Շագանակագեղձի քաղցկեղ
Շագանակագեղձի քաղցկեղը քաղցկեղի զարգացումն է շագանակագեղձում, որը հանդիսանում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի օրգան[3]։ Շագանակագեղձի քաղցկեղի մեծ մասը դանդաղ է աճում, սակայն որոշ դեպքերում՝ համեմատաբար արագ[4][5]։ Քաղցկեղային բջիջները կարող են շագանակագեղձից տարածվել այլ օրգաններ, հատկապես ոսկրեր և ավշային հանգույցներ[6]։ Այն կարող է սկզբում որևէ ախտանիշով չդրսևորել[4]։ Ավելի ուշ փուլերում կարող են դիտվել դժվարացած միզարձակում, արյուն մեզում, ցավ կոնքի խոռոչում[7]։ Շագանակագեղձի բարորակ գերաճը ևս կարող է նման ախտանիշներ առաջացնել[4]։ Ավելի ուշ փուլերում կարող է դիտվել հոգնածության զգացողություն՝ սակավարյունության զարգացման պատճառով[4]։ Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են՝ մեծ տարիքը, հիվանդության ընտանեկան պատմությունն ու ռասսան[5]։ Դեպքերի մոտ 99%-ը առաջանում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ[5]։ Այս հիվանդությամբ առաջին աստիճանի հարազատ ունենալը մեծացնում է ռիսկը երկու-երեք անգամ[5]։ ԱՄՆ-ում այն ավելի տարածված է աֆրոամերիկացիների, քան սպիտակամորթների շրջանում[5]։ Ռիսկի գործոններ են հանդիսանում նաև սննդում վերամշակված մսի, կարմիր մսի կամ կաթնամթերքի բարձր քանակը[5]։ Հայտնաբերվել է կապ գոնորեայի հետ, բայց որպես պատճառ հաստատված չէ[8]։ Բարձր է ռիսկը՝ կապված BRCA մուտացիաների հետ[9]։ Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշվում է բիոպսիայով[7]։ Որոշ բժշկական հետազոտություններ իրականացնելով կարելի է պարզել, արդյոք քաղցկեղը տարածվել է այլ օրգաններ, թե ոչ[7]։ Շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգը հակասական է[5][10]։ Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) հայտնաբերումը մեծացնում է քաղցկեղի հայտնաբերման հավանականությունը, սակայն չի ազդում ելքի վրա[10][11][12]։ Խորհուրդ է տրվում սկրինինգ հետազոտություն կատարել 55-69 տարեկանների շրջանում[13][14]։ Ավելի նպատակահարմար է այն իրականացնել կյանքի երկար տևողություն ունեցող մարդկանց շրջանում[15]։ Չնայած 5α-ռեդուկտազը կարծես նվազեցնում է ցածր աստիճանի քաղցկեղի ռիսկը, սակայն չի ազդում բարձր աստիճանի քաղցկեղի ռիսկի վրա և խորհուրդ չի տրվում կիրառել կանխարգելման նպատակով[5] Սննդի հավելումը վիտամիններով կամ հանքանյութերով չի ազդում ռիսկի վրա[5][16]։ Շատ դեպքերում իրականացվում է ակտիվ հսկողություն։ Բուժման նպատակով կիրառվում են վիրահատություն, ճառագայթային թերապիա, հորմոնալ թերապիա կամ քիմիոթերապիա[7]։ Երբ քաղցկեղը միայն շագանակագեղձի սահմաններում է, կարող է բուժելի լինել[4]։ Երբ այն տարածվում է դեպի ոսկրեր՝ ցավազրկող դեղերը, բիսֆոսֆոնատները և թիրախային թերապիան կարող են օգտակար լինել[7]։ Ելքը կախված է տարիքից և առողջական վիճակից, ինչպես նաև քաղցկեղի ագրեսիվության և տարածվածության աստիճանից[7]։ Շատերը չեն մահանում հիվանդությունից[7]։ ԱՄՆ-ում 5 ամյա ապրելիությունը 99% է[17]։ Այն աշխարհում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է և տղամարդկանց մոտ մահվան 5-րդ առաջատար պատճառը[18]։ 2012 թվականին շագանակագեղձի քաղցկեղ առաջացել