Հիպերնատրեմիա, արյան մեջ նատրիումի բարձր խտություն[1]։ Վաղ ախտանիշներ կարող են լինել ծարավի ուժեղ զգացումը, թուլությունը, սրտխառնոցը և ախորժակի կորուստը։ Հիմնական ախտանիշներն են շշմածությունը, մկանային դողը և ուղեղում կամ նրա շուրջ արյունահոսությունը։ Շիճուկում նատրիումի նորմալ մակարդակը կազմում է 135-145 մմոլ/լ[2]։ Հիպերնատրեմիան հիմնականում ախտորոշվում է շիճուկում նատիումի մակարդակի 145 մմոլ/լ-ից բարձրացման դեպքում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս 160 մմոլ/լ-ից բարձրացման ժամանակ։
Սովորաբար տարբերում են հիպերնատրեմիայի երեք մակարդակ՝ ցածր, նորմալ և բարձր։ Ցածր հիպերնատրեմիան կարող է առաջանալ քրտնարտադրության, փսխման, փորլուծության, միզամուղների կամ երիկամային հիվանդության պատճառով։ Նորմալ հիպերնատրեմիա կարող է լինել տենդի, ջերմության իջեցման, երկարատև հաճախաշնչության, ոչ շաքարային դիաբետի և այլ պատճառներից՝ կապված լիթիումի հետ։ Բարձր հիպերնատրեմիա կարող է առաջանալ հիպերալդոստերոնիզմի, նատրիումի քլորիդի 3%-ոց լուծույթի կամ նատրիումի հիդրոկարբոնատի մեծ չափաբաժնով ներերակային նշանակման կամ հազվադեպ՝ սննդում կերակրի աղի չարաշահման հետևանքով։ Արյան սպիտակուցի քանակության ցածր մակարդակի ժամանակ կարող է դիտվել կեղծ հիպերնատրեմիա[3]։ Հիպերնատրեմիայի առաջացման պատճառը սովորաբար պարզվում է անամնեզի միջոցով։ Մեզի քննությունը կարող է օգնել, երբ պատճառը պարզ չէ[4]։ Հիմնական մեխանիզմը սովորաբար օրգանիզմում ջրի ազատ քանակության պահպանումն է[5]։
Եթե հիպերնատրեմիան սկսվում է մի քանի ժամում, ապա այն համեմատաբար արագ կարելի է շտկել կիրառելով ներերակային նատրիումի քլորիդ և գլյուկոզի 5%-ոց ջրային լուծույթ։ Նրանց համար, ովքեր չեն կարող ջուր խմել՝ կիրառվում է նատրիումի քլորիդի 0,45%-ոց լուծույթ։ Գլխուղեղի հիվանդության հետևանքով ծագած ոչ շաքարային դիաբետի ժամանակ հիպերնատրեմիան կարելի է շտկել դեսմոպրեսին դեղի միջոցով։ Եթե ոչ շաքարային դիաբետը առաջացել է երիկամային խնդիրների հետևանքով՝ դեղորայքային բուժումը դադարեցվում է կամ շտկվում է հիմնական էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտումը[6]։ Հիպերնատրեմիա ունենում են հիվանդանոցում պառկած հիվանդների 0,3-1%-ը։ Այն շատ հաճախ ունենում են երեխաները, հոգեպես ոչ կայուն անձինք և մեծահասակները։ Հիպերնատրեմիան կապված է մահացության բարձր ռիսկի հետ, բայց պարզ չէ՝ արդյոք դա է հիմնական պատճառը[7]։
Նշաններ և ախտանիշներ
Գլխավոր ախտանիշը ծարավի զգացումն է[8]։ Ուղեղի բջիջների կնճռոտման արդյունքում ի հայտ են գալիս մի շարք կարևոր նշաններ՝ շշմածություն, մկանային դող կամ կծկանք[9]։ Նատրիումի քանակության ծանր աստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել ցնցումների և կոմայի։
Ծանր ախտանիշները սովորաբար առաջանում են պլազմայի նատրիումի խտության 157 մմոլ/լ-ից սուր բարձրացման ժամանակ[10] (նորման՝ 135-145 մմոլ/լ չափահասների և ծերերի համար)։ 180 մմոլ/լ-ից բարձրացումը զուգակցվում է մահացության բարձր տոկոսի հետ, մասնավորապես չափահասների շրջանում։ Սակայն նատրիումի քանակության այսպիսի բարձր մակարդակները հազվադեպ են առաջանում առանց ուղեկցող հիվանդությունների[11]։ Աղի քանակի սուր գերդոզավորումից փրկվածների մոտ շիճուկի նատրիումի խտությունը փոփոխվում էր 150-228 մմոլ/լ սահմաններում, այնինչ, մահցածների մոտ նկատվել է 153-255 մմոլ/լ ցուցանիշը։ Մահվան պատճառի կապը նատրիումի քանակության հետ բացահայտելու համար ապակենման մարմինը ավելի ինֆորմատիվ նմուշ է քան արյան շիճուկը[12][13]։
Պատճառներ
Հիպերնատրեմիայի հիմնական պատճառներն են․
Ցածր մակարդակ
Ցածր մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․
Ազատ ջրի ոչ նորմալ քանակության օգտագործումը բերում է ամբողջ մարմնում նատրիումի սպառման։ Սովորաբար այն դիտվում է ծերերի կամ ջուր խմելու անընդունակ անձանց շրջանում։ Սա հիպերնատրեմիայի հիմնական պատճառն է։
Ջրի հավելյալ կորուստը միզային համակարգով- կարող է առաջանալ գլյուկոզուրիայի կամ այլ օսմոտիկ միզամուղների (օրինակ՝ մանիտոլ) պատճառով- հանգեցնում է ազատ ջրի և նատրիումի միացությունների կորստի։
Ջրի կորուստ՝ գերքրտնարտադրությամբ պայմանավորված։
Ծանր ջրային փորլուծություն (օսմոտիկ փորլուծությունը բերում է հիպոտոնիկ (ջրիկ) ջրային փորլուծության, որն իր հերթին հանգեցնում է ազատ ջրի զգալի կորստի և արյան մեջ նատրիումի խտության բարձրացման։ Այս տեսակը կարող է դիտվել նաև ստամոքսաաղիքային ուղու վիրուսային բորբոքման ժամանակ)։
Նորմալ մակարդակ
Նորմալ մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․
Ոչ շաքարային դիաբետի ժամանակ ջրի մեծ քանակության կորուստը երիկամներով պայմանավորված է հիպոֆիզի կողմից վազոպրեսին հորմոնի ոչ նորմալ արտադրությամբ կամ երիկամների զգայունության իջեցմամբ վազոպրեսինի նկատմամբ[14]։
Բարձր մակարդակ
Բարձր մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․
Հիպերտոնիկ հեղուկի օգտագործումը (միացությունների ավելի բարձր խտությամբ հեղուկ քան օրգանիզմից հավաքած նմուշն է)՝ ազատ ջրի սահմանափակ կիրառմամբ։ Սա համեմատաբար հազվադեպ է հանդիպում, չնայած կարող է տեղի ունենալ էներգետիկ վերակենդանացման ժամանակ, երբ կիրառվում է նատրիումի հիդրոկարբոնատի մեծ ծավալի լուծույթ։ Կուլ տված ծովի ջուրը նույնպես կարող է հանգեցնել հիպերնատրեմիայի, քանզի այն համարվում է հիպերտոնիկ լուծույթ։ Նկարագրվում են մի քանի դեպքեր, երբ խիտ աղային լուծույթը կիրառվել է որպես «չար ոգին դուրս հանելու» միջոց և հանգեցրել մահվան[15]։
