Յոթնփորակյան Բագինք
Յոթնփորակյան Բագինք, գրաբար՝ Եօթնփորակեան Բագինք, Մեծ Հայքի Փայտակարան նահանգի նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնը եղել է համանուն քաղաքը, իսկ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Անվանում«Յոթնափորակնյան բագինք»-ի մասին դեռևս 5-րդ դարում հիշատակում է Ագաթանգեղոսը, 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացին: Նույն անունն ուներ նաև այդ գավառի կենտրոնում գտնվող հեթանոսական տաճարը, որն անվանվում էր նաև Գաբառու Բագինք։ Հայոց յոթ մեհյանների (բագինների) սրբավայր կար և Մոկք աշխարհում՝ «Յոթ խորան» (յոթը դիցերն իրենց համապատասխանող յոթ մոլորակներն ունեին): Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում այն վերածվել էր Գաբառու վանք անունով մի վանական համալիրի Գրիգոր Լուսավորչի կողմից, և ուներ իր շուրջ մի ընդարձակ պարիսպ։ Որոշ տեղեկություններով Գաբառու վանքը գոյատևել է մինչև Լենկթեմուր զորավարի արշավանքները Հայաստան։ Այն ներկայումս գտնվում է Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Սեմյոնովկա (Ղըզըլքենդ) բնակավայրում (39°43'46"N 48°6'39"E)։ ԱշխարհագրությունՅոթնփորակյան Բագինքը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Արևելքում, հարավ-արևելքում և հարավում սահմանակցել է Հրաքոտ-Պերոժ, հարավ-արևմուտքում՝ Վարդանակերտ գավառներին, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի հունով՝ Ուտիք նահանգի Ռոտ-Պացյան գավառին։ Ունի հարթավայրային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար, քանի որ դրա տարածքով էր անցնում Արաքսի դելտան՝ նախքան դրա հունի փոփոխումը և Կուրի վտակ դառնալը։ Որպես գավառ՝ իր սահմաններով հեռու է Կասպից ծովից, քանի որ ջրերի մակարդակի իջոցման հետևանքով ցամաքն ընդլայնվել է։ Տարածքով է անցել Վարդանակերտ և Փայտակարան քաղաքները իրար կապող ճանապարհը։ Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Սաաթլիի շրջանին և Իմիշլիի շրջանի մի մասին։ ՊատմությունԳավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարբեր աղբյուրներում նշվում է որպես Վարդանակերտ գավառի մի մաս։ Զրադաշտականության շրջանում եղել է հայոց աշխարհի հիմնական սրբավայրերից մեկը, որտեղ տեղակայված էր յոթ աստվածների (Արամազդ, Անահիտ, Վահագն, Տիր, Միհր, Աստղիկ, Նանե, Սպանդարամետ) գլխավոր տաճարներից մեկը։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։ Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։ Գրականություն
|