Կլիմենտ ՎորոշիլովԿլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով (ռուս.՝ Климент Ефремович Ворошилов, հունվարի 23 (փետրվարի 4), 1881[1], Ֆերխնեե, Լիսիչանսկի ծխական համայնք, Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1969[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պրոֆեսիոնալ հեղափոխական, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ։ 1903 թվականից[5] ՌՍԴ(բ)Կ անդամ, բոլշևիկ, մի քանի բանակի և ռազմաճակատի ՌՀԽ հրամանատար և անդամ (1918), ԽՍՀՄ Ռազմածովային գործերի Ժողկոմի և ՌՀԽ նախագահ (1925 թ․), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի անդամ (1924-1926 թթ․), Պաշտպանության Ժողկոմ (1934-1940 թթ․), 1940 թվականից ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր Պաշտպանության Կոմտեի նախագահ։ «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ ՊՊԿ անդամ (1941-1945 թթ․), որից հետո ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1946 թ․)[6], ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ (1953-1960 թթ․), Խորհրդային Միության մարշալ (1935 թ․), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1956, 1968), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1921-1961 թթ․ և 1966-1969 թթ․)[7]։ Էական դերակատարում է ունեցել Կարմիր բանակի «զտման» գործում (1936-1938 թթ․)։ 1903 թվականից Կոմունիստական կուսակցության անդամ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926-1952 թթ․), ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ (1952-1960 թթ․), Կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ճակատում (Ձմեռային պատերազմ) քիչ արդյունքների դիմաց ԽՍՀՄ կրած ահռելի կորուստների համար Վորոշիլովը կրեց պատասխանատվություն, և Պաշտպանության կոմիսարի պաշտոնում նրան փոխարինեց Սեմյոն Տիմոշենկոն։ Նախկին դաշնակցի դեմ Գերմանիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններից հետո նշանակվել է Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) անդամ։ Նացիստական ուժերի կողմից Լենինգրադի շրջափակման կասեցումը ձախողելու պատճառով 1941-ի սեպտեմբերին կրկին հեռացվել է հրամանատարությունից։ Պատերազմից հետո Վորոշիլովը վերահսկում էր Հունգարիայում սոցիալիստական ռեժիմի հաստատումը։ 1953 թվականին, Ստալինի մահից հետո նշանակվել է Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ։ Պաշտոնից ազատվել է Նիկիտա Խրուշչովի օրոք՝ 1960 թվականին։ Մահացել է 1969 թվականին՝ 88 տարեկանում։ Ռեկորդային տևողությամբ՝ 34,5 տարի (1926-1960 թթ․) եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ՄանկությունԿլիմենտ Վորոշիլովը ծնվել է 1881 թվականի հունվարի 23-ին (փետրվարի 4), Բախմուտսկի գավառի (այժմ՝ Լուգանսկի մարզի Լիսիչանսկ) Վերխնեյե գյուղում, երկաթուղային բանվոր Վորոշիլով Եֆրեմ Անդրեևիչի (1844-1907) և օրավարձու աշխատող (подёнщица) Մարիա Վասիլևնա Վորոշիլովայի (օրիորդական ազգանունը՝ Ագաֆոնովա) (1857-1919) ընտանիքում։ Ընտանիքը աղքատ էր, և անդամներից ոչ մեկը գրաճանաչ չէր։ Վորոշիլովը 7 տարեկանից աշխատել է որպես հովիվ, հետագայում Լուգանսկից ոչ հեռու՝ հանքափոր։ 1893-1895 թվականներին հաճախել է Վասիլևկա գյուղի (տարածքն այժմ ընդգրկված է Ալչևսկ քաղաքի կազմում) տարրական դպրոց։ 1896 թվականից աշխատել է Յուրևի (Ալչևսկ (քաղաք, Ուկրաինա)) մետալուրգիական գործարանում նախ որպես սուրհանդակ, ապա՝ ջրամղման մեքենավարի օգնական, էլեկտրատեխնիկական արտադրամասում՝ փականագործ, չուգունաձուլման արտադրամասում՝ կռունկավար։ Կուսակցական և հեղափոխական գործունեության սկիզբ17-ամյա Վորոշիլովն Ալչևսկում անդամագրվել է սոցիալ-դեմոկրատական խմբակին։ Այդ տարիքում նա ծանոթացել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» բովանդակությանը, մասնակցել է առաջին գործադուլներին, ձերբակալվել և հեռացվել է աշխատանքից։ Վորոշիլովը երեք տարի դեգերել է Ռուսաստանի հյուսիսային գավառներում՝ գոյատևելով պատահական վարձու աշխատանքներով[8]։ 