է 1,1 մլն տղամարդու մոտ և այն հանդիսացել է 307,000 մահվան պատճառ[18]։ Այն ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ 84 երկրներում[5], ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում[19]։ Հանդիպման հաճախականությունը բարձրացել է զարգացող երկրներում[19]։ Դեպքերի քանակը զգալիորեն աճել է 1980-ականներին և 1990-ականներին՝ կապված շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) ստուգմամբ[5]։ 60 տարեկանից բարձր տարիքում մահացած տղամարդկանց 30-70%-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ[4]։ Նշաններ և ախտանիշներՇագանակագեղձի քաղցկեղը վաղ փուլերում սովորաբար չունի հստակ ախտանիշներ։ Հաճախ այն առաջացնում է շագանակագեղձի բարորակ գերաճին բնորոշ ախտանիշներ՝ հաճախամիզություն, գիշերամիզություն, դժվարացած միզարձակում, արյունամիզություն և դիզուրիա (ցավ միզարձակման ընթացքում)։ ԱՄՆ-ում 1998 թվականին հիվանդների խնամքի գնահատման հիման վրա պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ մեկ երրորդը ունեցել է մեկ կամ ավելի, իսկ երկուսից երեքը՝ ոչ մի ախտանիշ[20]։ Շագանակագեղձի քաղցկեղն ուղեկցվում է միզարձակման խանգարմամբ, քանի որ այն շրջապատում է միզուկը։ Հետևաբար, գեղձի փոփոխություններն ուղղակիորեն ազդում են միզարձակման ֆունկցիայի վրա։ Քանի որ շագանակագեղձը մասնակցում է սերմնահեղուկի ձևավորմանը, քաղցկեղը կարող է առաջացնել էրեկցիայի հասնելու դժվարություն կամ ցավոտ սերմնաժայթքում[20]։ Շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղը, որը տարածվել է այլ օրգաններ, կարող է առաջացնել լրացուցիչ ախտանիշներ ևս։ Ամենատարածված ախտանիշը ոսկրային ցավն է, հաճախ՝ ողնաշարի, կոնքի կամ կողերի։ Շագանակագեղձի քաղցկեղը ողնաշարում կարող է ճնշել ողնուղեղը և առաջացնել ծակծկոցի զգացողություն, ոտքերի թուլություն, ակամա միզարձակում և կղազատում[21]։ Ռիսկի գործոններըՇագանակագեղձի քաղցկեղի առաջնային ռիսկի գործոններն են՝ գիրությունը, տարիքը և գենետիկ նախատրամադրվածությունը[22]։ Շագանակագեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում 45 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ, սակայն դառնում է առավել տարածված՝ տարիքի մեծացմանը զուգահեռ։ Ախտորոշման միջին տարիքը համարվում է 70 տարեկանը[23]։ Շատ տղամարդիկ երբեք չեն իմանում, որ հիվանդ են շագանակագեղձի քաղցկեղով։ Տարբեր պատճառներից մահացած չինացի, գերմանացի, իսրայելցի, ջամայկացի, շվեդ ու ուգանդացի տղամարդկանց 30%-ի մոտ հատնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ մինչև 50 տարեկանների շրջանում, իսկ 80%-ի մոտ՝ 70-ից բարձր տարիքային խմբում[24][25][26]։ Շագանակագեղձի քաղցկեղով առաջին աստիճանի հարազատ ունեցող տղամարդկանց մոտ կրկնապատկում է քաղցկեղի զարգացման ռիսկը[27]։ Քաղցկեղով հիվանդ եղբայր ունեցող տղամարդկանց մոտ ռիսկն ավելի բարձր է, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն քաղցկեղով հիվանդ հայր։ 2005 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղի 230,000 նոր դեպք և դրա հետևանքով զարգացած 30,000 մահվան դեպք[28]։ Արյան բարձր ճնշում ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացումն ավելի հավանական է[29]։ Քաղցկեղի զարգացման ռիսկը փոքր-ինչ բարձր է ֆիզիկական ակտիվության բացակայության դեպքում[30]։ ԳենետիկաԳենետիկ ֆոնը կարող է նպաստել շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը՝ կապված ռասսայից, ընտանիքից և սպեցիֆիկ գեներից։ Առաջին աստիճանի հարազատ (հայր կամ եղբայր) ունեցող տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը կրկնապատկվում է, իսկ երկրորդ աստիճանի հարազատ ունեցողների մոտ ռիսկը մեծանում է հինգ անգամ[31]։ ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղով առավել հաճախ ախտահարվում են սևամորթները, ի տարբերություն սպիտակամորթների ու իսպանախոսների և ավելի մահացու է սևամորթների մոտ[32][33]։ Դեպքերը և մահացության մակարդակը իսպանախոսների մոտ 1/3-ով քիչ է ոչ իսպանախոս սպիտակամորթների համեմատ։ Ըստ Սկանդինավիայում կատարված երկվորյակների ուսումնասիրությունների շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի 40%-ը կարող է բացատրվել ժառանգական գործոններով[34]։ Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման համար պատասխանատու են տարբեր գեներ։ BRCA1 և BRCA2 գեների մուտացիաները կարևոր ռիսկի գործոններ են համարվում ձվարանի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման գործում՝ կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի՝ տղամարդկանց մոտ[35]։ Շագանակագեղձի քաղցկեղի ժառանգական գեն 1-ը (HPC1), անդրոգենային ընկալիչները և վիտամին D-ի ընկալիչները նույնպես կապված են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հետ[32]։ TMPRSS2 - ETS ընտանեկան գենի համակցումը, մասնավորապես TMPRSS2- ERG կամ TMPRSS2- ETV1 / 4-ը նպաստում են քաղցկեղային բջիջների աճին[36]։ 2008-ին հրապարակվել են երկու կարևոր գենոմային լայնածավալ հետազոտություններ՝ կապված շագանակագեղձի քաղցկեղի եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմի (SNPs) հետ[37][38]։ Այս ուսումնասիրությունները ցույց են տվել մի քանի SNPs, որոնք զգալիորեն ազդում են շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի վրա։ Օրինակ, SNP rs10993994-ում TT զույգ ալելներ ունեցող մարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը 1,6 անգամ բարձր է, քան CC զույգ ալելներ ունեցողների մոտ։ Այս եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմով է բացատրվում աֆրիկյան ամերիկացի տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի աճող ռիսկի մի մասը՝ համեմատած եվրոպական ծագման ամերիկացի տղամարդկանց հետ, քանի որ C ալելը շատ ավելի տարածված է վերջիններիս մոտ։ Այս SNP- ն տեղակայված է MSMB գենի խթանող հատվածում, որն ազդում է շագանակագեղձի բջիջների կողմից MSMB սպիտակուցի սինթեզի և արտազատման վրա[39]։ Գիրությունը[40] և տեստոստերոնի բարձր մակարդակն արյան մեջ նույնպես[41] կարող են մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը։ ՍննդակարգՄրգերի ու բանջարեղենի կանխարգելիչ ազդեցությունը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վրա շատ քիչ է[42]։ Այն ապացուցվել է նաև փաստերով[43]։ Կարմիր միսը և վերամշակված միսը նույնպես քիչ ազդեցություն ունեն[44]։ Սակայն ըստ որոշ հետազոտությունների, մեծ քանակությամբ մսի օգտագործումը կապված է բարձր ռիսկի հետ[45]։ Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը կարող է մեծանալ կապված արյան մեջ վիտամին D-ի պակասով[46]։ Ֆոլիկաթթվի հավելումները չեն ազդում շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վրա[47]։ Դեղորայքի ազդեցությունըՈրոշակի կապ կա նաև շագանակագեղձի քաղցկեղի և դեղորայքի, բժշկական միջամտությունների միջև[48]։ Խոլեստերինի քանակն իջեցնող դեղերի՝ ստատինների կիրառումը ևս կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը[49]։ ԻնֆեկցիաՇագանակագեղձի ինֆեկցիան կամ բորբոքումը (պրոստատիտ) կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, մինչդեռ մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ այն կարող է կանխել քաղցկեղի զարգացումը՝ բարձրացած արյան հոսքով պայմանավորված։ Մասնավորապես, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները՝ խլամիդիա, գոնորեա կամ սիֆիլիս՝ բարձրացնում են ռիսկը[8][50]։ Ըստ մի քանի ուսումնասիրությունների պապիլոմա վիրուսն ունի շագանակագեղձի քաղցկեղ առաջացնելու պոտենցիալ, սակայն այն վիճարկելի է[51]։ Ըստ 2018 թվականիի վերանայման նշվում է, որ պապիլոմա վիրուսը կարող է բարձրացնել քաղցկեղի ռիսկը, սակայն այն դեռևս մնում է վիճելի[52]։ Շրջակա միջավայրԸստ 2007 թվականի մայիսին հրապարակված հետազոտութան՝ պարզվել է, որ ԱՄՆ-ի պատերազմի վետերանների մոտ 48% -ով աճել է շագանակագեղձի քաղցկեղի կրկնման ռիսկը վիրահատությունից հետո, ովքեր ենթարկվել էին նարնջագույն ռեագենտի ազդեցությանը։ Սեռական գործոնԿան որոշ ապացույցներ՝ ըստ հեռանկարային կոհորտային հետազոտությունների, որ հաճախակի սերմնաժայթքումը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը, սակայն ըստ ռանդոմիզացված հսկիչ հետազոտությունների՝ ոչ[53]։ Վազէկտոմիայի և շագանակագեղձի քաղցկեղի միջև գոյություն ունի որոշակի կապ, սակայն անհրաժեշտ են հետազոտություններ այն պարզելու համար[54]։ ԱխտաֆիզիոլոգիաՇագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգի օրգան է, որը մասնակցում է սերմնահեղուկի ձևավորմանը։ Այն մոտավորապես 3 սանտիմետր է և կշռում է մոտ 20 գրամ[55]։ Գտնվում է կոնքի խոռոչում, միզապարկի տակ և ուղիղ աղուց առաջ։ Շագանակագեղձը շրջապատում է միզուկի մի մասը, որով անցնում է մեզն ու սերմնահեղուկը[56]։ Տեղակայմամբ պայմանավորված, շագանակագեղձի հիվանդությունները հաճախ ազդում են միզարձակման, սերմնաժայթքման և հազվադեպ կղազատման վրա։ Շագանակագեղձը պարունակում է շատ փոքր գեղձեր, որոնք մասնակցում են սերմնահեղուկի մոտ 20%-ի ձևավորմանը[57]։ Շագանակագեղձի գեղձային բջիջները, ենթարկվելով մուտացիայի, առաջացնում են քաղցկեղային բջիջներ։ Շագանակագեղձի ֆունկցիայի համար անհրաժեշտ են արական հորմոններ՝ անդրոգեններ։ Անդրոգեններն են՝ տեստոստերոնը, որն առաջանում է ամորձիներումում, դեդրիդոէպիանդրոստերոնը, որը ձևավորվում է մակերիկամներում և դիհիդրոտեստոստերոնը, որը փոխակերպվում է տեստոստերոնից շագանակագեղձում։ Անդրոգենները պատասխանատու են նաև երկրորդական սեռական հատկանիշների համար։ Շագանակագեղձի քաղցկեղի մեծ մասը դասակարգում են որպես