Թոմ Հարդին ծնվել է 1977 թվականիսեպտեմբերի 15-ին Հեմերսմիթում[4]։ Եղել է ընտանիքի միակ զավակը և հասակ է առել Լոնդոնում։ Մայրը՝ Էննը, ունեցել է իռլանդական արմատներ և եղել է նկարիչ, իսկ հայրը՝ Էդուարդ Հարդին, գրել է կատակերգություններ[5][6][7]։ Թոմ Հարդին սովորել է «Ռիդս» և «Թաուեր Հաուս» դպրոցներում, Ռիչմոնդի թատերական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Drama Centre London: Իր կարիերայի սկզբում նա խաղացել է ռազմական դրամաներում՝ կատարելով ԱՄՆ բանակի շարքային Ջոն Յանովեչի դերը «Զենքի եղբայրներ» (2001) սերիալում։ 2001 թվականին Հարդին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Սև ճուռակ» ֆիլմում:2013 թվականին նա խաղացել է «Սուր հովարներ» ֆիլմում, իսկ 2015 թվականին նա խաղացել է «Լեգենդ» ֆիլմում։
Գործունեություն
2002 թվականին Հարդին հանդես է եկել «Dot the i» անկախ կինոնկարում, որտեղ նրա գործընկերն էր Գաել Գարսիա Բեռնալը։ Դրանից հետո տեղափոխվել է Հյուսիսային Աֆրիկա և նկարահանվել «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» ֆիլմում (2002)։ Նույն թվականին խաղացել է իր առաջին նշանակալի դերը՝ «Star Trek: Retribution» ֆիլմում՝ հանդես գալով պրետոր Շինզոնի դերում։ Վերադառնալով Անգլիա՝ նկարահանվել է «LD50․ Մահաբեր չափաբաժին» ֆիլմում (2003)։
2003 թվականին Հարդին արժանացել է «London Evening Standard Theatre Award» թատերական մրցանակի՝ Court Theatre և Hampstead Theatre թատրոնների կողմից բեմադրված «Blood» և «In Arabia», «We’d All Be Kings» պիեսների ներկայացումներում ունեցած բացառիկ դեբյուտի համար։ Հաջորդ տարի առաջադրվել է նաև Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակին՝ 2003 թվականի ամենահեռանկարային դեբյուտի համար «In Arabia, We’d All Be Kings» բեմականացումում։
Հարդին 2005 թվականին հայտնվել է BBC հեռուստաալիքի «Կույս թագուհին» սերիալում՝ կատարելով Եղիսաբեթ I-ի մանկության ընկեր Ռոբերտ Դադլիի դերը։ Սերիալում նրանց հարաբերությունները պատկերվում են որպես պլատոնական, միաժամանակ շատ ռոմանտիկ։ Հարդին խաղացել է Ջոն Ֆլեմինգի դերը «A for Andromeda» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆել Ռիչարդի՝ 1960-ական թվականների նույնանուն գիտաֆանտաստիկ սերիալի վրա։
2007 թվականին նկարահանվել է իրական դեպքերի վրա հիմնված «Ստյուարտ. Նախկին կյանք» հեռուստադրամայում։ Հարդին կատարել է գլխավոր հերոսի՝ անօթևան Ստյուարտ Շորտերայի դերը, որին տարիներ շարունակ ծաղրում էին, և որի մահը կարող էր ինքնասպանություն լինել։ 2008 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի«Ռոքնռոլլա» գանգստերային կատակերգությունում, որտեղ խաղացել է գեյ հանցագործի՝ Գեղեցիկ Բոբի դերը։ Վերջինս «Վայրի բանդա» հանցախմբի անդամներից մեկն էր։
2009 թվականի սկզբին Հարդին նկարահանվել է «Բրոնսոն» ֆիլմում։ Այն պատմում է բանտարկյալ Չարլզ Բրոնսոնի մասին, որն իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է միայնակ կալանքի մեջ։ Ֆիլմի համար նա ձեռք է բերել 19 կիլոգրամ մկանային զանգված[8]։
Նույն թվականի հունիսին Հարդին նկարահանվել է «Գնում» (անգլ.՝ The Take) հեռուստասերիալում՝ խաղալով գանգստեր Ֆրեդդիի դերը, որը գործ ուներ թմրամիջոցների և ալկոհոլի հետ։ Դերի համար ներկայացվել է Crime Thriller Awards մրցանակի՝ 2009 թվականի «Լավագույն դերասան» անվանակարգում[9]։
2009 թվականի օգոստոսին Հարդին հայտնվել է Էմիլի Բրոնտեի«Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի Էկրանավորման մեջ՝ կատարելով Հիթքլիֆի՝ սիրո դասական խորհրդանիշի դերը, որը սիրահարվում է իր մանկության ընկերուհի Քեթրինին (Շարլոտա Ռայլին)։ The Sun թաբլոիդում նա նույնիսկ գրել է, որ ֆիլմի նկարահանումից հետո նրանք սկսեցին հանդիպել, ինչի համար նա լքեց իր կնոջը և փոքրիկ որդուն։ Ռայլին հարցազրույցի ժամանակ հերքել է այդ լուրը[10]։
2010 թվականի սկզբին Հարդին Չիկագոյի Գուդման թատրոնում խաղացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «The Long Red Road» ներկայացման մեջ, որը հիմնված էր Բրեթի Սի Լեոնարդի պիեսի վրա[11]։ Հարբեցող Սեմի դերակատարման համար Հարդին արժանացել է քննադատների դրական արձագանքներին[12][13]։
2014 թվականին թողարկվել է Հարդիի գլխավոր դերակատարմամբ 2 ֆիլմ՝ «Լոկ» և «The Drop»: Նույն թվականի դեկտեմբերին դերասանը ստացել է Ռիկ Ֆլագի դերը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, սակայն 2015 թվականի սկզբին լքել է նախագիծը[15]։
2017-ի մայիսին հայտարարվել է, որ Marvel Comics կոմիքսների վրա հիմնված «Վենոմ» ֆիլմում Հարդին կխաղա Էդի Բրոքի/Վենոմի դերը[17][18]։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Ատլանտաում և Նյու Յորքում[19]։ «Վենոմը» մեծ էկրաններին հայտնվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Հյուսիսային Ամերիկայում[20], իսկ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին[21]։
Անձնական կյանք
1994 թվականից մինչև 2004 թվականը Հարդին ամուսնացած էր պրոդյուսեր Սառա Ուորդի հետ[22]։ 2005-2009 թվականներին հարաբերություններ է ունեցել Ռեյչալդ Սպիդի հետ, ունեն որդի՝ Լուի անունով (ծնված 2008 թվականին)[23]։
«Մոլեգին հողմերի դարավանդ» մինի-սերիալի նկարահանման ժամանակ նա հանդիպել է Շարլոտա Ռայլին։ 2014 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են[24], ունեն 2 երեխա[22][25]։
Հարդին ունեցել է հակում ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, սակայն դրանցից ազատվել է 2003 թվականին[26]։