Լեսելիձե (գյուղ)
Լեսելիձե կամ Գյաչրիփշ (նախկին` Երմոլովսկ, աբխազերեն՝ Гьачрыҧшь, վրացերեն՝ ლესელიძე), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Փսոու գետի ձախ ափին, Գագրայից 14 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովի ափին, ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա։ Բնակչությունը1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 646 բնակիչ, հիմնականում էստոնացիներ և ռուսներ[1]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 969 մարդ[2]` հայեր, էստոնացիներ, վրացիներ և ռուսներ։ Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղական խորհրդի կազմում ապրում էր 1546 բնակիչ, որից 980 (63,4%) - հայեր, 215 (13,9%) - աբխազներ, 146 (9,4%) - ռուսներ, 205 (13,3%) այլ ազգությունների ներկայացուցիչներ (ներառյալ էստոնացիներ)[3][4]։ Հիմնադրել են էստոնացիները` 1882 թվականին։ Հայերը եկել են 1924 թվականին, շրջակա գյուղերից։ ՏնտեսությունըԲնակիչներն զբաղվում են ծխախոտի, դափնու մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղը զարգացել է որպես առողջարանային բնակավայր։ Այնտեղ կառուցվել են մանկական առողջարաններ, հանգստյան տուն և մարզաբազա, որտեղ իրենց մարզումներն էին կատարում ԽՍՀՄ ֆուտբոլի[5], հանդբոլի և թեթև աթլետիկայի թիմերը։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և անտառտնտեսություն։ Անվանումը19-րդ դարի վերջերից գյուղը կոչվել է Երմոլովսկ` ի պատիվ ռուս պետական գործիչ Ալեքսեյ Երմոլովի, ով 1894 թվականին այցելել է այս գյուղը[6]։ 1944 թվականին, ի պատիվ ԽՍՀՄ հերոս, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի, գյուղը անվանվել է Լեսելիձե։ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Գյաչրիփշ։ Այս անվանումը կապված է աբխազական Գեչբա իշխանական տոհմի հետ, ովքեր ժամանակին իշխել են այս տարածքներում։ Ծանոթագրություններ
|