ՄոնղոլիաՄոնղոլիա[5], դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքը ճիշտ հավասար է պատմական Արտաքին Մոնղոլիայի տարածքին։ Այն տեղակայված է Ռուսաստանի և Չինաստանի միջև և հարևան է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզին։ Մոնղոլիան չունի ընդհանուր սահման Ղազախստանի հետ, չնայած նրանց բաժանում է ընդամենը 37 կմ։ Մոնղոլիայի տարածը 1,564,116 կմ քառակուսի է և ունի ընդամենը 3,3 միլիոն բնակչություն՝ դառնալով 18-րդ խոշորագույն պետություն աշխարհում և ամենանոսր բնակեցված պետությունը[6][7]։ Այն դեպի ծով ելք չունեցող երկրորդ խոշորագույն պետությունն է Ղազախստանից հետո։ Մոնղոլիայի տարածքի շատ փոքր մասն է համարվում վարելահող, տարածքի մեծ մասը հիմնականում տափաստաններ են, հյուսիսում լեռներով և արևմուտքից հարավ գտնվում է Գոբի անապատը։ Ուլան Բատորը երկրի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 45%-ը[8]։ Այն նաև ամենացուրտ մայրաքաղաքների թվում է Մոսկվայի, Օտտավայի և Նուր-Սուլթանի հետ միասին[9][10][11]։ Բնակչության մոտ 30%-ը քոչվոր է կամ կիսաքոչվոր։ Ձիաբուծությունը երկրում շատ զարգացած է։ Երկրի հիմնական կրոնը Բուդդայականությունն է, երկրորդը մեծ խումբը անկրոններն են։ Իսլամը երկրորդ խոշոր կրոնն է, որը տարածված է էթնիկ ղազախների մոտ։ Բնակչության մեծ մասը էթնիկ մոնղոլներ են, մոտ 4%՝ ղազախներ են, տուվացիներ և այլ էթնիկ խմբեր, որոնք հատկապես կենտրոնացված են երկրի արևմուտքում։ Ներկայիս Մոնղոլիան կառավարել են տարբեր քոչվոր կայսրություններ, ներառյալ Հաննուն, Սյանբին, Ռուրանը, Առաջին թյուրքական քագանատը և այլն։ 1206 թվականին Չինգիզ խանը հիմնադրեց Մոնղոլական կայսրությունը, որը դարձավ ամենախոշոր ցամաքային տերությունը պատմության մեջ։ Նրա թոռ Կուբայ խանը նվաճեց Չինաստանը և հիմնադրեց Յուան դինաստիան։ Յուանի անկումից հետո մոնղոլները վերադարձան Մոնղոլիա և վերսկսեցին միջկլանային բախումները, բացառության Դայան խանի և Թյումեն Զագաստ խանի ժամանակաշրջանների։ 16-րդ դարում Տիբեթյան Բուդայականությունը սփռվեց Մոնղոլիայում, որը հիմնադրել էր Ցին կայսրությունը։ 20-րդ դարի սկզբին չափահաս տղամարդկանց մոտ երրորդ մասը բուդդայական վանական էր[12][13]։ Ցին կայսրության անկումից հետո 1911 թվականին Մոնղոլիան հռչակվեց անկախ՝ Չինաստանից վերջնական անջատվեց 1921 թվականին։ Դրանից շատ չանցած երկիրը հայտնվեց ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների գոտում, ինչը վերջնականապես ապահովեց Մոնղոլիայի անկախությունը Չինաստանից։ 1924 թվականին հիմնադրվեց սոցիալիստական Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը[14]։ 1989 թվականի հակակոմունիստական հեղափոխություններից հետո Մոնղոլիայում տեղի ունեցավ սեփական ժողովրդական հեղափոխությունը 1990 թվականին։ Սա թույլ տվեց Մոնղոլիային անցում կատարել բազմակուսակցական համակարգին և շուկայական տնտեսությանը։ Մոնղոլիան ՄԱԿ-ի, Ասիայի միավորված երկխոսության, Մ77-ի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի, Չմիացած երկրների շարժման անդամ է և ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր։ Երկիրը 1997 թվականին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և մեծացրեց իր մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և առևտրային խմբերում[15]։ ԾագումնաբանությունՄոնղոլիա անվանումը լատիներեինց թարգմանաբար բառացի նշանակում է «մոնղոլների երկիր»։ Մոնղոլերենով «Մոնղոլ» բառն ունի ոչ միանշանակ ծագում, հավանաբար տրվել է լեռան կամ գետի անվանումով, հավանաբար մոնղոլերեն Մոնղե-տենգրի-կալ («Հավերժ երկնային կրակ»)[16] կամ Մուգուլու տերմինից, որը գործածվել է 4-րդ դարում Ժուժանյան խանության ժամանակ[17]։ ԱշխարհագրությունՄոնղոլիան գտնվում է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000—2000 բարձրության վրա։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գերակշռում