Ֆրանսիական Գվիանա
Ֆրանսիական Գվիանան (ֆր.՝ Guyane Française), Ֆրանսիայի ամենամեծ անդրծովյան երկրամասն է, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Կայեննա քաղաքն է։ Սահմանակցում է արևմուտքում` Սուրինամի, հարավում և արևելքում` Բրազիլիայի հետ, հյուսիսում և հյուսիս-արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Տարածքի ընդարձակությամբ (83.846 քառակուսի կիլոմետր[1], որի 98 տոկոսը պատված է արևադարձային լավ պահպանված, հարուստ անտառներով[2]) երկրորդն է Ֆրանսիայի տարածաշրջանների մեջ։ Երկրորդն է նաև սակավ բնակեցված լինելու տեսակետից (բնակչության թիվը՝ ավելի քան 280 հազար մարդ, որոնց մորավորապես կեսն ապրում է մայրաքաղաք Կայեննայում)։ Հարավային Ամերիկայում ներկայումս միակ մայրցամաքային տարածքն է, որ դեռևս պատկանում է եվրոպական երկրի և մտնում է Եվրոպական միության կազմի մեջ՝ լինելով վերջինիս ամենաընդարձակ երկրամասը Եվրոպայի սահմաններից դուրս։ Գործածության մեջ գտնվող արժույթը եվրոն է, պետական լեզուն՝ ֆրանսերենը, սակայն էթնիկ ամեն մի խումբ ու համայնք գործածում է իր լեզուն (տեղաբնիկների լեզուներից առավել տարածվածը գվիանական կրեոլերենն է)։ Բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է 186-րդ տեղը[3]։ ԱնվանումՊաշտոնական անվանումը Գվիանա է (ֆրանսերեն՝ Guyane), իսկ «Ֆրանսիական» ճշտումը սկիզբ է առնում այն ժամանակներից, երբ որ գոյություն ունեին երեք գաղութներ Գվիանա անվանումով՝ բրիտանական Գվիանա (այսօր դա Գայանան է), նիդերլանդական Գվիանա (ներկայիս Սուրինամը) և Ֆրանսիական Գվիանա։ Տեղաբնիկ հնդկացիների լեզվում Գայանա նշանակում է ջրառատ երկիր[4]։ ՊատմությունՀայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1499 թվականին։ Նախքան եվրոպացիների հայտնվելը այս տարածքներում բնակվել են գլխավորապես կարիբ և արավակ ցեղեր, փոքրաթիվ խմբերով՝ նաև գալիբիներ, էմերիլոններ, պալիկուրներ, վայամպիներ և վայանաներ։ Այս տարածաշրջանի գաղութացումը ֆրանսիացիներն սկսել են տասնյոթերորդ դարում, երբ Լյուդովիկոս Տասնչորսերորդը հազարավոր մարդիկ է ուղարկել այստեղ՝ բնակություն հաստատելու։ Նորաբնակներին գայթակղել էին այս վայրերի հարստությունների, գանձերի մասին հեքիաթանման պատմությունները, այնինչ դրանց փոխարեն նոր վայրերում նրանց դեմ ծառացել են տեղաբնիկների թշնամական վերաբերմունքն ու արևադարձային հիվանդությունները։ Ընդամենը մեկուկես տարի անց նրանցից սոսկ մի քանի հարյուրն էր ողջ մնացել։ Փրկվածները փախել են ծովի ափից երևացող երեք փոքր կղզիները, որոնց նրանք տվել են Փրկության կղզիներ անվանումը։ Մի կերպ վերադառնալով հայրենի Ֆրանսիա՝ նրանք պատմել են ահավոր պատմություններ, որոնց թողած մռայլ տպավորությունը պահպանվել է երկար տարիներ։ 1794 թվականին՝ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի մահվանից հետո, նրա հետևորդներից 193-ին որպես պատիժ՝ ուղարկել են Գայանա։ 1797 թվականին այդ նոր գաղութն են ուղարկվել հանրապետական գեներալ Պեշիգրյուն և մի խումբ ժուռնալիստներ։ Հետագայում աֆրիկացի սևամորթ ստրուկներ են բերվել այստեղ, որոնց