Միխայիլ Բոյարսկին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ Սակայն սովորելը նրան դուր չէր գալիս, այդ իսկ պատճառով կոնսերվատորիա չընդունվեց[4]։ Այնուհետև նա ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որն 1972 թվականին ավարտելով ընդգրկվել է Լենխորհրդի անվան թատրոնի խմբի մեջ։ Իր կարիերան սկսել է զանգվածային տեսարաններում խաղալով։ Սակայն նրան հայտնի դարձրեց Գենադի Գլադկովի «Տրուբադուրն ու իր ընկերները» մյուզիքլում Տրուբադուրի գլխավոր դերը։
Լենխորհրդի թատրոնում նա աշխատել է մինչ 1986 թվականը, որտեղ հիմնականում խաղում էր Իգոր Վլադիմիրովի բեմադրություններում։ 1973 թվականին նկարահանվել է «Կամուրջներ» կինոնկարում[5], սակայն նա առավել հայտնի դարձավ «Ավագ որդին» (1975 թ.) ֆիլմում իր դերակատարմամբ։ Պակաս նշանակալից չէր նաև խորհրդա-ռումինական երաժշտական «Մայրիկ» (1976 թ.) հեքիաթում նրա կերտած գայլի կերպարը[6]։ Միխայիլ Բոյարսկու լավագույն աշխատանքներից էր նաև Յան Ֆրիդի «Շունը խոտի վրա» (1977 թ.) կինոնկարում Թեոդորոյի դերը[4][7]։
Միխայիլ Բոյարսկու աստեղային ժամը հասավ 1978 թվականին, երբ էկրան բարձրացավ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» կինոնկարը, որտեղ նա կատարում էր գլխավոր դերը[8].[9]: Հատկապես ֆիլմում հնչող երգերի շնորհիվ, նա հանրաճանաչ դարձավ ողջ ԽՍՀՄ-ում և արդյունքում այդ դերը նա կատարեց նաև ֆիլմի շարունակություններում։ Հետագայում հայտնի դարձան նաև նրա աշխատանքները այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Գարդեմարիններ, առաջ» (1987 թ.) և «Վիվատ, գարդեմարիններ» (1991 թ.) կինոնկարները։
1979 թվականին Միխայիլ Բոյարսկին ավտովթարի հետևանքով ստացել էր սրբոսկրի կոտրվածք և վնասել էր ողնաշարը։ Երեք ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո, նա կրկին սկսել է քայլել։ 1988 թվականին ստեղծել և գլխավորել է «Բենեֆիս» թատրոնը, որը սակայն 2007 թվականին դադարել է գոյություն ունենալուց[10][11][12][13]։ 1997 թվականին, Յուրի Նիկուլինի մահվանից հետո նա վարել է «Սպիտակ թութակ» հեռուստահաղորդումը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Միխայիլ Բոյարսկին ձայնագրել է շուրջ 600 երգ, այդ թվում երգեր ֆիլմերից և թատերական ներկայացումներից։
Ներկայումս Միխայիլ Բոյարսկին բնակվում է Սանկտ Պետերբուրգում, կասկադյորներիգիլդիայի անդամ է և Օդեսայի «Մեծ տարբերություն» երգիծանքի փառատոնի ժյուրիի մշտական անդամ[14]։ 2016 թվականից հանդիսանում էր «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձը` Պետդումայի VII գումարման ընտրություններում։ Բացի այդ, 2012 թվականին ստեղծված «Հանուն ծխողների իրավունքների» շարժման համանախագահն էր[15], իսկ 2013 թվականից այդ շարժման առաջնորդն է[16]։