Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն
Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկինում գոյություն ունեցած պատվիրակություն, որը կազմավորվել է 1938 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ի կոնդակով։ Հայրապետական պատվիրակներ են եղել Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938-51), Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանը (1952-1957), Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանը (1959-1978), Արգենտինայի Կորդովա քաղաքի հոգևոր հովիվ Տաթև ծայրագույն վարդապետ Ղարիբյանը (1978-1983)։ ՊատմությունՀարավային Ամերիկա մայրցամաքում հայերի առաջին խմբերը հաստատվել են դեռ 19-րդ դարում, իսկ Բրազիլիայի[1], Արգենտինայի[2] և Ուրուգվայի[3] համայնքները ստվարացել են հիմնականում հայոց ցեղասպանության արդյունքում և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից հետո։ Ամերիկահայոց թեմի (հետագայում՝ ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմ) առաջնորդ Ղևոնդ Դուրյանի սպանությունից հետո Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները բաժանվեցին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսության (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) և Լիբանանում գտնվող Կիլիկիայի կաթողիկոսության (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) հետ կապված եկեղեցիների միջև։ Դրանից որոշ ժամանակ անց որոշվում է հիմնադրել Հարավային Ամերիկայի հայկական պատվիրակությունը, որի մեջ ներառվում են ոչ միայն Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի, այլև հետագայում Չիլիի[4] հայ առաքելական համայնքները և 1920-30-ական թվականներին հիմնված եկեղեցիները՝ իրենց կից հոգևոր-մշակութային կառույցներով։ Բուենոս Այրեսը դառնում է կենտրոն, սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն՝ առաջնորդանիստ։ Նոր թափ է ստանում եկեղեցաշինությունը, որը կանգ է առնում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման արդյունքում նորակառույց կրոնական շինությունները վերջնական տեսք էին ստանում Էջմիածնի կաթողիկոսի օրհնությամբ. Ուրուգվայում կառուցված Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու ճարտարապետական հատակագծումը հանձնվում է Ռաֆայել Իսրայելյանին[5]։ 1983 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազզեն Ա-ի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի և Չիլիի, Ուրուգվայի, Բրազիլիայի թեմերի։ Վերջին պատվիրակ Տաթև ծայրագույն վարդապետ Ղարիբյանը դարձել է Բրազիլիայի թեմի առաջնորդ և պաշտոնավարել է մինչև կյանքի վերջ։ Տես նաևԾանոթագրություններ
|