ադենոկարցինոմա կամ գեղձային քաղցկեղ։ Ադենոկարցինոման հաճախ առաջանում է շագանակագեղձի պերիֆերիկ զոնայում։ Սկզբում քաղցկեղային բջիջները գտնվում են շագանակագեղձի նորմալ գեղձերի սահմաններում, որն անվանում են քաղցկեղ տեղում՝ կարցինոմա կամ շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիա (PIN): Թեև չկա որևէ ապացույց, որ PIN-ը քաղցկեղի նախորդն է, այն սերտորեն կապված է քաղցկեղի հետ։ Ժամանակի ընթացքում այս քաղցկեղային բջիջները բազմանում և տարածվում են շագանակագեղձի հենքում՝ ձևավորելով ուռուցքը։ Ի վերջո, ուռուցքը կարող է չափերով մեծանալ և ներաճել հարակից օրգաններ՝ սերմնաբշտեր կամ ուղիղ աղի, ուռուցքային բջիջները կարող են տարածվել արյան կամ ավշային համակարգի միջոցով։ Այլ օրգաններ տարածված ուռուցքային բջիջները կոչվում են մետաստազներ։ Շագանակագեղձի քաղցկեղը առավել հաճախ մետաստազներ է տալիս ոսկրեր, ավշային հանգույցներ և կարող է ներաճել ուղիղ աղի, միզապարկ և միզուկի ստորին հատված։ Ողնաշարի մետաստազավորման ուղին համարվում է երակային, քանի որ շագանակագեղձը դրենավորող երակային հյուսակը կապված է ողնաշարային երակների հետ[58]։ Շագանակագեղձը ցինկ է կուտակում և ցիտրատ արտադրում։ ZIP1 սպիտակուցը պատասխանատու է ցինկի ակտիվ անցման համար դեպի շագանակագեղձի բջիջներ։ Ցինկի կարևոր դերերից մեկը մասնակցությունն է ցիտրատի փոխանակությանը, որը սերմնահեղուկի կարևոր բաղադրիչն է։ Ցինկի կուտակումը, նյութափոխանակությունը, ցիտրատի արտադրությունը էներգատար գործընթացներ են։ Շագանակագեղձի քաղցկեղային բջիջները ընդհանուր առմամբ զուրկ են ցինկից։ Սա թույլ է տալիս, որ քաղցկեղային բջիջները էներգիա խնայեն ցիտրատ չսինթեզելու հաշվին և այն օգտագործեն իրենց աճի ու տարածման համար։ Ցինկի բացակայությունը պայմանավորված է ZIP1 տրանսպորտային սպիտակուց սինթեզող գենի ճնշման հետ։ ZIP1-ը այժմ կոչվում է ուռուցք ճնշող գեն SLC39A1 գենի համար։ Էպիգենետիկ ճնշման պատճառն անհայտ է։ Ցինկը փոխակերպված շագանակագեղձի բջիջները տեղափոխող ստրատեգիան արդյունավետորեն վերացնում է այդ բջիջները կենդանիների մեջ։ Ցինկը արգելակում է NF-κB ուղիները՝ ցուցաբերելով հակապրոլիֆերատիվ ազդեցություն և խթանելով ոչ նորմալ բջիջների ապոպտոզը։ Ցավոք սննդի միջոցով ցինկի ընդունումն անարդյունավետ է, քանի որ նրա անցումը շագանակագեղձի բջիջներ հնարավոր չէ առանց ակտիվ տրանսպորտի՝ ZIP1[59]։ RUNX2- ը տրանսկրիպցիոն գործոն է, որը կանխում է քաղցկեղային բջիջների ապոպտոզը՝ նպաստելով քաղցկեղի զարգացմանը[60]։ PI3k / Akt ազդանշանային կասկադը տրանսֆորմացնող աճի գործոն բետա / SMAD -ի հետ միասին կանխում է քաղցկեղային բջիջների ապոպտոզը[61]։ Ապոպտոզի X-շղթայակցված արգելակիչները (XIAP) նպաստում են քաղցկեղային բջիջների պահպանմանն ու աճին, սակայն արգելակիչների խափանման դեպքում ապոպտոզը կարող է շարունակել իր գործառույթը և կանխարգելել քաղցկեղային բջիջների տարածումը[62]։ Մակրոֆագ արգելակիչ ցիտոկին-1-ը (MIC-1) խթանում է օջախային ադհեզիոն կինազի (FAK) ազդանշանային ուղին, որը հանգեցնում է քաղցկեղային բջիջների աճին ու գոյատևմանը[63]։ Անդրոգենային ռեցեպտորները նպաստում են քաղցկեղային բջիջների պահպանմանը և թիրախ են