են լեռները, արևելքում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական Ալթայը (առավելագույն բարձրությունը՝ 4362 մետր Մունխ Խայրխան ուլալեռ), Խանգայը և Գոբիական Ալթայը։ Մոնղոլիայի կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հարավում և հարավ-արևելքում Մոնղոլիայի սահման է մտնում Գոբի անապատի մի մասը, որի հարավ-արևելքում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Գոբիի հարավում և հարավում արևելքում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ2) տարածություններ։ Մոնղոլիայի տարածքը մտնում է Կենտրոնաասիական համակարգի մեջ՝ Ուրալա-Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու մասն է։ Նրա սահմաններում առանձնանում են հյուսիսայինն՝ կալեդոնյան, և հարավային՝ հերցինյան ծալքավորության մարզերը։ Օգտակար հանածոներից հայտնի են քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի մոլիբդենի, ֆլյուորիտի, ֆոսֆորիտների, ոսկու, անագի, ցինկի, պիեզոքվարցի, ասբեստի, գիպսի, գրանիտի հանքավայրերը։ Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -35 °C է (նվազագույնը՝ մինչև -50 °C), հարավում՝ -10 °C։ Ամառը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18- 26 °C է (առավելագույնը՝ մինչև 40 °C)։ Տարեկան տեղումները հյուսիսում 200-300 մմ են, ծայր հարավում՝ 100 մմ-ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ է։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հյուսիսում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։ Ներքին ջրերԽոշոր գետերն են Սելենգան (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազան), Կերուլենն ու Օնոնը (Խաղաղ օվկիանոսի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 303 կմ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ2) և Խարա Ուս նուր։ Հողերը, բուսական և կենդանական աշխարհՏարածված են շագանակագույն և գորշ հողերը, լեռներում հանդիպում են սևահողեր, գետահովիտներում և լճային գոգավորություններում՝ մարգագետնային հողեր։ Մոնղալիայի կենտրոնական և արևելքում մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը (փետրախոտ, շյուղախոտ), Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը։ Անտառները (տարածված են գլխավորապես լեռներում) զբաղեցնում են երկրի տարածքի 10%-ը։ ԲնությունԿենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղները, Պրժևալսկու ձիերը, վիթերը, կուլանները, վայրի ուղտերը։ Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, սկյուռ, գորշ արջ, մարալ, որմզդեղն։ Երկրի կենտրոնական և արևելյան մասերում գերակշռում է տափաստանային և կիսատափաստանային բուսականությունը՝ փետրախոտը, շյուղախոտը, Գոբի անապատում՝ ուղտափուշը, օշինդրը, սաքսուալը։ Անտառները կազմում են երկրի 10%–ը և տարածված են գլխավորապես լեռներում։ ԲնակչությունԲնակչության թիվը 2 996 հազ․ մարդ (2012 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 1,9 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 68 տարի։ Ազգային կազմը՝ միատարր է՝ մոնղոլներ (94,9%), ղազախներ, բուրյաթներ, չինացիներ, ռուսներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 65%։ Պետական լեզուն՝ մոնղոլերեն, այլ լեզուներ՝ չինարեն, ռուսերեն։ Պետական կառուցվածքՄոնղոլիան անդամակցում է ՄԱԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր (1 221 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքները՝ Դուրխան (130 հազ․ մարդ), Էրդենետ (87 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Մոնղոլական ազգային դեմոկրատական կուսակցություն, Մոնղոլական սոցիալ–դեմոկրատական կուսակցություն, Ազգային սովորույթների միացյալ կուսակցություն, Կանաչների միություն, Մոնղոլական ժողովրդա–հեղափոխական կուսակցություն, Աշխատանքի մոնղոլական կուսակցություն և այլն։ Աղբյուրներ
|