1903 թվականին վերադառնալով Դոնբաս՝ աշխատել է Լուգանսկի Գարտմանի շոգեքարշաշինական գործարաններում, որտեղ անդամակցել է քաղաքային նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կազմակերպությանը և բոլշևիկյան թևին հարելով՝ 1904 թվականին դարձել է Լուգանսկի բոլշևիկյան կոմիտեի անդամ, իսկ 1905 թվականին՝ Լուգանսկի խորհրդի նախագահ, ՌՍԴԲԿ 4-րդ (1906 թ․ Ստոկհոլմ) և 5-րդ (1907 թ․ Լոնդոն) համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարում առաջին անգամ հանդիպել է Լենինին, նաև մտերմացել է Ստալինի հետ (այդ ժամանակ՝ Կոբա կամ Իվանովիչ կեղծանուններով)։ Համագումարի աշխատանքների ընթացքում Վորոշիլովը Վոլոդին կամ Վոլոդիա կեղծանվամբ կատարել է Լուգանսկի բանվորների մարտական խմբերի համար զենք-զինամթերք գնելու աշխատանք՝ կազմակերպելով մի քանի փոխադրումներ Ֆինլանդիայից։ Նաև Լուգանսկում ստեղծել է ռումբ պատրաստելու լաբորատորիա[7]։ Վորոշիլովը հետագայում գրել է․
1907 թվականին Լոնդոնում, ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում բազմաթիվ հայտնի բոլշևիկների թվում ծանոթացել և մտերմացել է Մ․ Վ․ Ֆրունզեի և Մ․ Ի․ Կալինինի հետ։ Այդ թվականին նա հանդիպել է Եկատերինա Դավիդովնա Գորբմանի հետ, որը շուտով դարձել է Վորոշիլովի կինը։ 1905-1907 թվականների հեղափոխության պարտությունից, Լուգանսկի բոլշևիկյան կազմակերպության ցրվելուց հետո Վորոշիլովը ձերբակալվել և աքսորվել է Արխանգելսկի գավառ։ 1908 թվականին նա փախել է Բաքու, որտեղ Ստալինի և Կամոյի հետ աշխատել է բոլշևիկյան կոմիտեում։ 1908-1917 թվականներին Վորոշիլովն ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել Բաքվում, Պետերբուրգում, Ցարիցինում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է (1908-1912 թթ․)։ 1913 թվականին Ռոմանովների տան 300-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ է արձակվել։ Դոնբասում ձերբակալումից պաշտպանվելով Վորոշիլովն աշխատանքի է անցել Ցարիցինի զենքի գործարանում։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, զորագրումից խուսափելով, ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Պետրոգրադ։ Այստեղ կապեր է հաստատել քաղաքի բոլշևիկյան անլեգալ կազմակերպության հետ[7][8]։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ․) հետո Վորոշիլովն ընտրվել է Պետրոգրադի խորհրդի անդամ, ՌՍԴԲ(բ)Կ 7-րդ (ապրիլյան) համառուսաստանյան կոնֆերանսի և 6-րդ համագումարի պատգամավոր[9], 1917 թվականի մարտից՝ Լուգանսկի խորհրդի և քաղաքային դումայի նախագահ, 1917 թվականի նոյեմբերին՝ Պետրոգրադի ՌՀԿ-ի կոմիսար։ Ֆ․ Է․ Ձերժինսկու հետ միասին աշխատանքներ է կատարել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) կազմակերպման համար։ Ռազմական գործունեություն1918 թվականի ամռանը Ռուսաստանում վերջնականապես ձևավորվել է միակուսակցական կառավարություն։ Քաղաքացիական պատերազմն ակտիվ փուլ է թևակոխել և սկսվել է օտարերկրյա ինտերվենցիան Ռուսաստանի դեմ։ 1918-1920 թվականներին Վորոշիլովը ջոկատի, բանակի, ռազմաճակատի հրամանատար է եղել։ 1918 թվականի մարտին ստեղծել է Լուգանսկի առաջին սոցիալիստական ջոկատը, որը մասնակցել է գերմանա-ավստրական զորքերի հարձակումից Խարկովի պաշտպանությանը։ Քաղաքացիական կռիվներին ղեկավարելով ցարիցինյան զորախմբավորումները, Լուգանսկից մինչև Ցարիցին («Վորոշիլովյան արշավ») 700-կիլոմետրանոց արշավ է կատարել, ծանր մարտեր մղելով գեներալ Պ․ Ն․ Կրասնովի սպիտակ կազակական զորքերի դեմ։ Այդ կռիվներում Վորոշիլովն աչքի է ընկել անձնական համարձակությամբ, բայց ոչ ռազմական տաղանդով։ Կազակական ամսագիրը գրել է․