հանդիսանում բազմաթիվ հակաքաղցկեղային հետազոտությունների համար։ Մինչ օրս, անդրոգենային ռեցեպտորների արգելակման էֆեկտիվությունն ապացուցված է մկների վրա կատարած հետազոտություններում[64]։ Շագանակագեղձի սպեցիֆիկ թաղանթային անտիգենները (PSMA) խթանում են քաղցկեղի առաջացումը` բարձրացնելով ֆոլաթթվի մակարդակը քաղցկեղային բջիջների համար, այն նպաստում է ֆոլաթթվիի յուրացմանը՝ հիդրոլիզացնելով գլյուտամինային ֆոլաթթուն[65]։ ԱխտորոշումըԱմերիկյան քաղցկեղային կազմակերպության դիրքորոշումը շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) վաղ հայտնաբերման վերաբերյալ․ «Հետազոտությունը դեռ չի ապացուցել PSA թեստավորման պոտենցիալ օգուտը թեստավորման և բուժման վնասի հետ համեմատած։ Ըստ Ամերիկյան քաղցկեղային կազմակերպության՝ տղամարդիկ չպետք է ենթարկվեն թեստավորման՝ առանց իմանալու ռիսկերը և թեստավորման ու բուժման հնարավոր օգուտները։ 50 տարեկանից սկսած (45 տարեկանից, եթե աֆրիկյան ամերիկացի են կամ ունեն մինչև 65 տարեկանը քաղցկեղով հիվանդացած եղբայր կամ հայր), բժշկի հետ քննարկելով թեստավորման վերաբերյալ հարցերը, նրանք կարող են որոշել՝ արդյոք թեստավորումը ճիշտ ընտրություն է իրենց համար»[66]։ Կան այլ թեստեր ևս, որոնք կարող են կիրառվել շագանակագեղձի և միզուղիների վերաբերյալ ավել ինֆորմացիա ստանալու համար։ Շագանակագեղձի անկանոնությունները կարելի է հայտնաբերել ռեկտալ մատնային հետազոտության (DRE) միջոցով։ Ցիստոսկոպիան ցույց է տալիս միզուղիները միզապարկի ներսից, որը բարակ, ճկուն, խցիկով խողովակ է։ Տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս շագանակագեղձը ձայնային ալիքների միջոցով։ Սակայն միակ քննությունը, որը կարող է լիովին հաստատել շագանակագեղձի քաղցկեղը, հանդիսանում է բիոպսիան։ Գործիքային հետազոտությունՈւլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) և մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման երկու հիմնական մեթոդներն են։ Ուրոլոգները շագանակագեղձի բիոպսիան իրականացնում են տրանսռեկտալ ուլտրաձայնային հսկողությամբ և երբեմն կարող են տեսնել հիպոէխոգեն հատվածներ։ ՄՌՇ-ն ավելի արդյունավետ է, քան ՈւՁՀ-ն շագանակագեղձի հետազոտության համար[67]։ ՄՌՇ-ն օգնում է ակտիվ վերահսկողություն իրականացնել ցածր ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում, հիվանդության փուլը որոշել միջին ռիսկի խմբում գտնվողների շրջանում և ոսկրային ախտահարումները հայտնաբերել բարձր ռիսկի խմբում գտնվողների շրջանում[68]։ Ներկայումս (2011 թվական) շագանակագեղձի բիոպսիան իրականացվում է ՄՌՇ և ՈւՁՀ համատեղ հսկողությամբ կամ միայն ՄՌՇ հսկողությամբ։ ՄՌՇ/ՈւՁՀ ուղեկցված բիոպսիայի դեպքում ակտիվ հսկողության տակ գտնվող տղամարդկանց 33%-ի մոտ հայտնաբերվում է շագանակագեղձի քաղցկեղ, իսկ ստանդարտ ՈւՁՀ ուղեկցված բիոպսիայի դեպքում՝ 7%-ի մոտ[69]։ ՄՌՇ-ն կիրառվում է նաև ռոբոտային պրոստատէկտոմիայի ենթարկվող տղամարդկանց վիրաբուժական պլանավորման համար, ինչպես նաև նյարդանոթային խրձի պահպանման հարցը որոշելիս[70]։ Շագանակագեղձի ՄՌՇ-ի համար գոյություն ունի PI-RADS հաշվետվական համակարգը։ PI-RADS- ը շագանակագեղձերի գործիքային շերտագրում-հաշվետվության և