Հայտնի է նաև Հայաստանում 2000-2800 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմՆիկոլայ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով[8][9], ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու[10] անխախտ դիրքորոշումով և պահանջով[11][12][13][14]։
Կենսագրություն
Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895 թ. նոյեմբերի 13-ին Սանահին գյուղում (ներկայումս՝ ՀՀ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս)։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը։ 1916 թվականին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում։
Արդեն որպես Բաքվի ՌՍԴ(բ) կ կոմիտեի նախագահության անդամ Միկոյանը խմբագրել է նաև «Социал-демократ» և «Известия Бакинского Совета» թերթերը։
Բաքվի կոմիսարների տապալումից հետո մնացել է Բաքվում՝ գլխավորելով բոլշևիկների ընդհատակյա շրջկոմը։
Թուրքերի կողմից Բաքուն գրավելուց անմիջապես առաջ Միկոյանը կարողացավ հասնել կոմիսարների ազատ արձակման ու էվակուացիայի կազմակերպմանը։ Այնուհետև նա կոմիսարներին շոգենավով դուրս բերեց Բաքվից, սակայն Կրասնովոդսկում նրանք նորից ձերբակալվեցին։ Միկոյանն ազատվեց 1919 թ. փետրվարին և հենց նույն տարվա մարտից սկսեց ղեկավարել ՌԿԿ (բ)-ի կովկասյան մարզկոմի Բաքվի բյուրոն։
1919 թ. հոկտեմբերին նա կանչվեց Մոսկվա և դարձավ ՌԿԳԿ անդամ։ Բոլշևիկների կողմից Բաքուն գրավելուց հետո Միկոյանը վերադարձավ Բաքու որպես 11-րդ բանակի ռազմահեղափոխական կոմիտեի լիազոր։ Այնուհետև, մինչև 1920 թվականը ղեկավարել է Նիժնի Նովգորոդի նահանգային կոմիտեն։
1926-1949 թթ․ և 1953-1955 թթ․ եղել է ԽՍՀՄ Կառավարության կազմում, ղեկավարելով, ըստ հերթականության, ԽՍՀՄ Արտաքին և ներքին առևտրի, Մատակարարման, Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատները, Արտաքին առևտրի, Առևտրի նախարարությունները։ 1946–1949 թթ․ և 1953-1955 թթ․ նա նաև ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալն էր, 1957-1964 թթ՝ առաջին տեղակալը։
Անաստաս Միկոյանի անվան հետ է կապված ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ծավալումը։ Դեռևս 1931 թ., հանդիսանալով ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար, Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ կառավարությանը ներկայացրեց Խորհրդային սննդի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր։ 1936 թ. Միկոյանը իր կնոջ՝ Աշխենի հետ երկու ամիս այցով գտնվեց ԱՄՆ-ում (ԽՍՀՄ պատմության մեջ կառավարության գործող անդամի ամենաերկարատև արտաքին ուղևորությունն էր), որի ընթացքում հիմնավորապես ուսումնասիրեց ամերիկյան սննդի արդյունաբերությունը, մեծ ծավալի տեխնիկական գնումներ կատարվեցին, որոնք նպաստեցին Խորհրդային սննդի արդյունաբերության վերազինմանը։ Միկոյանի շնորհիվ ԽՍՀՄ-ում սկսվեց պաղպաղակների արտադրությունը։ Մինչև իր պաշտոնավարման վերջը Անաստաս Միկոյանն անձնական հսկողության տակ էր պահում պաղպաղակի որակը։
1962 թ․ ակտիվորեն մասնակցել է Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը, անձամբ բանակցելով Ջոն Քենեդու և Ֆիդել Կաստրոյի հետ։ Այդ ընթացքում Մոսկվայում մահացավ նրա կինը։ 1963 թ․ նոյեմբերի նա ներկայացնում էր ԽՍՀՄ ղեկավարությունը Ջոն Քենեդու թաղման արարողությանը։
1964 թ․ հուլիսի 15–ից 1965 թ․ դեկտեմբերի 9–ը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահն էր։ Այնուհետև մինչև 1974 թ․ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ էր։
↑«Արխիվացված պատճենը». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: Text "titleՄիկոյան Անաստաս Հովհաննեսի (Իվանի)" ignored (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 542)։