Քաղաքացիական պատերազմի ընթացքում Վորոշիլովը եղել է Հարավային ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ, 10-րդ բանակի հրամանատար, Ուկրաինայի ներքին գործերի ժողկոմ, Խարկովի զինվորական օկրուգի, 14-րդ բանակի և ներքին Ուկրաինայի ռազմաճակատի հրամանատար։ Առաջին հեծյալ բանակի կազմակերպիչներից մեկն է եղել, այդ բանակի ՌՀԽ անդամ, որի դրոշի ներքո էլ մասնակցել է գեներալ Ա․ Ի․ Դենիկինի, հեթման[10] Ս․ Վ․ Պետլյուրայի, լեհ մարշալ Յու․ Պիլսուդսկիի, բարոն Պ․ Ն․ Վրանգելի դեմ մղված պայքարին։ ՌԿ(բ)Կ 8-րդ համագումարում (1919 թվականի մարտ) Վորոշիլովը ներկայացրել է «զինվորական ընդդիմությունը»։ 1921 թվականին մասնակցել է Կրոնշտադտի հակախորհրդային խռովության ճնշմանը։ 1921-1924 թվականներին Վորոշիլովը եղել է ՌԿ(բ)Կ ԿԿ Հարավարևելյան բյուրոյի անդամ, Հյուսիսային Կովկասի զինվորական օկրուգի, 1924-1925 թվականներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, ԽՍՀՄ ՌՀԽ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վորոշիլոնվը եղել է Հյուսիսարևմտյան ուղղության զորքերի գլխավոր հրամանատար, Լենինգրադյան ռազմաճակատի զորքերի հրամանատար, պարտիզանական շարժման գլխավոր հրամանատար։ Պետական և քաղաքական գործունեություն1925 թվականից Վորոշիլովը եղել է ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմ, ԽՍՀՄ ՌՀԽ նախագահ, 1934 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ, 1940 թվականից՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Պաշտպանության կոմիտեի նախագահ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վորոշիլոնվը եղել է ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ։ 1943 թվականին Վորոշիլովը մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի աշխատանքներին։ 1945-1947 թվականներին Վորոշիլովը եղել է Հունգարիայում Դաշնակցային վերահսկող հանձնաժողովի նախագահ, 1946 թվականից ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ 1921-1961 թվականներին և 1966 թվականից Վորոշիլովը եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, 1926-1952 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1952-1960 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ Վորոշիլովը եղել է կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Վորոշիլովը մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակի Կրեմլյան պատի պանթեոնում։ Զինվորական ընդդիմությունՌազմահեղափոխական խորհրդի նախագահ Լ․ Դ․ Տրոցկին և Վորոշիլովը Կարմիր բանակի ձևավորման ընթացքում սուր հակասություններ են ունեցել, քանի որ Վորոշիլովը հրաժարվում էր հին բանակի զինվորական մասնագետների սպայական կազմից։ Վորոշիլովի թիկունքում Ստալինն էր, որին արդեն այդ ժամանակ գրեթե անվիճելիորեն ենթարկվում էր Վորոշիլովը։ Ցարիցինից Ստալինի հեռանալուն պես, Տրոցկին Վորոշիլովին ազատել է 10-րդ բանակի հրամանատարությունից։ Ուկրաինան այդ ժամանակ ազատագրվում էր գերմանական օկուպացիայից, և Վորոշիլովը նշանակվել է Ուկրաինայի խորհրդային հանրապետության ներքին գործերի ժողկոմ։ ՌԿ(բ)Կ 8-րդ համագումարում (1919 թվականի մարտ) շատերի կողմից քննադատված «զինվորական ընդդիմության» առաջնորդներից մեկը Վորոշիլովն է եղել[8]։ Այդ համագումարում Լենինն ասել է․
Առաջին հեծյալ բանակի հրամանատարՈւկրաինայում քաղաքացիական պատերազմը հատուկ դաժանությամբ և դժվարությամբ է առանձնացել։ Այդ ընթացքում Վորոշիլովը մասնակցել է ատաման Գրիգորևի, Մախնոյի դեմ կռիվներին, հետո գլխավարել է 14-րդ բանակը Եկատերինոսլավի պաշտպանության ժամանակ, Ուկրաինայի ներքին ճակատի հրամանատարն է եղել։ Առաջին հեծյալ բանակի ձևավորումից հետո, 1919 թվականի աշնանից մինչև 1921 թվականի մարտը Վորոշիլովը եղել է այդ բանակի ՌՀԽ անդամ։ Վորոշիլովը, Բուդյոնին և Շադենկոն գլխավորել են Կենտրոնական Ռուսաստանում սպիտակգվարդիական հեծելազորային ստորաբաժանումների դեմ Առաջին հեծյալ բանակի կռիվները, հետո հետապնդել են նահանջող Դենիկինին։ Հեծյալ բանակը կռիվներ է մղել Հյուսիսային Կովկասում, Տավրիդայում և Ղրիմում, պայքարել է գեներալ Վրանգելի դեմ, Մախնոյի ու Պետլյուրայի ջոկատների դեմ, որով էլ ավարտվում է Առաջին Հեծյալ բանակի ուղին։ Կուսակցության X համագումարում Վորոշիլովը հանդես է եկել Առաջին հեծյալ բանակի կուսակցական կազմակերպության անունից։ Նա ընտրվել է համագումարի նախագահության անդամ և մի քանի նիստ նախագահել է։ 1921 թ․ գարնանը համագումարի մի քանի պատվիրակների հետ մասնակցել է Կրոնշտադտի խռովությունների ճնշմանը[8]։ Բանակի հրամանատար Ս․ Մ․ Բուդյոնին ասել է․