տվյալների համակարգի հապավում է, որը սահմանում է որակյալ կլինիկական ծառայության ստանդարտներ բազմապարամետրային մագնիսառեզոնանսային շերտագրման (mpMRI) համար։ ԲիոպսիաԵթե կա քաղցկեղի կասկած, խորհուրդ է տրվում կատարել բիոպիա։ Ուրոլոգը կամ ռենտգենոլոգը ձեռք է բերում հյուսվածքի նմուշ շագանակագեղձից՝ սնամեջ ասեղների միջոցով (սովորաբար 3-6 նմուշ յուրաքանչյուր կողմից)։ Շագանակագեղձի բիոպսիաները սովորաբար իրականացվում են ամբուլատոր հիմունքներով և հազվադեպ են պահանջում հոսպիտալացում։ Հակաբիոտիկներն օգտագործվում են բարդությունները կանխելու նպատակով, ինչպիսիք են ջերմությունը, միզուղիների ինֆեկցիան և սեպսիսը[71][72]։ Տղամարդկանց 55%-ը նշում է դիսկոմֆորտի զգացողություն բիոպսիայի ընթացքում[73]։ Գլիսոնի գնահատման սանդղակՀյուսվածքների նմուշներն ուսումնասիրվում են մանրադիտակով՝ հայտնաբերելու քաղցկեղային բջիջները և գնահատելու մանրադիտակային առանձնահատկությունները։ Շագանակագեղձի սպեցիֆիկ թաղանթային անտիգենը տրանսմեմբրանային կարբոքսիպեպտիդազ է և ցուցաբերում է ֆոլաթթու հիդրոլազային ակտիվություն[74]։ Այս սպիտակուցը գերակշռում է շագանակագեղձի քաղցկեղի հյուսվածքներում և գնահատվում է բարձր՝ Գլիսոնի սանդղակով[74]։ Ուռուցքային մարկերներPSA և ուռուցքային մարկերներ հայտնաբերելիս՝ հյուսվածքային նմուշները կարող են ներկվել և ըստ այդմ որոշել չարորակ բջիջների ծագումը մետաստազավորման դեպքում[75]։ Մանր բջջային կարցինոման հազվադեպ է հանդիպում (1%[76]), այն չի կարող ախտորոշվել PSA- ի միջոցով[76][77]։ 2009 թվականին հետազոտողներն ուսումնասիրում էին քաղցկեղի այս տեսակը, քանի որ այն արագ է տարածվում այլ օրգաններ[77]։ Օնկոպրոտեին BCL-2-ը կապված է շագանակագեղձի անդրոգեն-անկախ քաղցկեղի զարգացման հետ։ Հետագայում ուսումնասիրությունները հաստատեցին կապը BCL-2-ի էքսպրեսիայի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման միջև՝ անդրոգենային աբլացիայի և կաստրացիայի ենթարկված տղամարդկանց մոտ[78]։ Ki-67- ի էքսպրեսիան իմունոհիստոքիմիայի միջոցով կարող է զգալիորեն կանխատեսել շագանակագեղձի քաղցկեղի ելքը[79]։ ՓուլերՇագանակագեղձի քաղցկեղի գնահատման կարևոր մասն է փուլայնության կամ տարածվածության որոշումը։ Այն կարևոր էկանխատեսման և բուժման համար։ Ամենատարածվածը TNM համակարգն է՝ 4 փուլով։ Այն ներառում է ուռուցքի չափը, ներգրավված ավշային հանգույցների թիվը և մետաստազների առկայությունը ցանկացած օրգանում[80]։ Ցանկացած համակարգով տարբերակման համար կարևորվում է այն, թե արդյոք քաղցկեղը շագանակագեղձի սահմաններում է։ TNM համակարգով դասակարգելիս կլինիկական T1 և T2-ի դեպքում քաղցկեղ հայտնաբերվում է միայն շագանակագեղձում, իսկ T3 և T4-ի դեպքում՝ գեղձի սահմաններից դուրս։ Բժշկական ուղղվածությամբ մասնագիտացված կազմակերպությունները խորհուրդ են տալիս կանխարգելման նպատակով կիրառել պոզիտրոն էմիսիոն շերտագրություն (PET), ՀՇ կամ սցինտիգրաֆիա՝ քաղցկեղի վաղ փուլում[81]։ Այդ թեստերը հարմար կլինեն այնպիսի դեպքերում, երբ CT սկանավորումը գնահատվում է տարածված, ոսկորների սկանավորում, ոսկրերի տարածման համար և էնդորեկտալ կոլինուսային մագնիսա-ռեզոնանսային պատկերացում, մոտենալով