Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան
Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան (անգլ.՝ William Joseph Donovan, ԱՄՆ-ում առավել հայտնի է «Վայրի Բիլ» անվամբ, Wild Bill[6], հունվարի 1, 1883[1][2][3], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 8, 1959[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և հատուկ ծառայությունների աշխատակից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից որոշ ժամանակ անց Ռազմավարական ծառայությունների վարչության ղեկավարը։ ԿենսագրությունԾնվել է Իռլանդիայից ներգաղթյալների ընտանիքում։ Սովորել է Նիագարա քոլեջում (անգլ.՝ Niagara College)։ 1905 թվականին բակալավրի աստիճան է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ 1907 թվականին նույն բուհում ստացել է նաև իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Սովորել է Նյու Յորքում, որտեղ ֆուտբոլային թիմում էլ ստացել է իր ողջ կյանքի ուղեկից «Վայրի Բիլ» մականունը[7] և մտերմացել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ։ 1907 թվականին ավարտելով համալսարանը՝ ստացել է իրավաբանի որակավորում, սկսել աշխատել որպես գործող փաստաբան։ Եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության ակտիվ անդամ, որտեղ էլ մտերմացել է նախագահ Հերբերտ Հուվերի հետո։ Ավելի ուշ, դարձել է վերջինիս քաղաքական խորհրդականը։ 1916 թվականին ընդունվել է ԱՄՆ Ազգային գվարդիայի շարքերը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում։ 69-րդ հետևակային գնդի կազմում եղել է փոխգնդապետ։ 1918 թվականին էլ դարձել է 165-րդ գնդի հրամանատար։ Մարտական գործողությունների ժամանակ պարգևատրվել է Փառքի մեդալով, 3 անգամ դարձել «Մանուշակագույն սրտի» շքանշանակիր, ինչպես նաև արժանացել ամերիկյան և բրիտանական մի շարք այլ պարգևների։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշ ժամանակ գտնվել է ռուսական բանակի արևելյան ռազմաճակատի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Կոլչակի շտաբում՝ զբաղեցնելով կապի սպայի պաշտոն։ 1920 թվականի վերջին Միացյալ Նահանգներ վերադարձից հետո որոշ ժամանակ ծառայել է որպես փոխնահանգապետ, իսկ 1922 թվականին ընդունվել գլխավոր դատախազի գրասենյակ[8]` 1924-1929 թվականներին զբաղեցնելով նրա օգնականի պաշտոնը։ 1929-1941 թվականներին Նյու Յորքում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ[9]։ Նրա հաճախորդների թվում, մասնավորապես, եղել է նաև Ուինսթոն Չերչիլը։ 1932 թվականին Նյու Յորքի նահանգապետի պաշտոնին նրա թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը։ Այդ ժամանակ, սակայն, Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը պարտություն կրեց։ Երբ նախագահ ընտրվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկն էր և հասցրել էր կուտակել խոշոր կարողություն, որը գնահատվում էր միլիոնավոր դոլարներ։ Պատմաբանների կարծիքով՝ եղել է Ռուզվելտի «Նոր կուրսի» համոզված ընդդիմախոսներից մեկը։ 1940 թվականին գործուղվել է Միացյալ Թագավորություն՝ որպես Ֆրանկլին Ուիլյամ Նոքսի ռազմածովային հարցերով ոչ պաշտոնական ներկայացուցիչ-քարտուղար։ 1941 թվականի հուլիսի 11-ին Ռուզվելտը Դոնովանին նշանակել է տեղեկատվության հարցերով անձնական համակարգող (հետախուզական գործունեության ուղղությամբ)։ Ռուզվելտի կողմից բազմիցս ուղարկվել է Եվրոպա և Մերձավոր Արևելք՝ Դիմադրության շարժման հետ կապեր հաստատելու նպատակով։ 1941 թվականի ապրիլին Ֆրանկլին Ուիլյամ Նոքսին ուղղված նամակում շարադրել է իր տպավորությունները բրիտանական հետախուզության գործունեության վերաբերյալ և ըստ այդմ իր մոտեցումներն առաջարկել ԱՄՆ-ում համանման հետախուզական կառույց ստեղծելու համար[10]։ Դոնովանն առաջարկել է, որ նոր ծառայության ղեկավարը նշանակվի ԱՄՆ նախագահի կողմից և պատասխանատվություն կրի միայն նրա առաջ։ Նա համարում էր, որ կառույցի բյուջեն պետք է գաղտնի լինի և հաստատվի նախագահի կողմից։ Բացի այդ, հետախուզական այդ կառույցը պետք է ինքնուրույն իրականացնի արտաքին հետախուզությունը, համակարգի արտասահմանում տեղեկատվության հավաքումը, դրա կենտրոնացված մշակումը, ինչպես նաև իրականացնի այլ առաջադրանքներ, որոնք կդրվեն նախագահի կողմից։ 1942 թվականին պաշտոնապես զորակոչվել է և 1942 թվականի հունիսի 13-ին նշանակվել հատուկ նրա ղեկավարման համար ստեղծված Ռազմավարական ծառայությունների վարչության (անգլ.՝ Office of Strategic Services; OSS) տնօրեն, որը գործում էր Շտաբների պետերի կոմիտեի ենթակայության տակ։ Վարչությունը բաղկացած էր երեք բաժիններից՝ հետախուզություն, հատուկ գործողություններ, հետազոտություններ։ Նրա տեղակալը եղել է Ջոն Մագրուդերը։ Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը ղեկավարմամբ իրականացվել է հետախուզական տեղեկատվության հավաքում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Եգիպտոսում և Եվրոպայում իրականացվել են դիվերսիոն գործողություններ։ Ստեղծել է լրտեսական՝ իր չափսերով աննախադեպ մեծ գաղտնի ցանց (մոտ 16 հազար մարդ)։ 1945 թվականի ապրիլի 12-ին նախագահ Ռուզվելտը մահացավ, իսկ Դոնովանի ազդեցությունը կտրուկ թուլացավ։ Նրան այդպես էլ չհաջողվեց ընդհանուր լեզու գտնել երկրի նոր ղեկավար կազմից հետ և պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի սեպտեմբերի 20-ին Ռազմավարական ծառայությունների վարչությունը նախագահ Հարի Ս. Թրումանի կողմից կազմացրվեց, իսկ դրա գործառույթները փոխանցվեցին Պետքարտուղարությանն ու Պենտագոնին։ Սակայն 1947 թվականի սեպտեմբերի 18-ին, հաշվի առնելով Ռազմավարական ծառայությունների վարչության փորձը, ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն։ 1946 թվականին անցել է թոշակի։ Մասնակցել է Նյուրնբերգյան դատավարության գործընթացին՝ լինելով ԱՄՆ-ից նշանակված դատավոր Ռոբերտ Ջեքսոնի օգնականը[11]։ 1953-1954 թվականներին զբաղեցրել է Թաիլանդում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, սակայն արդեն 1,5 տարի անց, առողջության վատթարացման պատճառով, լքել է այդ պաշտոնը։ Նրա անունն ամրագրված է ԱՄՆ ռազմական հետախուզության փառքի սրահում։ Զինվորական կոչումներ
Կերպարը կինեմատոգրաֆիայում«Կեղծ գայթակղություն» ֆիլմում գեներալ Բիլ Սալիվանի կերպարը մեծապես հիմնված է Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանի կենսագրության վրա։ Սալիվանի դերը մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|