Որպես Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ անդամ, Վորոշիլովը երկրում բռնաճնշումների իրականացման կողմնակից է եղել դեռևս քաղաքացիական պատերազմի տարիներից։ Նա աչքի է ընկել ոչ միայն որպես զինհրամանատար, այլև՝ քաղաշխատող։ Նա Շադենկոյի և Բուդյոնու հետ միասին մասնակցել է ժամանակին ճանաչում վայելող քաղաքացիական պատերազմի հերոս, Կարմիր բանակի առաջին հեծելազորի կազմակերպիչներից, «հանրապետության առաջին սուր» (первая шашка) Բ․ Մ․ Դումենկոյի ձերբակալմանը, դատին և գնդակահարությանը։ «Դումենկոյի գործի» վերաբերյալ Օրջոնիկիձեի և Տուխաչևսկու խնդրանքներին չանսալով (կանչել Հեղափոխական տրիբունալ, չշտապել ձերբակալել և դաժան վճիռն իրականացնել)՝ դատավճռի հնչեցումից անմիջապես հետո գնդակահարման վճիռն ի կատար է ածվել (1920 թ․ մայիսի 11)[11][12]։ Զինվորական օկրուգների հրամանատարՔաղաքացիական պատերազմն ավարտվելուց հետո, Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության (ԽՍՀՄ) ձևավորման սկզբում, չլինելով պրոֆեսիոնալ զինվորական, Վորոշիլովը ղեկավարել է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգը (1921-1924 թթ․)։ Այդ տարիների ընթացքում էլ Վորոշիլովը մտերմացել է Հյուսիսային Կովկասի կուսակցական ղեկավար Անաստաս Միկոյանի հետ։ 1924 թվականին Վորոշիլովը նշանակվել է ԽՍՀՄ ՌՀԽ անդամ (Օրջոնիկիձեի հետ), շատ չանցած՝ ՌՀԽ Նախագահության անդամ։ 1924 թ․ մայիսին Կլիմենտ Վորոշիլովը նշանակվել է Մոսկվայի զինվորական օկրուգի հրամանատար՝ քաղաքացիական պատերազմի հերոս, Արևելյան ռազմաճակատում Կոլչակի դեմ կռիվներում աչքի ընկած Ն․ Ի․ Մուրալովի փոխարեն։ Իսկ Մուրալովը նշանակվել է Վորոշիլովի տեղը՝ Հյուսիսկովկասյան օկրուգի հրամանատար։ (Այս նշանակումները միտված էին Տրոցկու և նրա մտերիմ զինակիցների ՌՀԽ լիազորությունները սահմանափակելուն և Մոսկվայի կայազորից հեռացնելուն։) 1925 թվականի հունվարին կուսակցության ԿԿ-ն ընդունել է Տրոցկու հրաժարականը և Ռազմածովային գործերի ժողկոմ և ԽՍՀՄ ՌՀԽ նախագահ է նշանակվել Մ․ Վ․ Ֆրունզեն, իսկ Վորոշիլովը նրա տեղակալ՝ համատեղեով Մոսկվայի օկրուգի հրամանատարության պաշտոնի հետ[8]։ Պաշտպանության ժողովրդական կոմիսար1925 թվականի ավարտին, Կարմիր բանակի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի մահից հետո Ռազմածովային գործերի ժողկոմի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Վորոշիլովը։ Չնայած նա շատերին զիջում էր իր ռազմական փորձով և ընդունակություններով, սակայն կուսակցական ապարատում նշանակալից դերակատարում ուներ և նա այդ պաշտոնը ստացել է գրեթե առանց Քաղբյուրոյի անդամների առարկությունների։ Վորոշիլովն այդ պաշտոնում գլխավորապես ներկայացուցչական և քաղաքական դերակատարում է ունեցել։ Նա քիչ է զբաղվել ռազմագիտությամբ և ռազմավարական խնդիրների ուսումնասիրությամբ՝ ի տարբերություն Բ․ Մ․ Շապոշնիկովի, որը բանակի շտաբների գործունեության խնդիրներն է ուսումնասիրել[13], Մ․ Ն․ Տուխաչևսկիի, որը ռազմավարության գիտակ է եղել[14], Կ․ Բ․ Կալինովսկիի, որը տանկային միավորումների դերն է ուսումնասիրել[15] և այլն։ Վորոշիովին պակասել է ընդհանուր և հատուկ ռազմական կրթությունը պրոֆեսիոնալ զինվորական դառնալու համար։ Նա ասել է․
Սակայն միաժամանակ 1927 թվականի նոյեմբերին ֆրանսիական պատվիրակության հետ զրուցելիս հպարտությամբ ասել է․
Կոմկուսի XVII համագումարի ելույթում Վորոշիլովը վստահեցրել է, որ 1934 թվականի սկզբին Կարմիր բանակը տեխնիկապես ավելի լավ էր զինված, քան ֆրանսիական և ամերիկյան բանակները և նույնիսկ ավելի մեքենայացված էր, քան այդ ժամանակներում տեխնիկապես հագեցածությամբ աշխարհում լավագույնը համարվող անգլիական բանակը։ Սակայն միաժամանակ 1930-ական թվականներին ՌՀԽ-ում հաճախ տարաձայնություններ էին լինում` կապված Կարմիր բանակի ղեկավարման ու տեխնիկապես վերազինման հետ, քանի որ Վորոշիլովն ու Բուդյոնին շարունակում էին չափազանցացնել հեծյալ միավորումների դերը սպասվող պատերազմում, խոչընդոտելով բանակի մոտոմեքենայացման գործընթացը։ Փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով 1934 թվականին Ռազմածովային ժողկոմիսարիատը դարձավ Պաշտպանության ժողկոմիսարիատ։ Վորոշիլովի տեղակալներից մեկը նշանակվեց Մ․ Ն․ Տուխաչևսկին։
