Արուս Ոսկանյան
Արուս Տիգրանի Ոսկանյան (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարբասյան, ապրիլի 28 (մայիսի 10), 1889, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ ԿենսագրությունԱրուս Ոսկանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ապրել է անկարիք մանկություն, ստացել լավ կրթություն։ Վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին[1]։ Ավարտել է Էսայան վարժարանի նախակրթական բարձրագույն բաժինները, ապա ուսանել ֆրանսիական քոլեջում։ Կրթությունն ավարտելուց հետո ընտրում է ուսուցչուհու գործը Ազգային հիվանդանոցի որբանոցում։ Նա Էսայան վարժարանում դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, որի մեջ մեծ դեր է ունեցել նրա ուսուցչուհին՝ բանաստեղծուհի Սիպիլը։ Բայց ուսուցչուհու գործը այնքան չէր գրավում նրան, որքան դերասանուհու աշխատանքը։ Եվ Արուսյակ Դարբասյանի համար առաջին առիթը եղավ երիտասարդ Վահրամ Փափազյանի ժամանելը Կոստանդնուպոլիս։ Աղջկան ոգևորում է երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ «Օթելլոյում» խաղալ Էմիլիայի դերը։ Նշանված օրիորդը շատ համարձակ է գտնվում և արհամարհում է դրության բարդ լինելը ու ստիպված է լինում նաև հատուցել դրա համար։ Շուտով փեսացուն հրաժարվում է նրանից, իսկ աղջկան ծնողները փախցնում են Բուլղարիա[2][3]։ Երկրորդ առիթը Արուսյակ Դարբասյանին կապում է թատերական արվեստին։ 1908 թվականին Բուլղարիայից վերադարձած օրիորդը դիտում է Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները։ Թատերախմբի այդ կազմը, նրա տված ներկայացումները, այդ հյուրախաղերն նրա մեջ առաջացնում են բեմին նվիրվելու մեծ ձգտում։ Շուտով Արուսյակ Դարբասյանը ծանոթություն է հաստատում Աբելյանի հետ, ստանում նրա մեծ հովանավորությունը, ստանում Սիպիլի օրհնությունը, և Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնում Կովկաս։ Իսկ երբ օրիորդը մտերմանում, ապա և ամուսնանում է այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, լիովին գտնում է իր տեղը թատրոնում։ Արուսյակ Դարբասյանին փոխարինում է դերասանուհի Արուս Ոսկանյանը, ով մեծ ճանապարհ է անցնում արվեստում։ Կովկաս գալով՝ Ոսկանյան ընտանիքը հաստատվում է Բաքվում։ Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սև Քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական և օպերետային ներկայացումներում։ Այստեղ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան և ինքնակամ ստանձնում նրա բեմական ուսուցիչը լինելու գործը։ Մինչև 1917 թվականը Ոսկանյանը հանդես է եկել Բաքվում, երբեմն էլ, Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ, շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում և այլուր։ Այդ տարիներին շատ դերեր է խաղացել երիտասարդ դերասանուհին. Սոնա, Սուսան, Մարգարիտ՝ Շիրվանզադեի դրամաներում և այլն։ Դերասանուհու գործունեության հաջորդ փուլը (1917-1921 թվականներ) ընթանում է Թիֆլիսում։ 1917 թվականից Ալեքսանդր Շիրվանզադեի՝ դերասանուհու հովանավորի խորհուրդներով ու աջակցությամբ, Ոսկանյանը հանդես է գալիս Թիֆլիսում, Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում։ Նրա մեծաթիվ դերերի մեջ առանձին նշանակություն է ստանում Կատերինան («Ամպրոպ», 1935 թվական)։ Այս դերի վրա դերասանուհին աշխատել է շատ ու խորին բավականությամբ և հասել հաջողության։ Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և դերասանուհին, ով տանել չէր կարողանում տարեց կանաց դերերը՝ հանձն է առնում Մարիա Նիկոլաևնայի դերը «Ռուս մարդիկ» ներկայացման մեջ։ Դա նրա վերջին դերն է լինում, ինչպես Զեյնաբի («Դավաճանություն») դերակատարումը 1943 թվականի հունիսի 29-ին՝ վերջին խաղը[4]։ ՄահԴերասանուհին մահացել է 1943 թվականի հուլիսի 20-ին՝ որովայնային տիֆից[5]։ Խաղացած դերեր
Պարգևներ
Ծանոթագրություններ
Գրականություն
|