Հունաստանի թեմՉշփոթել Հունաստանի հայոց թեմ հոդվածի հետ։
Հունաստանի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող միակ թեմը, որը ներկայացնում է Հունաստանում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Առաքելական հայության մյուս մասի հոգևոր կյանքը ներկայացնում է Հունաստանի հայոց թեմը, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Առաջնորդանիստը՝ Աթենքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն է։ 2022 թվականից թեմի առաջնորդն է Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը։ ՊատմությունՀունաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները մինչև 1920-ական թվականները պատկանել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը, որից հետո ձևավորվել է էջմիածնապատկան հունահայոց թեմը (Հունաստանի հայոց թեմ)։ 1958 թվականին թեմում եղել է պառակտում և թեմի եկեղեցիներն անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ 1959 թվականին Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է ոչ միայն Հունաստանի, այլև Իրանի տարածքում գործող երեք (Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի) թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է 1965 թվականի փոփոխված կանոնագրության մեջ։ Մինչդեռ թեմական քարտեզի այս վերաբաժանումները Մայր Աթոռն այսօր էլ հայտարարում է հակականոնական։ 1992 թվականին հունահայոց անթիլիսական թեմը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին սուրբ Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով, սակայն շատ արագ դիմումը ետ է կանչվել և այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել։ ԵկեղեցիներՀայկական եկեղեցիներից մի քանիսը կառուցվել են Հյուսիսային Հունաստանում՝ Կոստանդնուպոլսից Հունաստան գաղթած հայերի կողմից, որոնց մեծ մասը հաստատվել էր այդտեղ հույն-թուրքական պատերազմից (1919-1922) հետո՝ բնակչության փոխանակության ժամանակ։ 1903 թվականից Սալոնիկում գործում է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1927 թվականից Քսանթիում՝ սուրբ Աստվածածինը, 1932 թվականից Կավալայում՝ սուրբ Խաչը, ավելի վաղ՝ Դիդիմոտիխոն քաղաքի սուրբ Գևորգը։ Ավելի վաղ՝ 1834 թվականին, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոմոտինի քաղաքում։ Աթենքում 1900 թվականին կառուցվել է հայկական մատուռ, 1933 թվականին սուրբ Գրիրգոր Լուսավորիչ տաճարը, 1921 թվականին սուրբ Հակոբը, 1922 թվականին փայտաշեն սուրբ Կարապետը, իսկ 1992 թվականին նույն անունով այլ վայրում քարե շենք է կառուցվել։ 17-րդ դարի վերջին հայկական եկեղեցի է հիմնադրվել նաև Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում (սուրբ Հովհաննես Կարապետ), որը, սակայն, ենթարկվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը։ Նախքան 17-րդ դարը այն պատկանել էր Վենետիկի հանրապետությանը (1205-1669) և կոչվում էր սուրբ Գևորգ, իսկ օսմանցիների կողմից կղզու գրավումից հետո տրվել էր հայերին։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|