Սակայն Կարնիր բանակի մեքենայացումը երկար է տևել։ Նույնիսկ 1938 թվականին Վորոշիլովը պնդել է․
Նման համառ դիմակայությունը ընդդեմ վաղուց հասունացած փոփոխությունների հակասում է Վորոշիլովի մեկ այլ տեսակետին․
Հեծելազորի մարտական նշանակության մասին Վորոշիլովի վերաբերմունքը արժանացել է բոլոր նրանց քննադատությանը, ովքեր հասկանում էին գալիք պատերազմի բնույթը և չէին կարող համակերպվել պաշտպանության ժողկոմի տեսակետի հետ։ Այդ շարքում էր Տուխաչևսկին, որն իր ձերբակալության նախորդ օրը գրել է․
ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի տեսակետի հետ, հետևաբար նաև Ստալինի տեսակետի հետ չհամաձայնվողների ճակատագիրը կանխորոշված էր…[8] Ահաբեկչության տարիներ (1936-1938)ԽՍՀՄ-ում մարշալի կոչումը ներդրվել է 1935 թվականին, և առաջինն այդ կոչումը շնորհվել է Վորոշիլովին, Բուդյոնիին, Բլյուխերին, Տուխաչևսկիին և Եգորովին։ Բայց 1937-1939 թվականներին Բլյուխերը, Տուխաչևսկին և Եգորովը որպես ժողովրդի թշնամի գնդակահարվել են։ Վորոշիլովն իր հավանությունն է տվել ԲԳԿԲ բարձրագույն հրամանատարական կազմի մեղադրականներին (Մ․ Ն․ Տուխաչևսկու, Ի․ Է․ Յակիրի, Ի․ Պ․ Ուբորևիչի և այլն գործերը)։ 1930-ական թվականների երկրորդ կեսի «խոշոր զտումը» հատուկ դաժանությամբ է անդրադարձել Խորհրդային միության զինծառայողական կազմի վրա։ Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ղեկավար կազմի լավագույն մասը 1936-1938 թթ․ անխնա ոչնչացվել է։ Այդ մարդիկ ոչ թե մահացել են պատերազմի դաշտում, այլ Լուբյանկայի և այլ բանտերի նկուղներում, նաև «աշխատանքային ճամբարներում»։ Որևէ տվյալ չկա, որ հենց Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովն է կազմել գնդակահարությունների և ձերբակալությունների այդ «ցուցակները», բայց բավարար է, որ նա հավանություն է տվել և շատերի տակ նրա ստորագրությունն է Ստալինի և Եժովի հետ միասին։ Ոչ մի զինվորական չէր կարող մարդ ձերբակալել առանց պաշտպանության ժողկոմի գիտության։ 1937 թվականի օգոստոսին տեղի է ունեցել Մ․ Ն․ Տուխաչևսկու, Ի․ Է․ Յակիրի, Ի․ Պ․ Ուբորիչևի, Բ․ Մ․ Ֆելդմանի, Ա․ Ի․ Կորկի և մյուսների ռազմական դատը և գնդակահարությունը, ինչպես նաև ինքնասպան եղել Վորոշիլովի տեղակալ Յա․ Բ․ Գամարնիկը։ Այս իրադարձություններից անմիջապես հետո Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովը և Ներքին գործերի ժողկոմ Եժովը ստորագրել են ԽՍՀՄ Զինվաժ ուժերի հրամանը, ըստ որի «ԽՍՀՄ-ում և հատկապես Կարմիր բանակում ստեղծվել է տարբեր պետությունների լրտեսների ճյուղավորված ցանց։ Պահանջվում է բոլորին, ովքեր լրտեսական կապեր ունեն՝ խոստովանել, իսկ ով ինչ-որ բան գիտի կամ կասկածներ ունի լրտեսական գործունեության մասին՝ մատնել»[8]։
Այդ տարիների ռեպրեսիաները ծանր հարված են հասցրել Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ռազմունակությանը, արյունաքամ է եղել կադրային կազմը։ Հիտլերը պատրաստվելով ԽՍՀՄ վրա հարձակմանը բարենպաստ է համարել ԽՍՀՄ-ի զինվորական կադրերի ոչնչացման այդ փաստերը։ Ֆելդմարշալ Ֆյոդոր ֆոն Բոկը գրել է․
Խորհրդա-ֆինլանդական պատերազմ (1939-1940)Իրադրությունը բանակումԲարձրակարգ զինվորական կադրերի նկատմամբ մասսայական բռնաճնշումները Կարմիր բանակի կարգապահության վրա ծանր անդրադարձ են ունեցել։ Բարձրաստիճան հրամանատարների նկատմամբ զինվորների ու կրտսեր հրամանատարների վստահությունը նվազելուն զուգընթաց նոր կադրերի ընտրությունը հաճախ իրականացվել է ըստ անկետայի տվյալների։ Ընդ որում՝ դասակի հրամանատարները գումարտակի, նույնիսկ գնդի հրամանատարներ են նշանակվել, գնդի և գումարտակի հրամանատարները՝ դիվիզիայի հրամանատարներ։ Զինվորական ակադեմիան երկու-երեք