պրոստատիկ պարկուճին և սերմնարանային պարկուճին։ Ոսկրածուծի սկանները պետք է բացահայտեն օստեոբլաստիկ տեսքը ոսկրային մետաստազիայի տարածքներում ոսկրային խտության ավելացման շնորհիվ, որը տարբերվում է բազմաթիվ այլ քաղցկեղներում, որոնք մետաստազներ են։ Շագանակագեղձի բիոպսիայից հետո քաղցկեղն ախտորոշվում է հյուսվածաբանական հետազոտությամբ։ Պաթոլոգը նշում է նաև ուռուցքի աստիճանը, որը ցույց է տալիս, թե որքանով է ուռուցքային հյուսվածքը տարբերվում է շագանակագեղձի նորմալ հյուսվածքից և ուռուցքի աճի հավանական արագությունը։ Գլիսոնի համակարգը օգտագործվում է շագանակագեղձի քաղցկեղի աստիճանը գնահատելու համար՝ 2-10 միավոր, առավելագույնը համարվում է 10։ Առաջինը 1-5 միավորով գնահատվում է առավել տարածված կառույցները և երկրորդը՝ երկրորդային առավել տարածված կառույցները։ Այս երկու թվերի գումարը Գլիսոնի հաշիվն է։ Երբեմն օգտագործվում է Վիտմոր-Ջեվետի դասակարգումը։
ԿանխարգելումՍննդակարգ և կենսաակերպՍննդակարգի և շագանակագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ տվյալներն աղքատ են[82]։ Այդ տեսանկյունից շագանակագեղձի քաղցկեղի մակարդակը կապված է արևմտյան սննդի սպառման հետ[82]։ Ըստ որոշ փաստերի որոշակի կապ կա տրանս ճարպերի, հագեցած ճարպերի, ածխաջրերի ընդունման և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման միջև[82][83]։ Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման հարցում օմեգա-3 ճարպաթթուների դերի մասին փաստարկները չեն ենթադրում, որ դրանք կրճատում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, թեև անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ[82][84]։ Վիտամինային հավելումները կարծես թե որևէ ազդեցություն չունեն և որոշները նույնիսկ կարող են մեծացնել ռիսկը[16][82]։ Բարձր քանակությամբ կալցիումի ընդունումը կապված է շագանակագեղձի զարգացած քաղցկեղի հետ[85]։ Ձուկ օգտագործելը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղից մահվան դեպքերը, սակայն չի ազդում քաղցկեղի առաջացման վրա[86]։ Ըստ որոշ վկայությունների շագանակագեղձի քաղցկեղի մակարդակը ցածր է բուսակերների մոտ[87]։ Կան որոշակի ապացույցներ նաև լիկոպեն և սելեն պարունակող սննդամթերքի վերաբերյալ[88]։ Բանջարեղեն, սոյա, լոբի և հատիկաընդեղեն բույսեր պարունակող սնունդը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը[89]։ Պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ զբաղվող տղամարդկանց մոտ նվազում է քաղցկեղի զարգացման ռիսկը[89]։ ԴեղորայքՍկրինինգը, 5-ալֆա-ռեֆտեդազի արգելակիչները (ֆինաստերիդ և դուտաստերիդ) նվազեցնում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, սակայն չկան բավարար տվյալներ նրանց ազդեցության վերաբերյալ մահվան կամ այլ լուրջ խնդիրների առաջացման վրա[90]։ ՍկրինինգՇագանակագեղձի քաղցկեղի սկրինինգն ուղղված է չկասկածվող դեպքերի հայտնաբերմանը։ Կիրառվում են ռեկտալ մատնային զննումը և շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) որոշումն արյան մեջ[91]։ Նման սկրինինգը համարվում է հակասական[92] և կարող է հանգեցնել հնարավոր վնասակար հետևանքների[93]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|