Աղթամարի կաթողիկոսություն
Աղթամարի կաթողիկոսություն, Հայոց եկեղեցու ինքնուրույն աթոռներից մեկը։ Պատմություն1470-ական թվականներին Աղթամարի կաթողիկոսությանը ենթակա եկեղեցական վիճակների (թեմերի) բնակչությունը Աղ-կոյունլուների թուրքմենական ցեղախմբի գերիշխանության ոլորտում էր։ Գրիչներն իրենց թողած հիշատակարաններում ուշագրավ ու արժանահավատ տեղեկություններ են հաղորդում Աղթամարի աթոռին ենթակա եկեղեցաթեմերում ստեղծված կացության մասին։ Աղ-կոյունլու փադիշահ Ուզուն Հասանի (1453–1477) գահակալության տարիները բնորոշվում են իբրև դառնաղետ ժամանակաշրջան։ Ըստ 1471 թվականի Աղթամարի Սուրբ Խաչ վանքում օրինակված Ճաշոցում եղած հիշատակագրության՝ «…երկիր ամենայն երերեալ կայ և տատանեալ ի ձեռաց անօրինաց… է զմահ և զսով, զսուր և զգերութիւն»[2]։ 1474 թվականին Խլաթի գավառակի Ծղակ գյուղի մոտակայքի վանքում արտագրված Ավետարանի գրիչը վկայում է, որ նույն թվականին Ուզուն Հասանը հարձակվում է Բաղեշի վրա «…և բազում ի մարաց[Ն 1] ազգէն կոտորեաց. և Հայոց ազգիս յոյժ ողորմած է, զի գերի ոչ առնէ…»[3]: Այդ փադիշահը ջանում էր սիրաշահել քրիստոնյաներին և ձեռք բերել Վենետիկի հանրապետության զորակցությունն ընդդեմ Օսմանյան սուլթանության։ Վենետիկ ուղարկած նրա չորս պատվիրակներից Մուրատը ծագումով հայ էր[4]։ Ուզուն Հասանի օրոք Աղթամարի կաթողիկոսությունը պահպանեց իր եկեղեցաթեմերը։ Ըստ վիճելի մի վավերագրի՝ 1474 թվականի դրանք տարածվում էին «…ի Շատխոյ մինչև… փոքր գեղորայք, վանորայք և անապատերն...»[5]: Սակայն պետականության բացակայության պայմաններում դրությունը մնում էր ծանր ու օրհասական։ 1475 թվականին Վանա լճի Կտուց կղզում ձեռագիր օրինակող Խաչատուր գրիչը նշում է՝ «Չգիտեմք, թէ ինչ տի լինի Հայոց ազգիս։ Ի գայլոց միջիս շիւարեալ կանք ողորմելի…»[6]: «Ի դառն և ի վշտալից ժամանակի, յորում կամք ընդ հարկի և ընդ ծառայութեան ազգին նետողաց»[7],– գրում է 1476 թվականին Աղթամարում Հայսմավուրք արտագրող գրիչը։ Աղթամարի կաթողիկոսությունը Յաղուբ Բեկի օրոքԱղթամարի և նրա թեմերի բնակչության կացությունը շարունակում էր մնալ ծանր նաև 1478 թվականից Աղ-կոյունլուների փադիշահ դարձած Յաղուբ Բեկի օրոք։ Թեև 1481 թվականին Աղթամարի թեմերի հայ տանուտերերին հաջողվեց միջնորդել փադիշահի առջև փոքր-ինչ թեթևացնել տալով Աղթամարին ենթակա եկեղեցիների հարկերը[8], սակայն դա ևս չփրկեց դրությունը։ 1484 թվականին Աղթամարի վանքում ձեռագիր արտագրող Կարապետ գրիչն իր թողած հիշատակարանում շեշտում է` դաժան ու անհույս ժամանակը, երբ «…երկիր ամենայն երերեալ և տատանեալ կայ ի ձեռաց անօրէն ազգին նետողաց»[9][10][11][12]։ Աղթամարի կաթողիկոսությունը Ռուստամի օրոք1480–1490-ական թվականներին Աղթամար կղզին քրդական ցեղապետ Մելիք Բեկի որդու՝ Ռուստամի իշխանության տակ էր[13]։ Ռշտունիքի Շատվան գյուղում 1489 թվականին Ատոմ գրչի թողած հիշատակարանում նշվում է, որ այլակրոն իշխանությունները «...բռնադատեն զամենեսեան զմանկունս եկեղեցւոյ դառնալ ի սնոտի և ի պատիր յոյսն իւրեանց… բազում եկեղեցիս տապալեցին և զխաչ և զԱւետարան նախատեցին»[14]։ Աղ-կոյունլուների փադիշահ Բայանդուրը (Յաղուբին հաջորդած), ջանալով հնազանդեցնել քրդական ցեղերին, զորք է հանում նրանց դեմ։ Զորքին դիմակայող քուրդ բեկի զորախումբը նահանջում է Ռշտունիք գավառ՝ «...հանդէպ Աղթամարայ, և անդ զօրաժողով առնէր»[15]։ Նրան հետապնդող թուրքմեն զորապետն ավերածության է մատնում Վանի գավառը։ Հատկապես այնտեղ եղած վանքերն «...առաւել աւերեցին, զի զդարանսն գտին և զգրեանսն և զամենայն սպասք եկեղեցեացն յաւար առին»[16]։ Նույն զորապետը թեև չի հասցնում գրավել Աղթամար կղզին, սակայն Աղթամարի աթոռին ենթակա թեմերի բնակչությունը ենթարկվում է բռնությունների, կրում զրկանքներ։ Նրանից հետ չէր մնում վերոնշյալ Ռուստամ Բեկը, որի օրոք՝ «...ի դառն և ի չար ժամանակիս … բռնացեր են ի վերայ Հայոց ազգիս»[17]։ ՆշումներԱղբյուրներ
Ծանոթագրություններ
Գրականություն
|