Որոշ իվանդությունների հետևանքով առաջացած միներալոկորտիկոիդների հավելյալ քանակությունը՝ ինչպես օրինակ Կոննի համախտանիշի դեպքում, սովորաբար չի հանգեցնում հիպերնատրեմիայի, եթե ազատ ջրի օգտագործումը չի սահմանափակվում։
Աղից թունավորումը երեխանների մոտ հիմնական պատճառն է[16][17]։ Այն դիտվել է նաև հոգեկան խանգարումներ ունեցող հասուն մարդկանց շրջանում[15]։ Աղի գերքանակություն կարող է դիտվել նաև ծովի ջրի կամ սոյայի սոուսի օգտագործման հետևանքով[18]։
Ախտորոշում
Հիպերնատրեմիան ախտորոշվում է, երբ արյան հիմնական նյութափոխանակային թեստը ցույց է տալիս նատրիումի 145 մմոլ/լ-ից բարձր խտություն։
Բուժում
Բուժման հիմնաքարը ազատ ջրի նշանակումն է՝ դրա հարաբերական անբավարարությունը շտկելու նպատակով։ Ջուրը կարող է կիրառվել բերանով կամ ներերակային։ Մենակ ջուրը չի կարելի նշանակել ներերակային (օսմոլյարության պատճառով, ինչը կարող է հանգեցնել էրիթրոցիտների պատռման), այդ իսկ պատճառով այն տրվում է դեքստրոզի (սախարոզ) կամ նատրիումի քլորիդի լուծույթի ձևով։ Սակայն հիպերնատրեմիայի արագ շտկումը շատ վտանգավոր է։ Օրգանիզմը (մասնավորապես ուղեղը) հարմարվում է նատրիումի բարձր խտությանը։ Դրա արագ իջեցումը ազատ ջրով հանգեցնում է ուղեղի բջիջներում ջրի կուտակման և դրանց ուռչեցման։ Սա կարող է պատճառ դառնալ ուղեղի այտուցի՝ ցնցումներով ուղեկցվող, ուղեղի անդարձելի վնասման և մահվան։ Այդ իսկ պատճառով հիպերնատրեմիան պետք է շտկվի դանդաղորեն՝ բժշկի կամ ուրիշ բուժաշխատողի կողմից, ով ունի էլեկտրոկիտային հաշվեկշռի ուղղման փորձ․ բնորոշ բուժումն ընգրկում է թիազիդային միզամուղներ (օր․՝ քլորթալիդոն) քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ կամ կորտիկոստերոիդներ՝ երիկամային հիվանդության ժամանակ[19]։
Ծանոթագրություններ
↑Muhsin, SA; Mount, DB (March 2016). «Diagnosis and treatment of hypernatremia». Best practice & research. Clinical endocrinology & metabolism. 30 (2): 189–203. doi:10.1016/j.beem.2016.02.014. PMID27156758.
↑Kliegman, Robert M.; Stanton, Bonita M. D.; Geme, Joseph St; Schor, Nina F. (2015). Nelson Textbook of Pediatrics (անգլերեն) (20 ed.). Elsevier Health Sciences. էջ 348. ISBN9780323263528. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
↑Leroy, C.; Karrouz, W.; Douillard, C.; Do Cao, C.; Cortet, C.; Wémeau, J. L.; Vantyghem, M. C. (2013). «Diabetes insipidus». Ann. Endocrinol. Paris. 74 (5–6): 496–507. doi:10.1016/j.ando.2013.10.002. PMID24286605.
↑ 15,015,1Ofran, Y.; Lavi, D.; Opher, D.; Weiss, T. A.; Elinav, E. (2004). «Fatal voluntary salt intake resulting in the highest ever documented sodium plasma level in adults (255 mmol L−1) a disorder linked to female gender and psychiatric disorders». J. Intern. Med.256 (6): 525–528. doi:10.1111/j.1365-2796.2004.01411.x. PMID15554954.