տարի գրեթե չի գործել, թուլացել է ռազմական-ինժեներական և նախագծային աշխատանքը։ Ռազմական փորձի պակասությունը զգալի նշանակություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, քանի որ Կարմիր բանակի նկատմամբ պահանջները ավելացել էին։ Վորոշիլովը, Բուդյոնին և ԽՍՀՄ նոր մարշալներ Ս․ Կ․ Տիմոշենկոն, Գ․ Ի․ Կուլիկը ամեն կերպ ձգտել են կարգ ու կանոն հաստատել բանակում, բայց առանձնապես արդյունավետ չի եղել նրանց ներդրումը[25]։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո արևմուտքում ավելի բարենպաստ ռազմավարական սահման ունենալու նպատակով խորհրդա-ֆինլանդական սահմանը հեռացնելու Ստալինի որոշման արդյունքում սկսվել է Խորհրդա-ֆինլանդական պատերազմը։ Վորոշիլովի մասնակցությունըՎորոշիլովն անձամբ ղեկավարել է մարտական գործողությունները, հաճախ եղել է մարտի դաշտում։ 1939-1940 թվականների դաժան ձմռան պայմաններում Խորհրդային Միությունը մեծ քանակությամբ զոհեր է ունեցել։
1940 թվականի հունվարից Վորոշիլովը չի մասնակցել խորհրդա-ֆինլանդական պատերազմի ռազմական գործողություններին։ Ստալինը գործող բանակի հրամանատար է նշանակել մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյին։ Այս վեճի արդյունքները դարձել են 1940 թվականի ապրիլին տեղի ունեցած Գլխավոր ռազմական խորհրդի նիստի քննարկման թեմա։ Այդ խորհրդակցության ժամանակ պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի բացթողումների մասին բազմիցս և բավական կտրուկ խոսել է հատկապես Ստալինի անձնական քարտուղար Լ. Զ. Մեխլիսը։ Կարմիր բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով Ստալինի ոչ պաշտոնական հրահանգներով մի շարք միջոցառումների թվում արդարացվել ու ազատ են արձակվել բռնադատված հրամանատարների մի մասը։ Միաժամանակ որոշում է ընդունվել ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի պաշտոնից Վորոշիլովին հեռացնելու մասին՝ այդ պաշտոնում նույնպես Տիմոշենկոյին նշանակելով։ Վորոշիլովի հեղինակությունը փրկելու նպատակով նրան պարգևատրել են Լենինի շքանշանով և նշանակել Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ։ 1941 թվականի փետրվարին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան Վորոշիլովի անունով է անվանակոչվել։ Սակայն այդ դեպքից հետո Վորոշիլովի ազդեցությունը նկատելիորեն թուլացել է կուսակցական և ռազմական հիերարխիայում[27]։ Վորոշիլովը Հայրենական մեծ պատերազմի տարիներինՀայրենական մեծ պատերազմի սկզբում, Կարմիր բանակի ծանր պարտություններից հետո, Արևմտյան ռազմաճակատը համախմբելու նպատակով Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանը Վորոշիլովին, Շապոշնիկովին և Կուլիկին Արևմտյան ռազմաճակատ է ուղարկել, սակայն նրանց չի հաջողվել նույնիսկ զորքը կանոնավորել, որպեսզի կանգնեցնեն նահանջը։ Իրադրությունը փոխելու նպատակով Վորոշիլովն ու Շապոշնիկովն առաջարկել են ստեղծել պաշտպանության նոր ուղղություն ոչ թե Բերեզինա գետի, այլ ավելի արևելյան՝ Դնեպր գետի հոսանքի ուղղությամբ։ Այդպիսով Սմոլենսկի համար մղված կռիվներում դեպի արևելք գերմանացիների առաջխաղացումը ժամանակավորապես հաջողվել է կասեցնել։ Պատերազմում կրած պարտություններում էական է եղել Վորոշիլովի դերը, քանի որ
Առաջին շրջանի անհաջողություններից ուշքի գալուց հետո Ստալինը կրկին իր ձեռքն է վերցրել երկրի և բանակի ղեկավարումը։ 1941 թվականի հուլիսի 1-ին Ստալինը Վորոշիլովին Մոսկվա կանչելով դարձրել է նորաստեղծ Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) անդամ, որպես Գլխավոր հրամանատարության ռազմակայանի Հյուսիս-Արևմտյան ճակատի ղեկավար։ Հուլիսի 11-ին Վորոշիլովը ոչ մեծ շտաբով մեկնել է Լենինգրադ, որպեսզի ստանձնի Հյուսիս-արևմտյան նահանջող ճակատի հրամանատարությունը։ Չնայած նրա ներկայությունը բզկտված և հոգնած զորքում առանձապես ոգևորություն չի առաջացրել, այնուամենայնիվ տարբեր ձեռնարկություններում միտինգներ և ժողովներ են կազմակերպվել, երգեր ու ձոներ են ուղղվել Վորոշիլովին։ Լենինգրադի մամուլը ողջունել է նրա գալուստը.