տքնաջան աշխատանքով պլանտացիաներ են հիմնվել համաճարակներից համեմատաբար ապահով գետափերին։ 1848 թվականին, երբ Ֆրանսիան հայտարարել է ստրկությունը վերացնելու մասին, սևամորթները լքել են պլանտացիաներն ու փախել ջունգլիներ, որտեղ հիմնել են հայրենի աֆրիկյանին նման համայնքներ։ 1852 թվականին Ֆրանսիայից գաղութ են բերվել շղթայված դատապարտյալների խմբեր։ 1885-ին ֆրանսիական խորհրդարանը ընդունել է հատուկ օրենք, որի համաձայն՝ գողության համար երեք և ավելի անգամ և երեք ամսից ավելի ժամկետներով դատապարտված ցանկացած կին կամ տղամարդ, որպես պատիժ՝ ուղարկվել է Ֆրանսիական Գվիանա, որտեղ վեց ամիս պահվել է բանտում, այնուհետև ազատ արձակվել՝ գաղութում բնակություն հաստատելու պայմանով։ Սակայն այս փորձը ձախողվել է, քանի որ ազատվածները, որպես կանոն, ունակ չեն եղել հողագործությամբ իրենց ապրուստը հոգալու և կրկին դիմել են գողության և կարճ ժամանակից իրենց վախճանը գտել կամ բանտում, կամ էլ համաճարակների ու թերսնման պատճառով։ 1855 թվականին այս երկրամասի արևելյան շրջաններում ոսկով հարուստ տեղանք է հայտնաբերվել՝ գրավելով հազարավոր արկածախնդիրների. գյուղատնտեսական աշխատանքները գրեթե լիովին անտեսվել են։ Ոսկու պաշարները պատճառ են դարձել, որ տարածքային վեճեր բորբոքվեն Ֆրանսիայի և Պորտուգալիայի միջև (ի դեպ, այդ կարգի մի վեճ դեռ մնում է չլուծված. Սուրինամը մինչև օրս էլ հավակնություններ ունի Ֆրանսիական Գվիանայի մի հատվածի նկատմամբ)։ 1946 թվականին Գվիանան ստացել է Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտի» կարգավիճակ[5]։ Հաջորդած տասնամյակներին տարածաշրջանում տնտեսական աճը չափազանց ցածր էր (վառելանյութն ու սնունդը ներկրվում էին), գործազրկության մակարդակը՝ բավականին բարձր։ Դրությունը որոշ չափով շտկվել է 1975 թվականից, երբ Եվրոպական տիեզերական գործակալությունն այստեղ հիմնել է արբանյակների արձակման կայան, և դրա հետ կապված՝ բացվել են աշխատատեղեր, ներմուծվել ու ներդրվել զգալի գումարներ։ 2010 թվականի հոկտեմբերի 29-ին եվրոպական Arianespace ընկերությունը Ֆրանսիական Գվիանայի Կուրու ռազմաբազայի տիեզերակայանից հաջողությամբ արձակել է կապի երկու արբանյակներ կրող հրթիռ[6][7]։ 2017 թվականի մարտի վերջերին երկրամասում բնակվող ֆրանսիացիները բողոքի ցույցեր, գործադուլներ են կազմակերպել ֆրանսիական կառավարության դեմ (այդ ամսի 28-ին տեղի է ունեցել Ֆրանսիական Գվիանայի պատմության մեջ ամենահզոր ցույցը[8])՝ պահանջելով վերջ դնել իրենց որպես գաղութի վերաբերվելուն, տեղական ռեսուրսները առանց իրենց կարծիքը հաշվի առնելու շահագործելուն[9]։ Ցուցարարները պահանջել են նաև էականորեն ավելացնալ ներդրումների ծավալները, ընդլայնել, բարելավել ենթակառուցվածքները, որոնց սակավությունը սուր կերպով զգացնել է տալիս իրեն, արդյունավետ պայքար մղել հանցագործությունների, հսկողությունից դուրս թողնված, ապօրինի ներգաղթի դեմ, որոնք շարունակում են ծանր հիմնախնդիրներ մնալ՝ լրջորեն անհանգստացնելով բնակչությանը։ Ֆիլմագրություն
Տես նաևԳրականություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|