են մտրակի առաջացմանը. այս նույն սպիտակուցները սինթեզվում են նաև կնոջ արգանդափողերի ներքին շերտի բջիջների կողմից` հանգեցնելով թարթիչների առաջացմանը։ Սպերմատոզոիդների մտրակները և արգանդափողերի թարթիչները հոմոլոգ կառույցներ են։ Ամորձի-սպեցիֆիկ սպիտակուցները, որոնք էքսպրեսիայի ամենաբարձր մակարդակն են դրսևորում, պրոտամիններն են[26]։
↑ 5,05,1Pocock, Gillian; Richards, Christopher D.; Richards, David A. (2018). Human Physiology. Oxford University Press. էջ 766. ISBN978-0-19-873722-3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
↑Wiser, Herbert J.; Sandlow, Jay; Kohler, Tobias S. (2012). «Causes of Male Infertility». Male Infertility: Contemporary Clinical Approaches, Andrology, ART & Antioxidants. Springer Science & Business Media. էջ 8. ISBN978-1-46-143335-4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 327)։