Սակայն Վորոշիլովի նշանակումը էականորեն չի փոխել ռազմաճակատի անբարենպաստ իրավիճակը։ Մերձբալթիկայում շարունակվել է զորքերի նահանջը։
Ստալինի որոշմամբ Վորոշիլովին փոխարինել է Ժուկովը, որը գլխավորել է Լենինգրադի պաշտպանությունն այն ժամանակ, երբ Վորոշիլովն արդեն սկսել էր քննարկել, թե ինչ անել, եթե գերմանական զորքերը գրավեն Լենինգրադը։ Բանակի հրամանատարությունից ազատելուց հետո Ստալինը Վորոշիլովին՝ որպես ՊՊԿ անդամ, նշանակել է Մոսկվայի, Պրիվոլժեյի, Միջին Ասիայի և Ուրալի զինվորական օկրուգների պահուստային զորքերի պատրաստության վերահսկիչ։ 1942 թ. սեպտեմբերին Վորոշիլովը նշանակվել է պարտիզանական շարժման գլխավոր հրամանատար։ Սակայն պարտիզանական շարժման իրական ղեկավարը եղել է Բելառուսիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Պ. Կ. Պոնոմորենկոն, իսկ Վորոշիլովի մասնակցությունը էպիզոդիկ և ձևական բնույթ է կրել։ Թիկունքում ևս Վորոշիլովի մասնակցությունը ձևական է եղել[29]։ Դեպի արևմուտք Կարմիր բանակի տեղաշարժման ընթացքում Վորոշիլովը ղեկավարել է Ռազմական ավարի կոմիտեն (Трофейный комитет)։ Նա կատարել է նաև այլ հանձնարարություններ. բանակցություններ է վարել անգլիական ռազմական պատվիրակության հետ, մասնակցել է Թեհրանի կոնֆերանսին, Ֆինլանդիայի, Հունգարիայի և Ռումինիայի հետ հաշտության հանձնաժողովի նախագահ է եղել։ Պատերազմի ընթացքում Կարմիր բանակի արևմուտք տեղաշարժվելուն զուգընթաց նվազել է Վորոշիլովի մասնակցությունը զինվորական գործերում։ 1943 թվականին Վորոշիլովը եղել է ԽՍՀՄ նոր Հիմնի ստեղծման հանձնաժողովի ղեկավարներից մեկը։ Պատերազմի ընթացքում քիչ են եղել նրա պարգևները։ 1944 թ. Վորոշիլովը Սուվորովի շքանշան է ստացել, իսկ իր առաջին Խորհրդային Միության հերոսի կոչումը ստացել է պատերազմի ավարտից տասնըմեկ տարի անց, իր 75-ամյակին։ Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի ժամանակ Ստալինի կողքին կանգնած են եղել Ժուկովը, Վորոշիլովը և Բուդյոնին, որը զինվորական համազգեստով ներկայանալու Վորոշիլովի վերջին հնարավորություններից մեկն է եղել։ ՊարգևներՎորոշիլովը պարգևատրվել է Լենինի 8, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 1-ին աստիճանի, Ուզբեկական, Տաջիկական ԽՍՀ և ԱՍՖՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով, Տուվայի Հանրապետության շքանշանով (ընդհանուր առմամբ 19 շքանշան և 12 մեդալ)։ Պարգևատրվել է նաև արտասահմանյան երկրների մի շարք շքանշաններով՝ Մոնղոլիայի, Կամբոջայի, Ֆինլանդիայի, Եթովպիայի բարձրագույն շքանշաններով և այլ պարգևներով (ընդհանուր հաշվով 10)։ Երկու անգամ ստացել է պատվավոր հեղափոխական զենք․
Անունն է կրում17-րդ համագումարից հետո Վորոշիլովի պաշտամունքն է՛լ ավելի աճեց։ Այդ տարիներին քաղաքներն ու գյուղերը կոչում էին «առաջնորդների» անուններով։ Լուգանսկ քաղաքը վերանվանվեց Վորոշիլովգրադ։ Հյուսիսայի Կովկասի Ստավրոպոլ խոշոր քաղաքը, որը Օրջոնիկիձեի մարզում էր, վերանվանվեց Վորոշիլովսկ (1943 թվականին կրկին հին անունով վերանվանվեց)։ Այդպես մի քանի քաղաքներ և գյուղեր, գործարաններ, կոլխոզներ, սարի գագաթներ երկրի տարբեր մասերում ստացան Վորոշիլովի անունը։ 1932 թվականին ՕՍԱՎԻԱԽԻՄ[30] կենտրոնական խորհուրդը հրաձգության սահմանված չափանիշների կատարման համար սահմանեց «Վորոշիլովսկի ստրելոկ» (Ворошиловский стрелок - Վորոշիլովյան հրաձիգ) պատվավոր կոչում և կրծքանշան։ Խորհրդային ծանր տանկը ստացավ նրա անունը՝ «KB»[8]։ Ստալին և Վորոշիլով հարաբերություններ1920-ական թվականներին Վորոշիլովը դեռևս պահպանում էր իր անհատի ինքնուրույնությունը։ 1928-1929 թվականների կուլակաթափման[31], կուլակներին որպես «դասակարգ լիկվիդացնելու» գործընթացի ժամանակ, երբ Ստալինը գյուղացիների նկատմամբ պահանջները մեծացնում էր, Վորոշիլովը Քաղբյուրոյի նիստերում արտահայտում էր իր տարակարծությունը նման քաղաքականության վերաբերյալ, ասելով, որ գյուղացիության դժգոհությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Կարմիր բանակի մարտունակության վրա, հաշվի առնելով, որ բանակը հիմնականում կազմված էր գյուղացի երիտասարդներից։ Վորոշիլովի և Ստալինի տարաձայնությունները այնքան ուռճացվեցին, որ աքսորավայրից Տրոցկին իր որոշ նամակներում հնարավոր էր համարում, որ գյուղացիությունը Ստալինի դեմ կընդվզի Վորոշիլովի և Բուդյոնիի գլխավորությամբ։ Վորոշիլովը փառասեր էր և Ստալինը հմտորեն օգտվում էր այդ թերությունից։ Վորոշիովի մասին լեգենդներ էին հյուսվում, ստեղծվում էր «բանվոր-հրամանատարի» հատուկ պաշտամունք։ Ռազմածովային ժողկոմ նշանակվելուց արդեն մեկ տարի անց ի հայտ եկան նրա առաջին կենսագրականները[32], պոեմներ և երգեր էին նվիրվում նրան։
Վորոշիլովի բազմաթիվ կենսագրականների վերաբերյալ Ստալինը ցուցադրական համեստությամբ ասել է․
1929 թվականի ավարտին Վորոշիլովն ի պատասխան հրատարակել է մի մեծ հոդված՝ «Ստալինը և Կարմիր բանակը» (Сталин и Красная Армия), որից էլ սկսվել է Ստալինի մասին լեգենդը՝ որպես Քաղաքացիական պատերազմի խոշոր հրամանատար և Կարմիր բանակի գլխավոր հաղթանակների ոգեշնչող, կազմակերպիչ[33]։ 1939 թվականին «Ստալինը և Կարմիր բանակի շինարարությունը» (Сталин и строительство Красной Армии) հոդվածում Վորոշիլովը գրել է․
1930-ական թվականներին Ստալինի ազդեցությունը և իշխանությունը Վորոշիլովի վրա ավելի ակնառու է եղել։ Այդ ժամանակ նա Ստալինի ամենամտերիմների շրջանակում էր և համարվում էր նրա անկեղծ ընկերը։ Նրանք ամենուր միասին էին, որսի, հանգստի գնում էին միասին։ Միասին էին Ստալինի Կունցևոյի ամառանոցում և Կրեմլի բնակարանում, Դամբարանի տրիբունայում։ Նրանք միասին հաճախ այցելում էին Մաքսիմ Գորկուն։ Մի անգամ Մաքսիմ Գորկին, երբ նրանց համար կարդացել է իր «Աղջիկը և մահը» հեքիաթը, Ստալինը գրքի վերջին էջում գրառում է կատարել․ «Սա ավելի ուժեղ է, քան Գյոթեի «Ֆաուստը» (սերը հաղթում է մահին) 11.Х.31»։ Հաջորդ էջում Վորոշիլովն իր գրառումն է կատարել․ «Իմ կողմից ասեմ, որ ես սիրում եմ Գորկիին ինչպես իմ և իմ դասակարգի գրող, որը հոգով հասկացել է մեր առաջընթացը»[8]։ Համեմատական բնութագիրՎորոշիլովը Ստալինի վրա ունեցած իր ազդեցությամբ էականորեն զիջում էր Ստալինին շրջապատող մյուս քաղաքական գործիչներին, բայց նույնքանով նրանց գերազանցում էր իր մասին հյուսված լեգենդներով։ Նա չուներ Միկոյանի խելքը, խորամանկությունը և գործնականությունը, չուներ Կագանովիչի կազմակերպչական ընդունակությունները, ակտիվությունն ու կոշտությունը, նաև Մոլոտովի գրագրական գործունյա կարողությունները և «քարե հետույքը»։ Ոչ էլ կարողանում էր Մալենկովի նման կողմնորոշվել համակարգում առկա խորամանկ բանսարկություններում։ Վորոշիլովին չէր բավարարում Խրուշչովի ջերմեռանդությունը, նա չէր տիրապետում Ժդանովի կամ Վոզնեսենսկու տեսական գիտեիքներին և նույնիսկ որպես հրամանատար նա ավելի շատ պարտություններ է ունեցել, քան՝ հաղթանակներ։ Վորոշիլովն օժտված էր առանձնակի համարձակությամբ, և որպես զինվորական նա բազմաթիվ անգամ հայտնվել է բարդ բանսարկությունների մեջ։ Սակայն գիտակցում էր իր համեստ մտավոր ունակությունները և փնտրում էր քաղաքական հովանավոր և ղեկավար։ Ռազմական գերատեսչությունը գլխավորելու համար Ստալինին հենց նման մարդ էր հարկավոր։ Եվ նման մարդու համար հեշտ էր պահպանել իր տեղը բոլոր հաջորդ ղեկավարների օրոք[8]։ Ժամանակակիցների տեսակետներ
«Կրասնայա զվեզդա» օրաթերթում իր ձերբակալությունից մեկ օր առաջ հրատարակված հոդվածում Տուխաչևսկին գրել է․
Վորոշիլովը հակում ուներ իրեն վերագրել կամ ավելորդ ուռճացնել իր ձեռքբերումները։ Օրինակ, Գրիգորևի ապստամբության ճնշման մասին խոսելիս նա գրել է․
Հետաքրքիր փաստեր1921 թվականի գարնանը Կրոնշտադտի ապստամբության ճնշումից հետո Վորոշիլովը երկրորդ անգամ էր պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով։ Կուսակցության հերթական համագումարին, երբ նա ներկայացավ կրծքին երկու շքանշան, արժանացավ Լենինի հեգնական դիտողությանը. գործնական ժողովների և նույնիսկ համագումարների ժամանակ սեփական մրցանակները ցուցադրելը կուսակցության անդամների կողմից ընկալվում էր տգեղ վարվելաձև։ Հաջորդ օրը Վորոշիլովը ներկայացավ ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկով և առանց շքանշանների։ Արևմուտքում օրինաչափ երևույթ էր սպայի պարել իմանալը, իսկ Վորոշիլովը պարել չգիտեր։ Մի քանի անգամ արտասահմանում ընդունելությունների ժամանակ անհարմար վիճակում հայտնվելուց հետո Վորոշիլովը կազմակերպեց Կարմիր բանակի հրամանատարական կազմին եվրոպական ժամանակակից պարեր ուսուցանելու գործը, որն այդքան տհաճ էր 1920-ական թվականների երիտասարդ կոմերիտականների համար[8]։ 1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների սկիզբը Վորոշիլովը ղեկավարել է Մեծ թատրոնի գործունեության ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի հանձնաժողովը։ Նա հայտնի էր որպես թատերասեր և բալետի հովանավոր[35]։ Ծանոթագրություններ
Գրականություն
|